Thursday, March 8, 2012

Վկան դժվարանում էր վկայել․ ՀԺ

08/03/2012 12:02

Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Արտակ Նազարյանի դասակի 3 շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը:
Որպես վկա հարցաքննվեց Նազարյանի տեղակալ, կրտսեր սերժանտ Արտակ Հովհաննիսյանը:
Դեռ նիստից առաջ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը մեզ հայտնեց իր` որպես փորձագետի համոզմունքն այն մասին, որ քրեական գործն իր հիմքով կեղծ է եւ կառուցված է բազմաթիվ փաստերի խեղաթյուրմամբ: Նա ասաց, որ ամբաստանյալի աթոռին գտնվող տղաները կապ չունեն Արտակի սպանության հետ, որը քննվում է որպես ինքնասպանության գործ, եւ կեղծ ցուցմունքներով նրանց գլխին են բարդում ամեն ինչ: Հարցաքննվող վկային տրվող հարցերն էլ նպատակ ունեին բացահայտելու իրականությունը: Վկան, սակայն, շատ հարցերի պատասխանում էր այսպես` «հաստատ չեմ հիշում», «չգիտեմ», «նախաքննական ցուցմունքից կարող եք կարդալ», ինչը տուժողի իրավահաջորդներին եւ ամբաստանյալների պաշտպաններին հիմք տվեց հայտարարելու, որ վկան խուսափում է հարցերին պատասխանելուց կամ վախեցած է: Ի դեպ, արդեն հակասություն կա երկու վկաների խոսքերում: Հովհաննիսյանը երեկ պնդեց, որ դեպքը տեղի է ունեցել 2010թ. հուլիսի 27-ի առավոտյան, իսկ վկա Արման Մնացականյանը, որը հիվանդության պատճառով հրաժարվել էր դատարան գալ եւ համաձայնել էր, որ հրապարակվի իր նախաքննական ցուցմունքը, գրել էր, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ի գիշերը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները համոզված են, որ Մնացականյանի «հիվանդությունը» նույնպես սարքովի է:
Վկա Հովհաննիսյանը հաճախ հերքում էր ինքն իրեն: Հստակ չէր կարողանում ասել` ամբաստանյալները ծեծե՞լ են Նազարյանին, թե` ոչ: Այնինչ` նախաքննական ցուցմունքում այդպես էր գրել: Արտակի մահվան ամբողջ գործի նախապատմությունն այժմ վկաները` ուղղորդմամբ, թե` առանց դրա, կապում են ինչ-որ պլաստիկ շշի հետ, որը պատկանում էր գործով ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանին, եւ որն, իբր, Ա. Նազարյանն օգտագործել է հարեւան հենակետեր դիզվառելիք ուղարկելու համար: Այս կապակցությամբ Մարտիրոսյանը փորձեց վկայից ճշտել, թե «շիշն Արտակի սպանության հետ ի՞նչ կապ ունի»: Այստեղ դատախազ Հարությունյանը հարց բարձրացրեց, թե ի՞նչ սպանության մասին է խոսքը, երբ ընթացքի մեջ է ինքնասպանության վարկածը: «Էն սպանության, որ դուք չկարողացաք բացահայտել: Էն, որ դու հանցավոր ճանապարհով կոծկեցիր: Ես Ձեզ որպես դատախազ չեմ ճանաչում, բացարկ եմ հայտնել, բարի եղեք` ինքնաբացարկ հայտնեք, գնացեք», - հակադարձեց Մարտիրոսյանը: Իսկ վկան չկարողացավ ասել, թե այդքանից հետո ինչ կապ ունի նյութերում այդքան արծարծվող շիշը Արտակ Նազարյանի մահվան դեպքի հետ:
