Saturday, March 3, 2012

Ծովինար Նազարյան․ «Զորակոչը կոռումպացված է, բանակի բյուջեն գողացվում է, զինծառայողներին որպես իրերի են վերաբերվում»

Սերժ Սարգսյանի ելույթն ընդամենը նախընտրական քարոզչություն է. «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ

2012-03-10 20:59:25
«Հասկանալի է, որ թշնամական ոտնձգությունների կանխարգելման համար միայն դիվանագիտական ջանքերը բավարար չեն: Այս ընթացքում մենք հզորացրել ենք մեր պաշտպանական ներուժը: Ներդրվել են ինչպես ներկրված, այնպես էլ սեփական արտադրության սպառազինություն և տեխնիկա: Այսօր մենք ունենք հավանական հակառակորդին զսպելու բավարար ուժ և միջոցներ:
Մենք շարունակելու ենք մեր պաշտպանական ներուժը համապատասխանեցնել արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին: Բանակը օրինակելի է դառնալու նաև հասարակության համար: Բոլոր ներկա միտումները ևս վկայում են, որ մենք նման չափանիշների շատ շուտ ենք հասնելու»,-այսօր կայացած ՀՀԿ 13-րդ համագումարում ասել է Սերժ Սարգսյանը:
Լուրեր.com-ը զրուցեց «Բանակն իրականում» նախաձեռնության ներկայացուցիչ Ծովինար Նազարյանի հետ՝ պարզելու համար, թե ներկա ինչպիսի՞ միտումներ են նկատվում ոլորտում. «Չգիտեմ, թե Սերժ Սարգսյանին ո՞ր միտումներն են այդչափ լավատեսության հիմք տվել: Զորակոչը կոռումպացված է, բանակի բյուջեն գողացվում է, զինծառայողներին որպես իրերի են վերաբերվում, հանցագործներին կոծկում են ու դրանով ստեղծում հանցանքի նոր օջախներ: Եղբորս գործով զբաղվելով եւ հետեւելով այլ գործերի, որոնք առնչվում են բանակում մարդու իրավունքների վիճակին, ես տեսնում եմ միայն ապօրինի ճանապարհի կոշտացում իշխանությունների կողմից:
Գուցե Ս. Սարգսյանը «ներկա միտումներ» ասելով նկատի ուներ իր հենց նոր արտաբերած բառերը: Այդ դեպքում սա ընդամենը նախընտրական խոստում է, բայց շա՜տ ուշացած եւ կեղծ: Նա բավական ժամանակ էր ունեցել արձագանքելու բանակում մարդու իրավունքների խայտառակ վիճակին: Բայց այնտեղ շարունակվում են նույն անկարգապահությունը, կոռուպցիան եւ անպատժելիությունը, ինչը պետք է նկատել ձեռնտու է հենց իրեն՝ հանրապետական գերագույն գլխավոր հրամանատարին:
Բանակի կերակրատաշտից սնվող մի հսկայական զանգված ընտրությունների ժամանակ լծվում է իշխանության վերարտադրությունը, որի ծայրահեղ օրինակը մենք տեսանք 2008-ի մարտի 1-ին, երբ բանակը միջամտեց ներքաղաքական իրավիճակին: Դրա հնարավոր կրկնությունը նույն կառավարող էլիտան օրինականացրեց ընդամենը վերջերս՝ մայիսին սպասվող ընտրություններին ընդառաջ: Եվ Ս. Սարգսյանի ելույթը նույնպես ընդամենը նախընտրական քարոզչություն է, ուրիշ ոչինչ»:
http://lurer.com/?p=15421&l=am
Դիտվել է 535 անգամ:

http://lurer.com/?p=15421&l=am

No comments:

Post a Comment