Thursday, May 31, 2012

Մեղադրյալ սպաները եւ Արտակի սպանությունը

Խելամիտ ժամկետը սպառվում է

Նախորդ հոդվածներից մեկում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը բացառել էր Արտակի «ինքնասպանության» հետ հինգ ամբաստանյալների կապը, համոզված լինելով, որ դա սպանություն էր, նաեւ չէր բացառել սպանության հետ երկու սպաների` Հակոբ Մանուկյանի եւ Վահագն Հայրապետյանի կապը: Վ. Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը բացառեց իր պաշտպանյալի առնչությունը Նազարյանի մահվան հետ` ասելով. «Ես ճնշող ապացույցների ներքո հիմնավորում եմ, որ Հայրապետյանը կապ չունի այս քրեական գործի հետ, դա ընդամենը ներմուծված է տուժողի իրավահաջորդների դիմումի հիման վրա եւ նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված անօրինական ապացույցները հաստատելու համար»:
Կապիտան Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն էլ խոսեց դատավարության ընթացքում իր արձանագրած խախտումների մասին` հավելելով, որ վկաներն արհեստական են: «Նրանցից յուրաքանչյուրը անազատության մեջ է պահվել 9-ից 21, երբեմն` 30 օր,- ասաց Հ. Գեւորգյանը:- Այդ ընթացքում յուրաքանչյուր վկա հարցաքննվել է մի քանի, երբեմն` օրվա մեջ 2-3 անգամ, մինչդեռ քրեական գործում տվյալ օրվա կամ ժամանակաշրջանի համար կա 1 կամ 2 ցուցմունք: Երբեմն վկաներից ցուցմունք են կորզել բացահայտ շանտաժի արդյունքում»: Իր խոսքի հավաստիությունը պաշտպանը հիմնավորեց մայիսի 29-ի նիստով, որտեղ «հաստատվեց մի խայտառակ փաստ»: «Որպեսզի վկա Արթուր Մկրտչյանը ցանկացած ցուցմունք տա, նրանք ձերբակալել են նաեւ վկայի եղբորը, ով դեռեւս զինվորական ծառայության համար երդում տված չի եղել, եւ անհիմն կալանավորելով նրան, պահել են կալանքի տակ երկար ժամանակ,- պատմեց փաստաբանը: -Հետագայում, որպեսզի եղբայրը ճշմարիտ ցուցմունք չտա, նրա նկատմամբ իբր թե պաշտպանական միջոց են կիրառել` տեղափոխելով ՌՈ, եւ այժմ գտնվում է այնտեղ: Հիմա էլ յուրաքանչյուր վկա բերվում է պարտադիր կարգով ոստիկանության ուղեկցությամբ: Էս պարագայում նրանց նախաքննական ցուցմունքները որպես ապացույց ճանաչելը անթույլատրելի է` համաձայն Քր. դատավարության օրենսգրքի 105 հոդվածի 6-րդ կետի»: Հ. Գեւորգյանի կարծիքով, նիստերն անցկացվում են դատավարական նորմերի կոպիտ խախտումներով: «Նախագահող դատավորը ձգտում է, որ անպայման հաստատի ինչ-որ մեղադրանք, որպեսզի հնարավոր լինի դատավճիռ կայացնել, մեղադրողները ըստ էության չեն կարողանում պաշտպանել մեղադրանքը, որը հենվում է միայն նախաքննական ցուցմունքների հիման վրա եւ, ինչպես տեսնում եք, իրենց հարցերում հիշատակում են նախաքննական ցուցմունքները, այն դեպքում, երբ վկաները իրենց նախաքննական ցուցմունքներին չեն տիրապետում եւ չեն կարողանում օբյեկտիվ ցուցմունք տալ»,- ասաց ամբաստանյալ Մանուկյանի պաշտպանը: Նա նաեւ նշեց, որ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը կատարվել է խախտումներով: Իսկ նախաքննության մարմինը, Գեւորգյանի խոսքով, միայն մեկ հորինված վարկած է քննել, այն է` զինվորները Ա. Նազարյանին հասցրել են ինքնասպանության: «Մեկ ուրիշ վարկած նախաքննության մարմինը չի քննել: Անհասկանալի է, թե ինչու է նա կանգ առել զինվորական ոստիկանության առաջ քաշած վարկածի վրա»,- ասաց փաստաբան Գեւորգյանը:        
Գագիկ Աղբալյան
Տավուշի մարզի թղթակից
http://armtimes.com/hy/read/34054

No comments:

Post a Comment