Wednesday, December 14, 2011

Դատավոր Մարդանյանը նյարդայնանում է (Lragir)

  • Ներքին կյանք - 14 Դեկտեմբերի 2011, 19:48
 Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կողմերը շարունակում էին հարցեր տալ Արտակ Նազարյանի մահվան հիմնական վկա, Ղոզլու հենակետի խոհարար Մնացականյանին: Սակայն բաց մնաց հիմնական հարցը` թե ինչու զինծառայող Մնացականյանին չեն զորացրում, այն դեպքում, երբ նա զորակոչվել է 2009 թվականի դեկտեմբերի 4-ին, իսկ այսօր արդեն 2011 թվականի դեկտեմբերի 14-ն է:

Տուժողի ներկայացուցիչների փորձերն այն պարզելու ձախողում էր դատավոր Մարդանյանը: Նա հանեց վկային ուղղված հարցը` «Ինչի՞ համար քեզ «գուբախտ» նստեցրին և ե՞րբ»: Մուշեղ Շուշանյանը բողոքեց, որ դատավորի գործողությունների դեմ, որը թույլ չի տալիս կողմին ստուգել իր մոտ եղած տեղեկությունները:

Միայն այս հայտարարությունից հետո Մարդանյանը թույլ տվեց վկային պատասխանել հարցին: Ըստ Արման Մնացականյանի, ծառայության ընթացքում ինքը երբևիցե կարգապահական տույժի չի ենթարկվել, կալանատուն, կամ պատժախուց չի տեղափոխվել, որևէ նկատողություն հրամանատարներից չի ստացել: Մինչդեռ Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը պատմել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին, որ օրերս ՊՆ նախարարի հետ հանդիպման ժամանակ հարցրել է նրան, թե ինչու վկա Մնացականյանը չի զորացրվում:
Նախարար Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ իրեն զեկուցել են, որ Արման Մնացականյանը պահվել է պատժախցում, և որ օրենքով այդ ժամկետը ավելացվում է զինվորի ծառայության ժամկետին: Եթե վկան դատարանում չի ստում, ապա ստացվում է, որ նախարարին թյուրիմացության մեջ են գցել:
Պարզաբանումներ խնդրեցինք Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանից: Նա ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե արդյոք նախարար Օհանյանն ասել է նման բան Տիգրան Օհանջանյանի մորը, բայց Զինվորական ծառայության անցնելու մասին օրենքի համաձայն, Պաշտպանության նախարարն առանձին դեպքերում իրավունք ունի մինչև մեկ ամիս երկարաձգելու ժամկետային զինծառայողի ծառայության ժամկետը:
«Տվյալ դեպքում քրեական գործ է հարուցված, նա որպես վկա է ներգրավված, գուցե քննչական վարչությունն է եզրակացություն տվել: Բացառված չի, որ առաջիկա օրերին նա զորացրվի»:
Պետք է նկատել սակայն, որ արդար դատաքննության շահը պահանջում է, որ վկան կաշկանդված չլինի այն օրերին, երբ նա դատարանում ցուցմուքներ է տալիս, ոչ թե դրանից հետո: Այսօր դատարանում պարզվեց, որ վկա Արման Մնացականյանը չի հասկանում, թե ինչ բառեր է օգտագործել իր իսկ ցուցմուքներում:
«Ձեր ցուցմուքներում գրված է ֆուֆլո: Ի՞նչ է նշանակում ֆուֆլո», - հարցրեց տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը, բայց Արմանը չկարողացավ բացատրել: Նա չգիտեր նաև, թե ինչ է նշանակում «գերակայություն», չէր կարողանում ցույց տալ իր «ձախ նախաբազուկը»` այս օրգանի անունը նույնպես կա նրա տեքստերում:
«Նախաքննական ցուցմունքներին կանդրադառնանք, երբ դրանք կհրապարակեն», - անհաջող կերպով կանգնացրեց խայտառակությունը դատավոր Մարդանյանը: Այսօր նա սովորականից խիստ էր կողմերի նկատմամբ, ավելի հաճախ էր հարցեր հանում: Նա մի քանի անգամ ընդհատեց ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Գևորգյանին, պատճառաբանելով, թե նա հարցադրումներ անելիս իրավունք չունի օգտվել նախաքննության նյութերից: Ի վերջո պաշտպանը համբերությունից դուրս եկավ և ժամանակ խնդրեց դատավոր Սամվել Մարդանյանին գրավոր բացարկ հայտնելու համար: Մարդանյանը բավարարեց նրա միջնորդությունը, զգուշացնելով, որ եթե այսպես շարունակվի, ինքը ստիպված կլինի դատավարությունը կրկին Տավուշի մարզում անցկացնել:
Հ.Գ. Դատաքնության ընթացքը ցույց է տալիս, որ վկայի անկաշկանդ ցուցմունք տալու հանգամանքով շահագրգիռ են ոչ միայն տուժող կողմը, այլև ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները: Նախապես գծված սցենարից շեղումը նյարդայնացնում է դատավորին և սա է պատճառը, որ վերջինս շարունակ սպառնում է գործի քննությունը կրկին տեղափոխել Տավուշի դատարան: Չի բացառվում, որ այդպես էլ անեն ոչ ցանկալի ընթացքը կանխելու համար:
Այս իրավիճակը պարտավոր է շտկել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում դեռևս դեկտեմբերի 6-ին վկա զինվորի զորացրման հարցով դիմել է Արտակ Նազարյանի մայրը: Եթե նախարարը չի կարգավորում այս հարցը, այլ բան չի մնում մտածել, քան այն, որ նա ևս շահագրգիռ է գործի այսպիսի ընթացքով:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/57717


Էսօր վկան պնդեց, որ իր ցուցմունքը գրել է քննիչը, բայց ի՛ր բառերից: Իսկ երբ իր իսկ նախաքննական ցուցմունքից բառեր հարցրեցինք, պարզվեց, որ չգիտեր, թե ինչ է «ֆուֆլոն», «գերակայությունը», «ձախ նախաբազուկը»: Ավելի ուշ երբ խնդրեցի ցույց տալ իր ձախ նախաբազուկը, ցույց տվեց մեջքը...

No comments:

Post a Comment