ՆՓԱԿ-ում մինչեւ հոկտեմբերի 30-ը Սոնիա Պալասանյանի տարեկան խմբական` «Բազմաշերտ ինքնություն եւ հասարակական կառույց» խորագիրը կրող ցուցահանդեսն է, որտեղ յուրաքանչյուր ակտուալ արվեստի ներկայացուցիչ պարզապես հայտնում է կամ հանդգնում է հայտնել իր քաղաքացիական դիրքորոշումը, բողոքը, ընդվզումը:
Երկրորդ հարկում` մութ ցուցասրահ մտնելուց նախ լսում ես էկրանից եկող ձայն, որն անընդհատ կրկնում է` ես մարդ եմ: Պտտվում ես եւ տեսնում էկրանից ժպտացող Արտակ Նազարյանին` երկու երեխա գրկած, իսկ նրա անհոգ եւ երջանիկ նկարի վրայով ուղղակի վազում են տողերը (տեքստը մեկ օրում է գրվել), որոնց ամեն մի բառ, տառ, մասնիկ հուզական է եւ ունի իր նշանակությունը` «ես չհասցրեցի ինձ նման ապրել, որովհետեւ»...
Ստեղծագործության հեղինակը Գագիկ Ղազարէն է: Գագիկ Ղազարէի խոսքերով` ինքը չի փորձել արվեստի ստեղծագործություն անել, սա ավելի շատ իր ներկայության, իր ապրելու խնդիրն է: Ըստ նրա` ամենակարևոր խնդիրը մարդն է, մարդու արժևորումը այս հասարակության մեջ. «Ես առհասարակ կգերադասեի չխոսել այս մասին: Ես արել եմ այն, ինչ զգացել եմ, եթե չանես, պարզապես չես կարող շարունակել, այս միջավայրի մեջ ապրել: Ծովինարն իմ մտերիմ ընկերներից է, իսկ Արտակին մեկ անգամ եմ հանդիպել ՆՓԱԿ-ում»:
Գագիկ Ղազարէի խոսքով` երբ իմացել է այդ բոթը` «ինքնասպանության» վարկածի տակ, միանգամից հասկացել է` ինչ է տեղի ունեցել, քանի որ լավ գիտի այս հասարակության, պետականության բարոյակարգը, աշխահակարգը. «Ես չեմ հավատում, որ Արտակը ինքնասպան լիներ, ինձ համար շատ կարևոր է Արտակի մոր ասածը` իմ տղան չէր կարղ ինքնասպան լինել, որովհետև հավատացյալ է», նշեց Գագիկ Ղազարէն: Արվեստագետի խոսքով` այսօր չկա իշխանություն և անհատ կապը, և այն կեղծ քարոզչական ապարատը, որն անընդհատ խոսում է քո տեսակի բացառիկության ու արժեւորման մասին, ու հետո դու քո ռեալ կյանքում պատահում ես այսպիսի դեպքերի, արդեն դու չգիտես` ինչ համակարգի, աշխարհակարգի մեջ ես ապրում: Ուստի, նշում է արվեստագետը, մեր մեջից ագրեսիան պետք է հանենք, որ այսպիսի դեպքերի չբերի հանգեցնի:
Գագիկ Ղազարէի խոսքով`կեղծ սրբացում է գնում`բանակի մասին ոչ մի վատ բան չասել, որովհետև բանակը մեզ համար գերագույն արժեք է: «Այո', ոչ ոք չի ժխտում որ արժեքավոր է, սակայն երբ խոսքը գնում է սպայի սպանության մասին, դա արդեն հենց ինքը` բանակն է, այդ պատճառով կրկնակի է վիրավորվել իմ` քաղաքացու, շարքային զինվորի արժանապատվությունը, որ իմ քաղաքացու, սպայի հանդեպ այդպես են վարվել», ասաց նա`ավելացնելով` եւ ուրեմն գործն ինձ համար այս պարագայում պատասխանատվության ներկայություն է:
Տեքստում հատկապես հուզիչ են` Ես չեմ մոռանա ձեզ, դուք կկարողանա՞ք մոռանալ ինձ. Դժվար...դժվար...դժվար....Արտակ, բայց իսկապես քեզ մոռանալը դժվար է:
Գագիկ Ղազարէ. Երեւան, Օգոստոս 2010
Ամեն օր` 24 ժամ
00:00
ես առիթ չունեցա ապրել իմ նման, բայց կարող էի
հետո…
ես չհասցրեցի իմ նման ապրել, որովհետև
իմ նմանն ավելի դժվար էր, քան կարող էի պատկերացնել
