Tuesday, August 14, 2012

Ծովինարի ցուցմունքը դատարանում․ «Կարած բերանով արդարադատություն»


Դատաքննությունը մտավ վճռական փուլ

Հիշեցնենք, որ այս ընթացքում, երբ մեր թերթն արձակուրդում էր, ընթացել է եւս մի քանի նիստ: Հուլիսի 24-ին եւ 31-ին դատարանում հետազոտվեցին Նազարյանի անձնական իրերը, ինքնաձիգը, պարկուճը, նոթատետրը, որը դեպքից 13 օր հետ գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանն էր հանձնել քննիչներին, եւ այլ իրեր:
Օգոստոսի 8-ին ավարտվեց իրեղեն ապացույցների հետազոտումը, եւԾովինար Նազարյանը սկսեց իր ցուցմունքը: Նա, բնութագրելով եղբորը, ասաց, որ Արտակը ծառայել է ՀՀ ԶՈՒ լավագույն եւ վատագույն զորամասերում, համապատասխանաբար` Նուբարաշենի եւ Ագարակի: Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո Արտակին հրավիրել էին Թեհրանում ՀՀ դեսպանատուն` աշխատանքի: Մեկ տարի, լինելով արեւելագետ, նա իր գիտելիքներով ծառայել է ՀՀ-ին: Ըստ տուժողի իրավահաջորդի, Արտակը երբեք ֆիզիկական բիրտ ուժը չէր ընդունում. «Բայց նաեւ եղբայրս վիրավորանք կուլ տվող չէր եւ հաստատ պատասխանը կտար, եւ ես վստահ եմ, որ նա իր կյանքի գնով վճարել է հենց նրա համար, որ փորձել է պատասխանել որոշ սրիկաների, ովքեր փորձել են իր հետ այլ կերպ վարվել»:
Չինարիի զորամասում ծառայելու օրերին Արտակը քրոջը պատմել էր, որ հենակետում մի մայոր աքացիներով է արթնացրել զինվորներին, եւ ինքը ստիպված է եղել միջամտել: Դա եղել է Բանակի տոնին հաջորդող օրը. «Էստեղ բոլորը պնդում են, թե տոներին իրենց հենակետերում ոչ մի խմիչք չի եղել, ես էդ հեքիաթին չեմ հավատում, որովհետեւ կոնկրետ «հունվարի 28-ը» խմիչքով է նշվել, զինվորներն ու սպաները լավ էլ խմել են միասին»: Երբ Ծովինարը եղբորից հետաքրքրվել էր ծառայության մասին, Արտակն ասել էր. «Զինվորները ազիզ տղերք են, բայց կան մեջները մի քանի հոգի, որ, ցավոք, միայն ֆիզիկական ուժն են ընդունում»: 2010թ. հուլիսի 11-ին (Ծովինարն այդ ժամանակ Վաշինգտոնում էր), որդուն տեսակցելու մեկնած  Հասմիկ Հովհաննիսյանը` Արտակի մայրը, հետո դստերն ասել էր. «Ոնց որ Արտակը չի հարմարվում, դու խոսիր հետը»: Քրոջ ու եղբոր վերջին հեռախոսազրույցը 2010թ. հուլիսի 16-ին էր: Մի քանի օր անց Ծովինարը ստացել է Արտակի մահվան լուրը, սկզբում մտածել է, որ հակառակորդն է խփել. «Ես հիմա էլ եմ համոզված, որ թշնամի է խփել, կապ չունի` անունը թուրք է, թե ինչ: Դա թշնամական գործողությունն է ՀՀ սպայի դեմ, եւ այդ թշնամության համար մարդիկ պիտի որպես հայրենիքի դավաճաններ դատվեն»: Հուլիսի 30-ի առավոտյան Ծովինար Նազարյանը հասել էր Երեւան: Եղբոր դեմքին (հաստ գրիմով) բազմաթիվ բռնության հետքեր են եղել. «Շուրթերը կարել էին, որովհետեւ մարմինը ուռչում էր ժամ առ ժամ, եւ ակնհայտ էր, որ դա հուլիսի 27-ին տեղի ունեցած մահ չէր, ավելի վաղ էր տեղի ունեցել: Ավելին, քույրս ասաց, որ երբ նախորդ օրը երեկոյան մարմինը բերել են դիահերձարանից, քիչ անց իրենք նկատել են քթի մեջ շարժվող որդեր: Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ մարմինը կարող է երկու օրում որդնել էդպես»: Մեջբերելով մի հրապարակախոսի խոսքը. «Նազարյանի կարած բերանը մեր բոլորի կարած բերանն է այս հանցագործությունների առաջ», Ծովինարը շրջվեց դեպի ամբաստանյալներն ու ասաց. «Ա՜յ ձեր կարած բերանն է, տղերք»:
Տուժողի իրավահաջորդը նաեւ պատմեց, որ քննիչ Սարգիս Մադաթյանը, դեպքից մի քանի օր հետո՝ օգոստոսի 3-ին, իրենց բնակարանում խոստովանել էր, որ լեյտենանտի ինքնաձիգից մատնահետքեր չի վերցրել, եւ որ ինքն առանց ձեռնոցի է քննչական գործողություններ կատարել դեպքի վայրում: Քննիչը Նազարյանի՝ Արծվաբերդ գյուղում վարձած տունն այդպես էլ չի կնքել, իսկ այնտեղ խուզարկություն է կատարել ծնողների բազմակի պնդումներից եւ միջնորդությունից հետո, դրա համար ընտրելով Նազարյանի ծննդյան օրը... Տան խուզարկության ժամանակ էլ քննիչ Մադաթյանը ձեռնոց չէր տարել իր հետ: Փոխարենը, Նազարյաններն էին իրենց հետ մեկ տուփ ձեռնոց տարել: «Հարգելի դատարան, իրականում Մադաթյանը կեղծել է գործի նյութերը եւ կեղծ լուսանկար է տեղադրել, ցույց տալով, թե ցելոֆանով է բռնել զենքը, այնինչ մեր տանը իր բերանով խոստովանեց, որ մերկ ձեռքերով է զենքը բռնել,- ասաց Ծ. Նազարյանը:- Բայց հրազենի վրա չկա ոչ մի մատնահետք: Սա նշանակում է, որ քննիչը իր մատնահետքերը կամ մարդասպանի մատնահետքերը վերացնելու խնդիր է դրել իր առաջ: Քննիչը նաեւ ասաց, որ Արտակից նույնպես մատնահետք չեն վերցրել, ասաց, որ Հակոբ Մանուկյանը (գործով ամբաստանյալ- հեղ.) ջանավար տղա էր, շատ դաժան, եւ նրան ոչ ոք չէր սիրում զորամասում, որ` բոլորին ծեծում էր եւ Նազարյանին էլ կարող էր ծեծել, եւ իբր զորամասում մտածում են, որ Մանուկյանից հազիվ պրծան»:
Տուժողի իրավահաջորդը այսօր կշարունակի ցուցմունք տալ, հետո կսկսվի դատաքննության կարեւորագույն փուլը՝ հայտարարությունները եւ միջնորդությունները: 
Գագիկ Աղբալյան
Տավուշի մարզի թղթակից

No comments:

Post a Comment