2010 թվականի հուլիսի 27-ին «Մեհրաբներ» կոչվող զորամասի տարածքում սպանել են Արտակ Նազարյանին և կարճ ժամանակ անց կեղծ, միանշանակ հանցավոր նախաքննության արդյունքում կատարվածը որակել որպես ինքնասպանություն. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:
Բացի այդ, Արտակ Նազարյանի զենքի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել: Ռուբեն Մարտիրոսյանը նշեց, որ նման փաստերը շատ են՝ առանձնացնելով երեքը՝ նախաքննական մարմինը քննություն չի կատարել սպանությունից վեց ժամ առաջ ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, մինչդեռ, նրա համոզմամբ, այդ ժամանակ կատարվել են այն իրադարձությունները, որոնք հանգեցրել են Արտակ Նազարյանի սպանությանը:
Ըստ դատաբժշկի` դեպքից վայրկյաններ առաջ Արտակ Նազարյանին ծեծել և խոշտանգել են: Բացի այդ, Արտակի արյան մեջ հայտնաբերվել է խմիչք, միջին աստիճանի հարբածություն: Եվ այս փաստերից որևէ մեկը նախաքննական մարմնի կողմից քննության չի ենթարկվել, այլապես, ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, ստիպված կլինեին դա որակել որպես սպանություն:
Դատավոր Սամվել Մարդանյանի մոտ են այս փաստերը, սակայն նա մինչ օրս դրանք թթու է դրել:
«Մենք կարողացանք ստիպել, որ դատարան հրավիրվի գործող քննիչ Լևոն Պետրոսյանը և պատասխանի հարցերին, որ մենք բարձրացրել ենք: Լևոն Պետրոսյանը պետք է տա այն հարցերի պատասխանը, որոնք նա պետք է պարզեր ոչ թե դատարանում ցուցմունք տալով, այլ նախաքննության ընթացքում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ քննիչը որևէ հարցի պատասխան այդպես էլ չի կարողացել տալ:
Հարցին՝ ո՞ւմ է ձեռնտու գործի կոծկումը, Ռուբեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ հայտնի անձինք ուղղակիորեն կապված են այս գործի հետ, օրինակ` ամբաստանյալներից մեկի ծնողը գնացել է դատախազի մոտ, նրա համերկրացին է, անունը` Հրաչյա, և բողոքել է, որ այս գործով կալանավորել են իր տղային:
Հինգ հոգի կալանքի տակ են` Արտակ Նազարյանին, իբր, ինքնասպանության հասցնելու համար: Սա, ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, աղաղակող անօրինականություն է: Ըստ նրա՝ տեղի է ունեցել համակարգային հանցագործություն, և եթե այս պահին բացահայտվի հանցագործությունը, իրավական համակարգի 20-30 պաշտոնյաներ պետք է կրեն քրեական պատասխանատվություն. այս գործից լավատեղյակ են զինվորական դատախազը, պաշտպանության նախարարը, հանրապետության գլխավոր դատախազը, և նրանք համատեղ հանցագործություն են կատարել: Դրա համար էլ, ըստ նրա, որոշում կայացվեց ամենավերևներում գործը տեղափոխել Իջևան, որպեսզի ԶԼՄ-ները հնարավորություն չունենային լուսաբանելու գործի մանրամասները:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ նշեց, որ սա, իր համոզմամբ, պետության քաղաքականությունն է` բանակի մասին իրականությունը կոծկելու: Բանակի մասին կամ լավ, կամ ոչինչ սկզբունքով առաջնորդվելով՝ փորձ է արվում բանակում տեղի ունեցող սպանությունները որպես դժբախտ պատահար, դիպուկահարի կողմից սպանություն և այլն որակել:
Ըստ նրա՝ բանակի հեղինակությունը պահելու, չհեղինակազրկելու համար օգտագործում են ահռելի ռեսուրս:
Բացի Արտակ Նազարյանի գործից` փաստաբանը բանակում տեղի ունեցած այլ գործերով էլ է զբաղվում, և կոծկելը, ինքնասպանություն վերագրելը արդեն ոչ թե տենդենց, այլ հստակ քաղաքականություն է համարում:
Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ նախաքննությունը վարող քննիչները բազմաթիվ կեղծիքներ են կատարում, ստիպում վկաներին տալ կեղծ ցուցմունքներ, կեղծ վարկածը հիմնավորելուն ուղղված` կեղծ ապացույցներ բերում:
Դատական հոգեբան Էլդա Գրինի այն եզրակացությունը, որ Արտակ Նազարյանը ինքնասպանություն է գործել, պարզված չէ: Նա նշեց, որ տիկին Գրինին քրեական պատասխանատվության կենթարկեն: Տիկին Գրինը նման եզրակացությունների արտադրություն է բացել` բանակում բոլոր գործերին նման եզրակացություն է տալիս:
«Ինքնասպանության վարկածը փուլ է եկել, դատարանը պետք է միջնորդությամբ հանդես գա` գործի առնչությամբ նոր քննություն հարուցելու, նախաքննության մարմնի վարկածը ամբողջությամբ հերքված է, և նոր գործ պետք է հարուցվի»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:
Ծովինար Նազարյանը ասաց, որ հինգ հոգի կալանավորվել են ինքնասպանության հասցնելու համար, իսկ քանի որ ինքնասպանություն տեղի չի ունեցել, նրանք չեն կարող մեղադրվել. «Նոր քրեական գործ պետք է հարուցվի, շարքայինները ընդհանրապես կապ չունեն, այս մեղադրանքով մեղադրյալները լրիվ անտեղի են նստած»,- ավելացրեց նա:
Նրա խոսքով` դատավոր Սամվել Մարդանյանն իր առջև ոչ թե խնդիր է դրել արդարադատություն իրականացնելու, այլ հանցագործությունները կոծկելու:
Ծովինար Նազարյանը նաև նշեց, որ 8-9 գերատեսչություն ներգրավվում են նախաքննության փաստերը կոծկելու մեջ, Բաղրամյան 26-ն էլ այստեղ իր դերակատարությունն ունի:
Մասնավորապես, երբ գործը տեղափոխվել է Իջևան, Արտակ Նազարյանի մայրը դիմել է նախագահական` Երևան տեղափոխելու համար: Նախագահականից Հովսեփյանի` դեռ հունվարից խոստացված պատասխանը տիկին Հասմիկը օրերս է ստացել, նրան կանչել են նախագահական, որտեղ Հովսեփյանն ասել է` եթե դատավորին փոխեն, ուրիշ դատավոր դնեն, հարցը կլուծվի: Տիկին Հասմիկի խոսքով` Հովսեփյանը նաև ասել է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Մկրտումյանի հետ է խոսել, և նա ասել է, որ միայն Իջևանում պետք է ընթանա դատավարությունը, քանի որ Երևանում դատերը վերածվում են շոուի:
No comments:
Post a Comment