ՌՈ-ում խոշտանգել են
Սա հաստատվեց երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստում` Չինարի գյուղի «Ղոզլու» հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով ամբաստանյալներ Հարութիկ Կիրակոսյանի եւ Ադիբեկ Հովհաննիսյանի հարցաքննության միջոցով: Այսպիսով, հինգ ամբաստանյալներից հարցաքննվել են երեքը, եւ նրանցից երկուսը, ինչպես նաեւ որոշ վկաներ, խոսել են Բերդի ՌՈ-ում իրենց նկատմամբ կիրառված ճնշումների մասին: Բայց հատկապես Հարութիկի եւ Ադիբեկի պատմությունները դահլիճում գտնվող մայրերից արցունքներ քամեցին: Նախապես նշենք, որ երկու ամբաստանյալների պատմություններում գրեթե ոչինչ չկար, որը կօգներ «կարել» Նազարյանի ինքնասպանության կամ նրան ինքնասպանության հասցնելու պաշտոնական վարկածը իրականության հետ:
Հարութիկ Կիրակոսյանը, դատարանում հրաժարվելով նախաքննական ցուցմունքից, պատմեց, որ Նազարյանի մահվան օրը` 2010թ. հուլիսի 27-ին ինքը եղել է դիտակետում, իրեն այնտեղ էր ուղեկցել անձամբ Նազարյանը: Կրակոցի ձայն լսելով, շարքային զինվորը սկզբում կարծել էր, թե դա հակառակորդի կողմից հերթական սադրանքն է: Դեպքից հետո իրեն եւ մի քանի զինվորների մոտ 2 ժամ կանգնեցրել են լեյտենանտի դիակից 10 մ հեռավորության վրա, առանց որեւէ բացատրության: Հետո տեղափոխել են Բերդի ՌՈ, որտեղ մի քանի օր շարունակ ծեծի ու ճնշումների են ենթարկել: Ամբաստանյալն ասաց, որ իրեն ծեծողների անունները չգիտի, բայց դեմքները լավ հիշում է: «Ռազմական ոստիկանները սկզբում ստիպում էին, որ իմ ընկերների դեմ ցուցմունք գրեմ, թե իբր իրենք են սպանել Նազարյանին,- պատմեց Կիրակոսյանը:- Հետո ստիպեցին, որ ասեմ` իբր թե ես եմ սպանել, հետո էլ` իբր ինքնասպանության եմ դրդել»: Այնինչ, նրա խոսքով, ինքը Նազարյանի հետ լավ հարաբերություններ է ունեցել, վերջինս նույնիսկ իրեն հաճախ էր հարցնում, թե ինչու ԲՈՒՀ-ում չի սովորել, հորդորում էր բանակից հետո անպայման սովորել: Ամբաստանյալը պատմեց, որ նույնիսկ իրեն հարցաքննել են 9 ժամ շարունակ, կանգնած դիրքով, հաց ու ջուր չեն տվել: Ասաց, որ տարբեր մարդիկ էին մտնում-դուրս գալիս, խառը ծեծում էին: Նաեւ 1 լ-ոց պլաստմասե շշի մեջ ջուր էին լցրել եւ դրանով իրեն խփում էին. «Ասում էին` գրի, որ քիչ նստես»: Ծեծի հետեւանքով Կիրակոսյանի ոտքը ուռչում է, մի քանի օր անց` բորբոքվում եւ թարախակալում: «Չէի կարողանում «բատինկաս» հագնեմ, ոտքս գետնին դնել չէի կարողանում»,- ասաց ամբաստանյալը: Ոտքի բուժումը տեւել է 1,5 ամսից ավելի: Հ. Կիրակոսյանը նշեց, որ իրեն եւ Ադիբեկ Հովհաննիսյանին պահում էին ամենամութ ու ամենախոնավ խցում: Կիրակոսյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի եւ տուժողի միջեւ տեղի ունեցած կռվի մասին, որը ծագել էր մի շշի համար: Կիրակոսյանը ՌՈ-ում կալանքի տակ գտնվելիս ամեն օր լսել է, թե ինչպես են ծեծվում հարցաքննության տարված իր մյուս ծառայակիցները` «գմփոց» ու «չռփոց» էր լսվում: Նա դատարանում պնդեց, որ վկաների` իր դեմ ուղղված ցուցմունքները սուտ են, նրանք, չդիմանալով կտտանքներին, պատմություններ են հորինել: Ի դեպ, Կիրակոսյանի ծնողներն իրենց որդու կալանքի մասին իմացել են միայն երեք օր հետո եւ երբ եկել են իրեն տեսակցության, ՌՈ աշխատակիցներն ասել են, թե իրենց մոտ նման մարդ չկա:
Ամբաստանյալ Ադիբեկ Հովհաննիսյանը նույնպես խոսեց Բերդի ՌՈ-ում տեղի ունեցած բռնությունների եւ կեղծ վկաների մասին: Նրան էլ 7 ժամ էին հարցաքննել: «Սենյակում 7-8 մարդ կար, ասում էին` գրի, որ դու ես զենքը բերանը դրել կրակել: Ասում էին` մեզ արդեն պարզ ա, դու ես սպանել, գրի, որ երեքով եք ծեծել»,-պատմեց ամբաստանյալը: Այստեղ դատավոր Սամվել Մարդանյանը դիտողություն արեց, թե` «գործից խոսեք», ինչին ի պատասխան ամբաստանյալն ասաց, որ ինքը հենց գործից է խոսում: Հովհաննիսյանը հերքեց, թե իբր Նազարյանը հարվածել է իր ուսին դաջված խաչին, որից հետո ինքը պատասխան հարված է հասցրել:
Ի դեպ, մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը թե Կիրակոսյանին, թե Հովհաննիսյանին նիստի ընթացքում մի քանի անգամ «հիշեցրեց», որ եթե հորինում են բռնությունների մասին պատմությունները, ապա սուտ մատնության համար պատասխանատվություն կկրեն: Սա դուր չեկավ դատավարության կողմերին. նրանք նկատեցին, որ դատախազը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել: Արտակ Նազարյանի մայրը դահլիճից նետեց. «Մի ահաբեկիր, հա՞»: Հենց Հարությունյանը միջնորդեց հրապարակել Ադիբեկ Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքները, որոնցից նա, ի դեպ, հրաժարվել էր: Դատավորը միջնորդությունը բավարարեց: Ընթերցվեց երկու ցուցմունք, որոնցից ամբաստանյալը կրկին հրաժարվեց: Այսօր դատավարությունը կշարունակվի:
No comments:
Post a Comment