Wednesday, September 12, 2012

Դատավորը ստիպված փոխել է որոշումը. Հարցաքննվում է քննիչ Լևոն Պետրոսյանը

Դատավորը ստիպված փոխել է որոշումը

  • Իրավունք - 12 Սեպտեմբերի 2012, 11:22

Սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արտակ Նազարյանի գործով հերթական նիստը: Նախորդ դատական նիստում հարցաքննվում էր «Մեհրաբներ» զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանը, սակայն այն ընդհատվեց:
Դատարանի կողմից ներկայացվեցին տուժող կողմի միջնորդությամբ պահանջված փաստաթղթերի մի մասը. հենակետի զինվորներին մեկուսացնելու վերաբերյալ գրությունների պատճենները, ինչպես նաև ռազմական ոստիկանության մեկուսարանի գրանցամատյանը: Ներկայացված փաստաթղթերը, սակայն չբավարարեցին ինչպես տուժողի ներկայացուցիչներին, այնպես էլ ամբաստանյալների փաստաբաններին: Նրանք պահանջեցին տրամադրել միջնորդությամբ բավարարված բոլոր փաստաթղթերի բնօրինակները, ինչպես նաև շարունակել գնդապետ Ղազարյանի հարցաքննությունը միմիայն այդ փաստաթղթերին ծանոթանալուց հետո:
Դատավոր Մարդանյանը պնդեց , որ պահանջվող փաստաթղթերը կապ չունեն զորամասի հրամանատար Սեյրան Ղազարյանի հարցաքննության հետ, և դատարանը դրանց կանդրադառնա վկայի հարցաքննությունը ավարտելուց հետո: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ հրամանատարի հարցաքննությունը կապված է իրենց կողմից միջնորդությամբ պահանջված փաստաթղթերի հետ, որ առանց դրանց հրամանատարի հարցաքննությունն անիմաստ է:
«Պարոն դատավոր, Դուք ակնհայտորեն խախտում եք օրենքը, ակնհայտորեն անաչառ չեք, ցանկանում եք այդ մակուլատուրան մեզ փաստաթղթի տեղ ցույց տալ, և մենք ստիպված ենք կատարել ինքնաբացարկի միջնորդություն»:
Դատավորը ցանկացավ ընդհատել Ռ.  Մարտիրոսյանին` նրան առաջարկելով նստել, վերջինս, սակայն, չենթարկվեց` հայտարարելով, որ դատավորը կատարում է պաշտոնական դիրքի չարաշահում: Դատավոր Ս. Մարդանյանը, դատարանի աշխատանքին խոչընդոտելու համար, դատական սանկցիա կիրառեց և դահլիճից հեռացրեց Ռ. Մարտիրոսյանին`նրան զրկելով առաջիկա դատական երեք նիստերին մասնակցելու իրավունքից:
Տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ , փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատավորի որոշման կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ. «Դատարանը` ի դեմս Ձեզ, պարոն Մարդանյան, անօրինականության բոլոր սահմաններն անցավ: Մասնավորապես, Դուք հրաժարվեցիք քննել պարոն Մարտիրոսյանի ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը և կայացրեցիք ակնհայտ ապօրինի որոշում`նրան հեռացնելով դատական նիստերի դահլիճից, ինչի իրավունքը չունեք:»
Մուշեղ Շուշանյանը նշեց նաև, որ տուժող կողմը տվյալ դեպքում իր մասնակցությունը դատավարությանը հնարավոր չի համարում, Ռուբեն Մարտիրոսյանի հանդեպ կատարված ակնհայտ ապօրինի որոշման համար: Ի նշան բողոքի տուժողի ներկայացուցիչ Ծովինար Նազարյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը լքեցին դատարանի դահլիճը հայտարարելով, որ սա դատարան չի, այլ դատական ֆարս է, դատավորը արդարադատություն չի իրականացնում, այլ կատարում է պատվեր:
Տուժող կողմի ներկայացուցիչների` դատական դահլիճը լքելուց հետո, ամբաստանյալների պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Հրանտ Գևորգյանը եւ Լևոն Պողոսյանը դատավոր Մարդանյանին մեղադրեցին անօրինական դատական սանկցիա կիրառելու մեջ: Փաստաբան Հ. Գևորգյանը դատարանին միջնորդեց վերացնել Ռ. Մարտիրոսյանի նկատմամբ կիրառած սանկցիան, քանզի զորամասի հրամանատարի հարցաքննությունը կատարվում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությամբ  և առաջին հերթին նրանք պետք է հարցեր ուղղեն վկային:
Դատավորը բավարարեց միջնորդությունը և վերացրեց իր կիրառած դատական սանկցիան: Տուժող կողմի ներկայացուցիչներ Ռ. Մարտիրոսյանը, Մ. Շուշանյանը եւ Ծ. Նազարյանը դահլիճ վերադարձան:
