Wednesday, August 15, 2012

Քննիչները դատարան կկանչվե՞ն որպես վկաներ


Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության օգոստոսի 15-ի  նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ  վերջինիս ներկայացուցիչները` փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, միջնորդեցին որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել  նախաքննությունն իրականացրած քննիչներ Սարգիս Մադաթյանին, Հայկ Մարգարյանին, Լեւոն Պետրոսյանին:  Միջնորդությունը հրապարակելիս Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ գործով կատարվել է միակողմանի եւ հանցավոր  քննություն, ինչի հետեւանքով Արտակ Նազարյանի սպանությունը ներկայացրել են  որպես ինքնասպանություն: 
Շուշանյանը մանրամասն հայտնեց  նախաքննության ընթացքում քննիչների կատարած խախտումները: Նա , նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մի շարք անձինք` այդ թվում քննիչները, չեն կարող որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննվել, հայտարարեց, որ նշած նորմը հակասում է  մարդու իրավունքների եւ հիմնարար ազատություննների  մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին, որտեղ օգտագործված «վկա» հասկացողությունը, համաձայն եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ունի ինքնավար նշանակություն: Ըստ այդմ` որպես վկա կարող է կանչվել եւ հարցաքննվել ցանկացած անձ, ով կարող է դատարանին ենթադրաբար հայտնել  գործի համար նշանակություն ունեցող փաստեր եւ հանգամանքներ:  Այս միջնորդությանը կողմ էին  ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանը, նրա  պաշտպան Հրանտ Գեւորգյանը,  ամբաստանյալ զինվորներ Հարութիկ Կիրակոսյանը, Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը, ամբաստանյալ  լեյտենանտ Վահագն Հայրապետյանը եւ նրա  պաշտպան Լեւոն Պողոսյանը: Միջնորդության դեմ արտահայտվեց միայն գործով մեղադրող Հայկ Հարոյանը: Միջնորդությունը բավարարել-չբավարարելու հարցը կորոշվի դատական հաջորդ նիստում:  Դատավոր  Սամվել Մարդանյանն այն նշանակեց օգոստոսի 21-ին:   
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2012/08/15/304200/ 

© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

No comments:

Post a Comment