Բոլորը, բացի դատախազից. տեսանյութ
Այսօր Երեւանում առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ լեյտենանտ Արտակ Նազարյանի գործի քննությունը, որը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության ներքո է, սակայն որպես արտագնա նիստեր դրանք տեղի կունենան Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Այստեղ լրագրողներն ու «Բանակն իրականում» խմբի ակտիվիստները հնարավորություն ունեցան մասնակցելու դատական նիստին:
Պաշտոնական վարկածի համաձայն` Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել, իսկ նրան ինքնասպանության դրդելու համար մեղադրանք է առաջադրվել նրա 5 ծառայակիցներին: Արտակ Նազարյանի հարազատները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով` ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում:
Մեղադրյալ Հակոբ Մանուկյանի դատապաշտպան Հրանտ Գեւորգյանն այսօր դատարանին միջնորդեց գործն ուղարկել նախաքննության, քանի որ գտնում է, որ մեղադրանքն արհեստածին է, եւ գործի քննությունը կատարվել է ոչ լիարժեք: «Ծառայակիցների միջեւ ծագած վեճը բավարար պատճառ չէր ինքնասպանություն գործելու համար: Ինքնասպանության մեջ ոչ ոք մեղավոր չէ»,- գտնում է դատապաշտպանը, ով չի բացառում, որ Արտակ Նազարյանին սպանել են:
Իսկ Արտակի հարազատները ոչ միայն չեն բացառում, այլեւ համոզված են դրանում: Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, դատարանում հայտարարեց, որ քրեական գործը պետք է ուղարկել ոչ թե նախաքննության, այլ նոր քրեական գործ պետք է հարուցվի սպանության եւ ոչ թե ինքնասպանության փաստի առթիվ, իսկ նախաքննական մարմինը եւս պետք է պատասխանատվության ենթարկվի:
«Բազմաթիվ հանցագործ արարքներ են թույլ տրվել, ուստի գործի քննությունը չպետք է հանձնարարել Պաշտպանության նախարարության քննչական բաժնին»,- կարծում է զոհված զինծառայողի մայրը:
Դատավարության բոլոր կողմերը, բացառության մեղադրող զինդատախազ Հարություն Հարությունյանի, գտնում են, որ քրեական գործը թերի է քննված եւ պետք է ուղարկվի վերաքննության: Դատախազն իր խոսքում նշեց, որ եթե կան դատավարական բացթողումներ, ապա դրանք հնարավոր է լրացնել հենց դատարանում եւ ոչ թե ուղարկել նախքաննական մարմնին, որտեղ հրապարակայնության հնարավորություն չի լինի:
Դատավոր Սամվել Մարդանյանը մերժեց գործը նախաքննության ուղարկելու միջնորդությունը: Տուժողի ներկայացուցիչը դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացեց, որը եւս մերժվեց դատավորի կողմից: Այնուհետեւ տուժողի ներկայացուցիչը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավորին:
Դատավորը մտավ խորհրդակցական սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Կողմերի կարծիքները դիտեք «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության պատրաստած տեսանյութում:
No comments:
Post a Comment