Շարունակվեց վկա Արտակ Հովհաննիսյանի հարցաքննությունը: Նախ` վկան շարունակում էր նախկինի նման պնդել Արտակ Նազարյանի` իբր թույլ սպա լինելը: Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի հարցին` զինվորները Նազարյանի հրամանով շարվու՞մ էին, պատասխանեց` ոչ, բացառությամբ «խելոք-մելոք էրեխեքի, որ առանց վրեքները գոռալու ենթարկվում էին»:
Վկայի հատուկենտ «հիշած» պատմություններից կարելի է ենթադրել, որ Չինարիի «Ղոզլու» հենակետում երբեւէ առողջ մթնոլորտ ու կանոնադրային հարաբերություններ չեն եղել: Նա, ինչպես նախորդ նիստում, շարունակում էր «չհիշել» գործով կարեւոր դրվագները: Թվում էր, թե այդքան «չեմտեսելների» ու «չգիտեմների» տակ թաքնվածները բացահայտելու համար առնվազն Շերլոկ Հոլմս պետք է լինել: Բայց ահա ամբաստանյալ Հ. Մանուկյանի ուղիղ հարցերն ու հիշեցումները միանգամից պայթեցրին վկա Հովհաննիսյանի «չեմհիշումներով» լցված փուչիկը: Պարզվեց, որ իրականում զինվորները ենթարկվել են Արտակ Նազարյանին:
Ինչպես նախորդ նիստում, երեկ էլ հարցրին վկային, թե ոստիկանությունում իրեն բացատրե՞լ են իր իրավունքները կամ փաստաբան առաջարկե՞լ են: Եթե նախորդ անգամ նա բացասական պատասխան էր տվել, ապա այս անգամ ասաց, թե առաջարկել են, բայց ինքը հրաժարվել է: Կարծես վկային նիստից նիստ ինչ-որ մեկը մշակում է:
Օրվա վերջում փաստաբանները հարցերի միջոցով կարողացան կորզել ճշմարտությունն այն մասին, որ Նազարյանն ամենեւին էլ թույլ, ինքնամփոփ սպա չի եղել, ծեծկռտուքի ժամանակ տակ չի մնացել, նույնն էլ` հայհոյանք ստանալիս: Նա ունեցել է հեղինակություն, ինչի մասին Արտակ Հովհաննիսյանը մինչ այդ հակառակն էր պնդում: Նախորդ նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Նազարյանի մարմի վրա առկա է եղել 54 վնասվածք: Զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը մեր թերթի համար հայտարարություն արեց. «Մարտիրոսյանն ինչ գիտի վնասվածքների մասին` գիտի քրեական գործի նյութերից: Էն, ինչի մասին ինքը խոսում է, դա իր յուրովի մեկնաբանությունն է: Ես որպես մեղադրող հիմա իրավունք չունեմ այդ մասին խոսելու եւ զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից, որովհետեւ նման իրավասություն չունեմ, ոչ էլ այդ մասին խոսելու բարոյական իրավունք ունի Ռուբեն Մարտիրոսյանը: Որովհետեւ այդ ապացույցները վերաբերում են զոհված մի սպայի գործին: Եւ ցանկացած կարծիք, որ մեղադրողը կամ պաշտպանը հայտնում են, հասարակության մոտ ստեղծվում է կարծիք»:
Իսկ իրականում քանի՞ վնասվածք է եղել լեյտենանտի մարմնի վրա` հարցրինք Հարությունյանին: «Երբ ապացույցները կհետազոտվեն, դուք կհամոզվեք, որ Մարտիրոսյանի հայտարարությունները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց նա:
Հաջորդ նիստը կկայանա այսօր:
Գագիկ Աղբալյան
Տավուշի մարզի թղթակից
Տավուշի մարզի թղթակից
http://armtimes.com/hy/article/32143
No comments:
Post a Comment