Friday, November 18, 2011

Բանակն իր ողջ հմայքով. ՉԻ

18.11.2011 22:26 Գ. Արամյան

Մարդակերների ոհմակը

Բանակն իր ողջ հմայքով

Երեկ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առաջին արտագնա նիստը սպա Արտակ Նազարյանի մահվան գործով։
Այս դատավարությունը ընթանում էր Բերդ քաղաքում։ Նիստերը, սակայն, հաճախ հետաձգվում էին։ Նազարյանի հարազատների առաջարկը` նիստերը Երեւանում անցկացնելու մասին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը ընդունել էր։ Բայց որոշում էր կայացրել արտագնա նիստեր անցկացնել Երեւանում իր իսկ նախագահությամբ։
Արտակ Նազարյանը Տավուշի մարզի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբ» զորամասի հսկողությանը հանձնված «Ղոզլու» կոչվող մարտական հենակետի ավագն էր։ Նա մահացել է 2010թ. հուլիսի 27-ին։ Նախաքննության համաձայն, 30-ամյա լեյտենանտը ինքնասպան է եղել եւ նրան ինքնասպանության են դրդել այժմ կալանավորված 5 ծառայակիցները` 3 զինվոր եւ 2 սպա։
Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը դատարանում կարդալով մեղադրական եզրակացությունը` նշել է, թե Արտակը ինքնասպանության է դիմել, որովհետեւ նրան պարբերաբար ծեծել ու ստորացրել են։
Մինչդեռ, ինչպես Արտակ Նազարյանի իրավահաջորդն ու իր ներկայացուցիչը, այնպես էլ 5 ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները հայտարարել են, որ համաձայն չեն մեղադրանքի հետ։ Ամբաստանյալներից լեյտենանտ Վահագն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ` մեղադրանքը որակելով «կեղծ ու շինծու». «Ես ինձ մեղսագրված արարքները չեմ կատարել, ոչ մեկի նկատմամբ բռնություն չեմ կիրառել»։
Կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպանը` Հրանտ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ նախաքննությունը խախտումներով է կատարվել, 5 ամբաստանյալներն էլ պարզապես քավության նոխազ են դարձել. «Եթե քննությունը կատարվեր լրիվությամբ ու բազմակողմանիությամբ, իմ պաշտպանյալի արարքը կորակվեր այլ կերպ, լույս կսփռվեր Նազարյանի մահվան հանգամանքներին։ Որովհետեւ քրեական գործով նախաքննությունը կատարվել է միայն զինվորական ոստիկանության կողմից ուղարկված բացատրությունների շուրջ։ Սա նշանակում է, որ այդ վարկածն արդեն կանխորոշված ուղարկվել է»,- ասել է փաստաբանը։
Իր հերթին Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն էլ հայտարարել է, որ Նազարյանին պարզապես սպանել են. «Մենք համոզված ենք, որ իրենք (ամբաստանյալները) ինքնասպանության չեն հասցրել Նազարյանին, որովհետեւ Նազարյանին սպանել են)», - հայտարարել է Մարտիրոսյանը։ Վերջինս համոզված է, որ այս գործով հանցագործություն են կատարել նաեւ նախաքննությունը իրականացրած մարմինը` ՀՀ ՊՆ քննչական վարչությունը եւ ՀՀ զինդատախազությունը. «Ի՞նչ է արել նախաքննությունը` ոչնչացրել է իրեղեն ապացույցները, կեղծ արձանագրություններ է կազմել»,- ասել է նա` հավելելով, որ դեպքից 6 ժամ առաջ Արտակ Նազարյանին ծեծել եւ խոշտանգել են, իսկ նախաքննական մարմինը հաշվի չի առել դա։
