Քննիչի «ստեղծագործությունը»
Այս նիստին դատակոչվել էր Արտակ Նազարյանի ծառայության հարևան հենակետի զինծառայող Սմբատ Սարգսյանը: Նրա, և ևս երկու զինվորների դատակոչման համար միջնորդել էր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը:
Վկայի հարցաքննությունը սկսվեց տուժող և պաշտպանական կողմերի` դատարանին ուղղված առարկություններով, որոնք պահանջում էին դատավոր Ս. Մարդանյանից` վկային լիարժեք ծանոթացնել իր իրավունքներին: Մասնավորապես, որ վկան կարող է հրաժարվել նախաքննական մարմնին տված իր ցուցմունքներից և հանդես գալ նոր ցուցմունքներով:
Վկա Սարգսյանը`պատասխանելով փաստաբան Հրանտ Գևորգյանի հարցին, թե արդյոք իր ձեռքով է գրվել նախաքննական ցուցմունքը, պատասխանեց, որ ոչ ինքը չի գրել: Վկան նաև նշեց, որ ինքը ստորագրել է նախաքննական ցուցմունքի տակ քննիչի հորդորով և չի ծանոթացել ցուցմունքի բովանդակությանը: Կողմերի այն հարցին, թե ինչու չի ընթերցել ոչ մեծածավալ ցուցմունքը ստորագրելուց առաջ, վկան պատասխանեց, որ վստահել է քննիչին, որն էլ գրել է և ասել`ստորագրի:
Դատախազների միջնորդությամբ դատարանում հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները:
«Ցուցմունքը սխալա, ես չեմ գրել, չեմ կարդացել, քննիչը գրեց տվեց ասեց ստեղ ստորագրի», կրկին անգամ հայտարարեց վկան`հավելելով, որ ինքը ցուցմունք չի տվել, թե իբր տեսել է` ինչպես է ամբաստանյալ Հակոբ Մանուկյանը ապտակել Արտակ Նազարյանին: Վկա Սարգսյանը նշեց նաև, որ ցուցմունքում ինքը չի նշել, թե ծխարանում որևէ մեկին տեսել է և դա ևս գրված է քննիչի կողմից:
Փաստաբան Գևորգյանը հարցրեց նաև, թե արդյոք վկան տեղեկացվել է, թե ինչի համար է տեղափոխել ռազմական ոստիկանություն և պահվել չորս օր: Վկան պատասխանեց, որ ոչ, տեղյակ չի եղել իր կալանման պատճառներին, փորձել է պարզել, սակայն չի կարողացել: Պարզվեց նաև, որ նա հարցաքննվել է քննիչի կողմից`գտնվելով կալանքի տակ:
Պաշտպանական մյուս կողմի ներկայացուցիչ Ազատ Շահբազյանը հետաքրքրվեց վկայից, թե արդյոք իր պաշտպանյալները կարող էին իրենց գործողություններով Արտակ Նազարյանին հասցնել ինքնասպանության: Վկան պատասխանեց, որ ոչ, չէին կարող:
Տուժող կողմի ներկայացուցիչներ Մուշեղ Շուշանյանը և Ռուբեն Մարտիրոսյանը հետաքրքրվեցին վկայից, թե արդյոք նրա նկատմամաբ որևէ բռնություն է կատարվել, արդյոք նրան հայհոյել կամ ծեծի են ենթարկել, վկան, զարմանալիորեն, պատասխանեց, որ չի հիշում: Ռ. Մարտիրոսյանը փորձեց վկայից պարզել նաև, թե արդյոք դահլիճում կան մարդիկ, որոնցից վկան վախենում է կամ կաշկանդվում և արդյոք չունի օգնության կարիք: Վկան պատասխանեց, որ չունի: Տուժողի ներկայացուցչի այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է ցուցմունքում նշված այն փաստը, որը վկային առաջարկվել է տրամադրել փաստաբանի օգնություն: Վկան պատասխանեց, որ նման բան չի եղել և իրեն փաստաբանի օգնություն չի առաջարկվել:
Վկային հարցեր ուղղեցին նաև մեղադրողներ Արման Հարոյանն ու Հարություն Հարությունյանը: Վերջինս, նկատի ունենալով այն, որ վկան չէր ընդունում նախաքննությամբ իրեն վերագրվող ցուցմունքները`խիստ տոնով հիշեցրեց վկային, որ սուտ ցուցմունք տալը քրեորեն պատժելի է: Սա դժգոհություն առաջացրեց ինչպես դատավարության մյուս կողմերի, այնպես էլ դահլիճում ներկաների մոտ, որոնք դատախազի գործողությունները, որպես վկային ուղղված սպառնալիք որակեցին:
Դատարանում հրապարակվեցին նաև վկայի առերես հարցաքննության ցուցմունքները, որոնց վերաբերյալ նա հայտարարեց, որ դրանք ամբողջովին սխալ են, իր կողմից նման վկայություններ չեն տրվել:
Հարցաքննությունից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով:
«Մենք համոզված ենք, որ վկային և ծեծել են, և խոշտանգել են, և ահաբեկել են», հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը` նշելով, որ վկա Սարգսյանը երկրորդ վկան է, որից քննիչները խաբեությամբ ցուցմունքներ են կորզել: «Որքան շարունակվում է դատաքննությունը ոչ միայն չենք ստանում հակասությունների հերքումը, այլ ընդհակառակը` նախկին հանցագործություններին գումարվում են նոր հանցագործություններ» ավարտեց Ռ. Մարտիրոսյանը:
«Բոլոր կեղծ ցուցմունքների հեղինակը քննչական մարմինն է, որի քավորը դատախազությունն է», հայտարարեց տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքները չեն կարող հիմք հանդիսանալ գործի համար. «Վկա Սարգսյանը ապօրինի զրկվել է ազատությունից, չորս օր ապօրինի պահվել է ռազմական ոստիկանությունում, և միայն սա բավարար է նրա ցուցմունքները անթույլատրելի համարելու համար: Հերթական անգամ ՀՀ քաղաքացին, Հայաստանի զինվորը ենթարկվել է արժանապատվության ոտնահարման:»
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը հայտարարեց, որ քննիչները չեն տիրապետել գործին լիապես, քանի որ վկաների ցուցմունքներում առկա են հակասություններ: Նա, կրկին անգամ, փաստեց, որ այս վկան ևս ժխտեց այն փաստը, որ տեսել է, թե ինչպես է Հակոբ Մանուկյանը ապտակել Արտակ Նազարյանին:
Վկայի հարցաքննության ավարտից հետո դատարանը որոշեց նիստը շարունակել դռնփակ, տուժող կողմի միջնորդությամբ պահանջված`գաղտնի վարույթի նյութերը ուսումնասիրելու համար: Այդ նյութերի վերաբերյալ տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը ասաց, որ չբացահայտելով վարույթի մանրամասները կարող է նշել, որ այդ գաղտնիքը բաղկացած է երկու մասից. բուն գաղտնիքից և դրա վերաբերյալ մեկնաբանությունից:
«Այդ երկու մասերը իրար բացարձակապես չեն համապատասխանում, ավելին`բովանդակային, իմաստային առումով մեկնաբանության մասը իր մեջ միտում է պարունակում. այն ևս մի անհաջող փորձ էր Արտակ Նազարյանի սպանությունը ցույց տալու որպես ինքնասպանություն», եզրափակեց Ռուբեն Մարտիրոսյանը:
http://www.lragir.am/index/arm/0/right/view/72651
No comments:
Post a Comment