«Դատավորը արագորեն փոխեց իր որոշումը այն ժամանակ, երբ փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանի դահլիճից դուրս հայտարարեց, որ մենք պետք է տանք հայտարարություն հանցագործության մասին և ներկայացնենք դատավորի կատարած հանցագործությունը: Այս լուրը հասցվեց դատավորին և նա «ափալ-թափալ» հրավիրեց ինձ վերադառնալ դահլիճ, սակայն ես հրաժարվեցի վերադառնալ դատական նիստին, մինչև նա չեղյալ չհամարեց ինձ դուրս հանելու վերաբերյալ կայացրած ապօրինի որոշումը», դատարանի գործողությունները մեկնաբանեց Ռուբեն Մարտիրոսյանը` նշելով, որ դա կարելի է համարել բարոյական և իրավական հաղթանակ, քանի որ իրենք ստիպեցին դատավորին առաջնորդվել ոչ թե իր կամայականությամբ, այլ օրենքով:
Իրավապաշտպանը հավելեց նաև, որ դատավորը միայն վախենալով հարգեց օրենքը, դատարանը ստիպված եղավ բավարարել իրենց նախորդ միջնորդությունը և գնդի հրամատարի հարցաքննությունը հետաձգել`մինչև պահանջված փաստաթղթերը պատշաճ կերպով չներկայացվեն և չուսումնասիրվեն:
Այնուհետ դատարանն անցավ տուժող կողմի միջնորդությամբ որպես վկա հրավիրված քննիչ Լևոն Պետրոսյանի երկար սպասված հարցաքննությունը: Նա Արտակ Նազարյանի գործի նախաքննությունը վարած երեք քննիչներից մեկն է: Քննիչի հարցաքննությունը անցկացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը, ում ուղղեց նախաքննության վերաբերյալ հարցերի այն շարքը, որոնց մասին տուժող կողմը բազում անգամներ տարբեր միջոցներով բարձրաձայնել էր:
Առաջին հարցը վերաբերում էր հանգամանքին, որ Ա. Նազարյանի ինքնաձիգի  4 պահունակների բոլոր 120 փամփուշտները տեղում են եղել, և այդ ինչպե՞ս կարող էր Նազարյանն իր ինքնաձիգով ինքնասպան լինել: Քննիչ Պետրոսյանն ասաց, որ ինքնասպանությունն ապացուցվում է դատաձգաբանական փորձաքննությամբ: Ռ. Մարտիրոսյանը մի քանի անգամ պնդեց հարցը, սակայն այդպես էլ չստացվեց պատասխան, թե ինչպես է բոլոր փամփուշտների առկայության պարագայում տեղի ունեցել ինքնասպանություն սեփական ինքնաձիգով, ինչպես արձանագրել էին քննիչները:
Քննիչը հարցվեց նաև դեպքի վայրից վերցված 7809 համարի դաջվածքով պարկուճի մասին, որը դատական փորձագետին ուղարկվելիս, ըստ տուժողի ներկայացուցչի, փոխվել է և դարձել 6078 համարի: Քննիչը պատասխանեց, որ պարկուճը չի փոխվել, պարզապես տեղազննություն կատարած քննիչի կողմից թյուրիմացություն է եղել, նա սխալ է ընթերցել , իսկ դատական փորձագետը մասնագետ լինելով՝ ճիշտ է ընթերցել պարկուճի համարը:
Ռուբեն Մարտիրոսյանն էլ հայտարարեց, որ իրենք չեն կարող իմանալ, թե արդյոք դա թյուրիմացություն է, թե կանխամտածված հանցագործություն`ընդգծելով, որ դատական փորձագետը պարտավոր էր այդ հակասության մասին արձանագրություն կազմել և հարցրեց, թե քննիչն ինչո՞ւ այդ կապակցությամբ չի հարցաքննել փորձագետին: Լ. Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը  դա էական չի համարել:
Քննիչին տրվեցին հարցեր նաև դեպքից երեք ամիս հետո իր կողմից դեպքի վայրում կատարված տեղազննության նպատակների վերաբերյալ, նրա կողմից հագուստի վրա հայտնաբերված արնանման հետքերի և դրանց հետ կապված դատաքիմիական ու դատակենսաբանական փորձաքննություններ չնշանակելու պատճառների մասին: Քննիչի պատասխանները որևէ հստակեցում չմտցրեցին գործի մեջ: Նա կրկնում էր նախաքննության մեջ առկա, ըստ տուժողների` հակասական ու կեղծված փաստերը:
Օրինակ, տուժողի ներկայացուցչի այն հարցին, թե Արտակ Նազարյանի մահից, դատական փորձագետի բնորոշմամբ, «ոչ շատ առաջ» նրա մարմնի տարբեր հատվածներում ինչպե՞ս են հայտնվել տասնյակ վնասվածքներ: Քննիչն ասաց, որ դա հետեւանք է դեպքից քսան ժամ առաջ սպա Հակոբ Մանուկյանի կողմից Նազարյանին հասցված ապտակի: Նշենք, որ Արտակ Նազարյանի մարմնի վրա արձանագրված մարմնական վնասվածքները ոչ մի կերպ չէին կարող առաջանալ ապտակի հետևանքով:
Քննիչ Լևոն Պետրոսյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին, որը կկայանա սեպտեմբերի 12-ին:

http://www.lragir.am/index/arm/0/right/view/71101

No comments:

Post a Comment