Պետք է հարգել տուժողի ցավը
Օգոստոսի 22–ին ժամը 14-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել է Արտակ Նազարյանի գործով դատական առաջին նիստը: Այն հնարավոր էր անցկացնել Տավուշի մարզի երեք քաղաքներում` Բերդ, Իջևան և Դիլիջան, որտեղ առկա են դատարաններ, սակայն ընտրվել է ամենահեռավորը` Բերդ քաղաքը, ուր հասնելու համար միայն անհրաժեշտ է ավելի քան հինգ ժամ:
Առաջին դատական նիստում, ըստ ամենայնի, դատարանը քննության կառնի տուժող կողմի միջնորդությունը` գործի քննությունը Երևանի տեղափոխելու վերաբերյալ: Ըստ գործող օրենքի, քրեական գործի տարածքային ընդդատությունը կարող է փոխվել բոլոր մեղադրյալների հմաձայնությամբ, եթե տվյալ գործին մասնակցող անձանցից շատերը բնակվում են տվյալ դատարանի տարածքից դուրս, այս դեպքում հարցը կարգավորում է գործը քննող դատարանը, իսկ եթե կողմերի համար ընդատության հարցը վիճելի է, ապա <առաջին ատյանի դատարանի ընդդատության մասին վեճերը լուծում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը>:
Մեզ հասած տեղեկություններով մեղադրյալները և նրանց հարազատները նույնպես կողմ են գործի քննությունը անցկացնել Երևանում: Փաստաբան Սեդա Սաֆարյանն ասում է, որ գործի քննությունը Երևանում անցկացնելը մի շարք նկատառումներով ձեռնտու է բոլոր կողմերին` նշելով նաև մեղադրյալներին, ովքեր Տավուշի մարզում դատաքննությունն անցկացնելու հետ կապված խնդիրներ կարող են ունենալ նիստերի ձգձգման ու տեղափոխման հարցերի հետ կապված:
Սակայն փաստաբանը առանձնացնում է տուժող կողմի ծանր հոգեբանական վիճակը:
<Առաջին հերթին ինձ մտահոգում է տուժողի վիճակը, որը բնականաբար չի ուզենա գնալ մի տարածք, շրջապատվել մարդկանցով, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են Արտակ Նազարյանի մահվան հանգամանքներին կամ իրենց հանցավոր անտարբերությամբ ու թողտվությամբ թույլ են տվել, որ նման հետևանք առաջանա>, ասում է փաստաբանը:
Բնական է, որ դատարան կներկայանան վկաներ նույն զորամասից, մասնավորապես, զորամասի պաշտոնատար անձինք, ովքեր տեղյակ են եղել Արտակ Նազարյանի նկատմամբ տևական ժամանակ իրականացվող բռնությունների մասին և որևէ կերպ չեն արձագանքել: Փաստաբանը ծանր հետևանքի առաջացումը բացատրում է զորամասի պաշտոնատար անձանց , ընդհանուր իրավիճակի և խմբակային շահի տեսանկյունից:
<Պետք է հարգել տուժողի ցավը և տեղափոխել գործի քննությունը Երևան: Սա էլ է օրենքի, օրինականության ու մարդասիրության սկզբունքների դրսևորում>:
Տուժող կողմին պետք է հնարավորություն տրվի լիարժեքորեն օգտվել արդյունավետ պաշտպանության իրավունքից`իրենց որդու իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու առումով: Անշուշտ, բոլոր կողմերին համար պետք է ստեղծվի հավասար հնարավորություններ, սակայն պետք առաջնահերթ հաշվի առնել տուժողի հոգեբանական վիճակը և այս առումով առավելություն տալ տուժող կողմին:
Պետք է հաշվի առնել նաև Արտակ Նազարյանի գործի քննության հետ կապված հասարակական մեծ հետաքրքրությունը և այն, որ շատերը կուզենային մասնակցել այս դատաքննությանը: Ի վերջո գործի քննությունը Երևանում անցկացնելը ձեռնտու է նաև նախաքննական մարմնին.
<Եթե գտնում են, որ մեղադրանքը հիմնավորված է և գործի ապացույցներն էլ բավարար են ներկայացված մեղադրանքնրը գնահատել այնպես, ինչպես իրենք են գնահատել, ապա շատ ցանկալի է, որ հասարակությունը մասնակից դառնա այս դատաքննւթյանը և ձևաորի իր ներքին համոզմունքը: Շատ ցանկալի է, որ ստեղծվի այնիսի պայմաններ, որ կարողանանք այս գործի քննությունը ճիշտ հունով տանել, իսկ դրա համար ամենանպատակահարմարը դատաքննությունը Երևանում անցկացնելն է>, պնդում է փաստաբանը:
Հասարակական մեծ հնչեղություն ունեցող այս գործի հրապարակային և թափանցիկ քննությունը մեծ ներգործություն կարող է ունենալ նախաքննական կամ դատաքննական փուլում գտնվող այլ զինվորական գործերի դատական ելքի վրա և այս առումով դատարանը պարտավոր է ապահովել հնարավորությունը դատաքննությունն անցկացնել Երևանում:
No comments:
Post a Comment