Արտակի մահից հետո տասը զինծառայողի ինն օր պահել էին ռազմական ոստիկանությունում: Վկան, սակայն, չգիտեր, թե իրեն ինչ կարգավիճակով էին տարել ՌՈ, եւ ասաց, որ իրեն հանրային պաշտպան չեն առաջարկել:
Ռուբեն Մարտիրոսյանը տեղեկություն ուներ, որ վկա Արտակ Հովհաննիսյանի վրա փորձել են շանտաժով «գործ սարքել», որ, իբր, նա Նազարյանից խոշոր գումար է պահանջել, վերջինս էլ չկարողանալով նման գումար ճարել` ինքնասպան է եղել: Այս մասին ամբաստանյալ Հարութիկ Կիրակոսյանի մորը պատմել է Հովհաննիսյանի` ամուսնուն ՌՈ տեսակցության գնացած կինը: «Քեզ այդպիսի կեղծ մեղադրանք ներկայացրե՞լ են»,- Մարտիրոսյանի հարցին վկան, փոքրիկ դադար տալով, ասաց` դժվար:  Հովհաննիսյանը դատարանում արեց նաեւ մի շատ ուշագրավ հայտարարություն: Նրա խոսքով, ՌՈ-ում իրեն հարցրել են Նազարյանի եւ Հ. Կիրակոսյանի միջեւ տեղի ունեցած մի միջադեպի մասին, որը նման է եղել կռվի, բայց որի մասին Նազարյանն ինքն ասել է, թե կատակ են անում: Երբ Արտակ Հովհաննիսյանը ոստիկանությունում այս միջադեպի մասին ցուցմունք էր տվել, թե այդ ամենը կատակ է եղել, իր խոսքը հաշվի չառնելով` ՌՈ քննիչն ասել է. «Հնարավոր չի, որ դա կատակ լինի»: Այժմ Հ. Կիրակոսյանը ամբաստանվում է հենց այդ միջադեպի պատճառով, իբր` Նազարյանին վիրավորելու եւ ինքնասպանության հասցնելու համար, ավելին, մեկ տարի այդ պատճառով անցկացրել է անազատության մեջ: Դատաքիմիական ուսումնասիրությամբ Ա. Նազարյանի դիակից վերցված արյան նմուշում հայտնաբերվել է 1,8 պրոմիլե էթիլ սպիրտ, մեզում` 0,7 պրոմիլե, որը համապատասխանում է միջին աստիճանի ալկոհոլային խմածությանը: Բայց Արտակը ալկոհոլ չէր օգտագործում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ կես լիտր ալկոհոլը Արտակին ինչ-որ մեկը խմեցրել է ստիպողաբար: Ռուբեն Մարտիրոսյանը մեզ հետ  զրույցում ասաց, որ նախաքննական մարմինը խմիչքի եւ լեյտենանտի մարմնի վրա առկա 54 մարմնական վնասվածքների մասով քննություն չի անցկացրել: Վկան էլ դատարանում հաստատեց, որ այդ օրը  Արտակ Նազարյանին չի տեսել որեւէ մեկի հետ կամ մենակ սպիրտ օգտագործելիս, նաեւ` այդ օրը հենակետում կերուխում չի եղել:
Նիստի ընթացքում, երբ վկա Հովհաննիսյանը մի քանի անգամ պնդեց, որ նախաքննական ցուցմունքն ինքն է գրել` իր ձեռքով, Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն առաջարկեց մեկնաբանել «գերակայություն» բառը, որը բազմիցս կրկնվում է «իր իսկ ձեռքով գրված» ցուցմունքում: Վկան չկարողացավ բացատրել այդ բառի իմաստը:
Ի դեպ, պաշտպանների հարցերին հաճախ առարկում էր մեղադրող դատախազ Հ. Հարությունյանը, ինչը հակադարձվում էր խիստ պատասխաններով: Դատական նիստն ավարտվեց դատավարության կողմերի վիճաբանությամբ եւ կշարունակվի մարտի 13-ին, ժամը 12-ին:  

Գագիկ Աղբալյան
Տավուշի մարզի թղթակից

No comments:

Post a Comment