Այսքանից հետո երկու կողմերի միջնորդությունները` գործը կրկին ուղարկել համալիր նախաքննության, դատավորը` Սամվել Մարդանյանը, մերժել է` հիմք ընդունելով մեղադրող Հարություն Հարությունյանի առարկությունները։ Ընդ որում, տուժողի իրավահաջորդները միջնորդել էին, որ ոչ թե գործը պետք է վերադարձվի նույն մարմին, այլ քրեական նոր գործ հարուցվի` արդեն սպանության մեղադրանքով։
Հարություն Հարությունյանը հայտարարել է, որ նախաքննական մարմնի թույլ տված բացթողումները կարելի է լրացնել դատական պրոցեսի ընթացքում. «Ի՞նչ իմաստ կա գործը նախաքննական փուլ վերադարձնել, որտեղ հրապարակայնության սկզբունքը չի գործում այնպես, ինչպես դատարանում»,-ահա այսպիսի հիմնավորում է բերել մեղադրողը։
Նրա այս հայտարարությունից հետո թե տուժող, թե մեղադրվող կողմերը դատախազին բացարկ են հայտնել, որը, բնականաբար, մերժվել է։
 Բացարկ է ներկայացվել նաեւ դատավորին, որը կքննարկվի հաջորդ դատական նիստում։ Այն կկայանա նոյեմբերի  23-ին։
Հ.Գ. Օրերս ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը Հանրային հեռուստաընկերության եթերից հայտարարեց, թե իրենք անհանդուրժող են այն մարդկանց նկատմամբ, «ովքեր ուզում են փնովել բանակը, զրոյի հավասարեցնել մեր աշխատանքը, ընդ որում, այնպիսի մարդիկ, որոնց որոշ մասը բանակում չի ծառայել։ Այդ դեպքում ես այսպես եմ արտահայտվում` իսկ դատավորները ովքե՞ր են, իսկ դուք ո՞վ եք, որ կարող եք մեզ դատել։ Մեզ կարող են դատել մասնագիտացած, մեզ հետ աշխատանքով թրծված մարդիկ»։
Հարց Սեյրան Օհանյանին. հիմա ո՞վ է փնովում բանակը` այն մարդի՞կ, ովքեր փորձում են բանակում տեղի ունեցած հանցագործության գործով արդարության հասնել, թե նրանք, ովքեր պարտակում են դա։ Արդյո՞ք խեղկատակություն չէ այն դատավարությունը, որտեղ տուժող եւ ամբաստանվող կողմերը ոչ թե իրա՛ր հետ խնդիր ունեն, այլ` մեղադրող կողմի։
Հաջորդ հարցը. ո՞վ կարող է ձեզ դատել։ Ձեր տրամաբանությամբ` մարդիկ, որ գոնե բանակում ծառայել են։ Այդ դեպքում ի՞նչ գործ  ունի ձեր կողքին որպես «ռազմական հոգեբան»  հանդես եկող Դավիթ Ջամալյանը։ Ոնց որ թե բանակում չի ծառայել։ Հանկարծ չասեք, թե պարբերաբար առաջին գիծ է գնում, Ղարաբաղում իրեն տեսնող է եղել եւ «նոտարով» հաստատված այլ հիմքեր։ Եվ չասեք, թե մարդը կրթություն էր ստացել, ասպիրանտուրա եւ այլն։ Արտակ Նազարյանն էլ էր կրթություն ստացել, կարող էր եւ չգնալ որպես սպա ծառայելու, բայց գնացել է։ Հիմա ո՞վ խոսելու տեղ ունի։
Եվ վերջապես, կանայք էլ չեն ծառայում բանակում։ Այսինքն, իրենք էլ բանակից առանձնապես չպետք է խոսեն։ Բայց օրերս պարգեւատրել եք «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանին։
Եզրակացություն. մեր բանակի մասին կարելի է խոսել, եթե խոսքիդ մեջ բացակայում է քննադատությունը։ Թեկուզ լինես դասալիք, թեկուզ ծառայած չլինես, կարեւորը վերադասին  օգտակար լինես։ Սա՞ է բանակի ռազմահայրենասիրական ոգու բանալին։

No comments:

Post a Comment