ես չհասցրեցի հասկանալ
ես ժամանակ չունեցա, իմ ժամանակը քիչ էր, ես չգիտեի
01:00
ես մտածում էի իմ սենյակների մասին, դա հետո,
սկզբում ես հասունանում էի
իմ հասունանալը ճանապարհ էր
ես քայլում էի անմշակ ճանապարհով,
իմ պես հարյուր հազարավորների նման
ես միջին խավի սահմանաեզրին գտնվողներից էի, ես դա հետո հասկացա
սկզբում ինձ վարակեց եղբայրության, ազատության, հավասարության կեղծիքը
02:00
ես հավատում էի կյանքի ուժին
դրա անունը պատանեկություն է
հիմա էլ եմ հավատում
03:00
ես ոչ մի օր չճամփորդեցի աշխարհի ջրերում,
չկանգնեցի նավեզրին ու չտեսա իմ սիրելի դելֆինների լողը
ես միշտ կկարոտեմ նրանց, չհասցրեցի գիտակցել, որ վերջանում եմ,
չհասցրեցի վերջին ժպիտս փոխանցել սիրելիներիս
դելֆիններ, ծիծեռնակներ
04:00
ծովի ջուրը աղի է, ծով արցունքներ նվիրեցի սիրելիիս, որ չէի ուզել
եթե կարողանայի մեկ ուրիշ աչքով ապրել, չէի կարող
ես չէի կարող լինել բլոճների նման, ես չէի ծնվել որպես միջատ,
ես ճակատագիրն էի, իսկ ճակատագիրն ավելին է
դելֆիններ ու ծիծեռնակներ
05:00
իմ ժամանակը հատեց ճիշտ այն պահին, երբ ես ուզում էի թռչել
թռիչքը մնաց երազում, բարձր գագաթներից թեթև աղավնաթռիչքով
իջնում եմ մեր շենքի տանիքին ու զարմանում, որ
ներքևում մարդիկ հողին գամված են, ծիծաղում եմ
թռչելը հեշտ է, մի վախեցեք, ոչ մի բան չի լինի
չէ, մարդիկ սիրում են քայլել, թռչելը նրանց բանը չի
06:00
նախորդ օրը երազ տեսա
հիմա, երբ մտաբերում եմ երազիս մանրամասները,
գլխի եմ ընկնում, թե ինչու, բայց արթնացա ու ոչինչ
երազս կանխորոշում էր ապագան, ես պատրաստ չէի
07:00
ես չգիտեի մարդկային ստորության սահմանը
ես դեռ չէի կորցրել հավատի մանկամտությունը
հավատում էի արևի ջերմությանն ու հողի իմաստությանը
պարզվեց դրանք փուչ բառեր են
08:00
ինչու էդպես եղավ, չգիտեմ, որքան հնարավոր է զգուշացա
իմ մայրն ինձ հիշում է ամեն օր, ես չեմ կարող նրան մխիթարել
ինչու էդպես եղավ, հիմա գիտեմ.
մարդու հանցանքը սկսվում է ստորության բացիլներից
բայց, արդեն ուշ է
09:00
թիկունքից հարվածել
անզուսպ արհամարհանք կյանքի հանդեպ
ինչ տարբերություն ծառ ես հատում, թե աքլոր զգետնում հանուն աստծո
նրանք անցան կյանքի սահմանը, ինչպես կարողացան խլել իմը
չէ որ դա իրենցը չէր
դելֆիններ ու ծիծեռնակներ
10:00
ես չեմ մոռանա ձեզ, դուք կկարողանա±ք մոռանալ ինձ
դժվար…
դժվար…
դժվար…
ես տաքարյուն ծիծաղ ունեմ, դուք դա չեք մոռանա
11:00
մի անգամ զանգեցի քրոջս…
մենք կարոտեցինք մեզ, պարզվում է կարոտելու շատ բան ունենք
ինչն եմ ափսոսո՞ւմ, քիչ խոսեցինք, կարող էինք ավելին խոսել, բայց չգիտեինք
ես ու քույրերս երկար ծիծաղեցինք
ծիծաղելը լավ բան է
12:00
մի երեխայի եմ հիշում, որ իրենց տան բակում խաղում էր տիկնիկների հետ
նա զբաղված էր մարդ դաստիարակելու մեծահասակների ամենօրյա հոգսերով
չգիտես ինչու տիկնիկները վիճում էին, իսկ երեխան ձգտում էր հաշտեցնել նրանց
նա անընդհատ կրկնում էր. մի վիճեք, մի վիճեք, մի վիճեք
այդ փոքրիկ շատախոսը իմ քույրն էր
13:00
մայրս լացում է, մայրս լացում է թաքուն, մայրս լացում է
երազն էլ չկա, սպասում, անընդհատ սպասում
մայրս լացում է թաքուն, նա կորցրել է իր երազը
ոչ ոք չի կարող փարատել նրա կորուստը
դելֆիններ ու ծիծեռնակներ
14:00
ծովի աղի ջրերում ապրում են դելֆիներն ու կետերը
բայց կյանքն այնտեղ անվտանգ չէ
ծովի աղի ջրերի երեսին լողում են մարդիկ
մարդիկ հողին կիպ են ու չգիտեն թռչել
դելֆիններն ուրիշ են, մարդիկ ուրիշ
15:00
ես լողում եմ, օդը թարմ է,
հավատա, կգա հատուցման ժամը
ես լողում եմ ու ներում իմ դահիճներին, որովհետև նրանք մարդ են
իսկ մարդիկ հողին կպած, անթև արարածներ են
նրանք չեն կարող օդում լողալ
ես լողում եմ
16:00
դա եղավ ամռանը, վարդավառից հետո, մենք հասցրել էինք ջրի հետ խաղալ
լեռներում ջուրը սառն է, մենք մաքրագործվել էինք սառնորակ ջրերով
ափսոս, շատ ափսոս, մենք կարող էինք վայելել գիշերվա պաղ օդը
ԿՅԱՆՔԸ ՍՏՈՐԱԴԱՍՎԵՑ ՄԱՀԻՆ, որքան շատ են սիրում մահը
17:00
կգա նոր աշուն, ամպերը կորոտան ինչպես մեկ տարի առաջ
կգա հորդ անձրև ու մեր սահմանաեզրը կլվա ցեխաջրով
հողը կմաքրվի ու չի մաքրվի
դուք կանցնեք
մի քանի դար անց նույն ցեխաջուրը կգա
դուք կանցնեք, ցեխաջրի հետ կգնաք
բայց ձեր զավակները…
18:00
մորս արցունքի հատիկները չեք տեսնի
չեք տեսնի հորս ուսերի կոտրվածքը
հոգնությունը քույրերիս կմնա նրանց մարմնում
դուք ձեր դժբախտության տերն եք ու ծառան
ապաշխարհում են արժանավորները
դուք դա չեք, իսկ ձեր զավակները±…
19:00
կենաց ծառը չի կարելի հատել, որովհետև ոչ ոք նրա տերը չի
կյանքի ավիշը Նեղոս գետն է, որ սնում է փարավոնների մումիան
կյանքն ինքն Արածանին է, որից ծարավն են հագեցնում բոլոր արարածները
կացինը մարդ ստեղծեց, որ գազանը մարդկայնանա
ես վստահ էի, որ իմ զավակը մարդ կլինի
իմ զավակը…
20:00
իմ միտքը սավառնում էր եզրերից դուրս, ես վարժ էի մտածելուն
թիկունքից որևէ ապերախտի դավադրություն չէի ենթադրում
մինչդեռ բորենին ամենուր է, մանկան պես լացող, նսեմ ու խառնաբարո բորենին
առյուծները զզվում են դրանցից,
առյուծները դրանց ապտակում են…
21:00
իմ աչքերում սառել է ձեր աչքերի ցնորքը, ոճիր…
հետո վախի փոշին սողոսկեց ձեր երակներից ներս ու դողացիք
խավարը համբուրեց ձեր շուրթերը
ակընթարթը կանգնեց
կյանքը կանգնեց
դուք ստացաք ձեր առնելիքը
իսկ ձեր զավակնե՞րը…
22:00
դելֆիններ ու ծիծեռնակներ
23:00
ձմռան նախօրեին ծիծեռնակները երկար օղակներներով պտտվում են իրենց բների շուրջ
կապույտ, սառը երկնքից տարածվում է նրանց սվվոց-երգը, դա հրաշալի է
ծիծեռնակները հրաժեշտ են տալիս քաղաքին ու մարդուն, ավարտը չուն է
նրանք պտտվում են, պտտվում են, պտտվում են, պտտվում
ու պտույտների հետ անընդհատ աղմկող սվվոցը արձագանքվում է, բախվում քաղաքի պատերին
մեկ մոտենում է, մեկ հեռանում, վերածվում է ծովի ալեբախության
շրջանը մի կետից բացվում է ու ստանում սլացիկ ձև
նրանք դանդաղ հեռանում են մայրամուտի շիկացած կարմիրի մեջ…
մեր տան պատշգամբից դա շատ լավ է երևում
24:00
ի՞նչն է գերադասելի, լինել մարդ, թե անասուն…
ՀԳ
դելֆիններ ու ծիծեռնակներ…
http://www.lragir.am/index/arm/0/society/view/38334
No comments:
Post a Comment