Wednesday, November 14, 2012

Փորձագետը ճողոպրեց դատարանից

Փորձագետը ճողոպրեց դատարանից

  • Իրավունք - 14 Նոյեմբերի 2012, 23:18

«Ղասա՛բ, հանցագո՛րծ, պետք է դիմացդ դիակ լինի՞ ու ձեռքիդ լանցետ, որ կարողանաս հանգիստ աշխատել»: Այսպես արձագանքեց զոհված սպա Արտակ Նազարյանի մայր Հասմիկ Հովաննիսյանը հերթական նիստին հարցաքննության հրավիրված դատաբժիշկ Վիգեն Ադամյանին: Վերջինս նշում էր, որ ինքը չի կարող աշխատել դատարանի այդպիսի պայմաններում, նկատի ունենալով, որ իր վրա ճնշում է գործադրվում:
Դատաբժիշկ-փորձագետ Վիգեն Ադամյանին դատակոչելու համար միջնորդել էին մեղադրող դատախազները: Միայն մեղադրող կողմին էլ հաջողվեց հարցաքննել փորձագետին, քանի որ դատաբժիշկ Ադամյանը հարմար պահ ընտրելով ընդմիջումը՝ անհայտ ուղիներով լքեց դատական դահլիճը:
Վկային դեռ չէին հասցրել հարցեր ուղղել, երբ նա հայտարարեց, որ իր կողմից կազմված եզրակացության մեջ կան մեխանիկական վրիպակներ: Ըստ նրա, սխալմունք է տեղի ունեցել և ինքն իրականում ստացել է 16 լուսանկար և այդքան էլ կցել է գործի նյութերին, այնինչ նշված է, որ ստացել է 19 լուսանկար:
Նշենք, որ տուժող կողմը մշտապես բարձրաձայնել է լուսանկարների թվերի հակասության խնդիրը և համարում է, որ երեք լուսանկարները չեն կցվել գործին: Փորձագետի այն հայտարարությունից հետո, որ եղել է մեխանիկական վրիպակ, տուժող կողմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ըստ ՀՀ օրենքների փորձագիտական եզրակացությունը պետք է լինի անթերի, ինչպես նաև այն չի կարող փոփոխվել ցուցմունքների արդյունքում:
Դատախազ Հարոյանը  հարցրեց, թե ինչ է նշանակում «մահվանից ոչ շատ առաջ» բնութագրումը և արդյոք այն կարող էր ընդգրկել դեպքից 3-5 օր առաջ ընկած ժամանակահատվածը: Ի պատասխան՝ փորձագետը նշեց, որ չկա հստակ նշում և, այո՛, կարող է  նշանակել նաև 3-5 օր առաջ:
«Մահվանից ոչ շատ առաջ տերմինը, ըստ գիտական գրականության, նշանակում է մահվանից րոպեներ առաջ», հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը: Նա հավելեց նաև, որ վկան տալիս է ակնհայտ կեղծ ցուցմունք, ստացել է ցուցում նախաքննական մարմնի կողմից և այժմ դատարանում ստում է:
Տուժողի ներկայացուցիչը նշեց, որ ինքը կարող է բերել հենց իր՝ դատաբժիշկ Ադամյանի կողմից գրված եզրակացություններ, որտեղ նա օգտագործում է «մահվանից ոչ շատ առաջ» տերմինը և այն վերաբերում է մահվանը  նախորդող րոպեներին: 
«Դու դեռ պիտի օրենքի առաջ պատասխան տաս, հանցագո՛րծ, քեզ էլ Շոթային էլ (դատաբժշկական փորձաքննության կենտրոնի ղեկավարը -Ա.Հ) խուզելու եմ»,- հայտարարեց Ռուբեն Մարտիրոսյանը:
Վերջինիս բորբոքված հայտարարությունը ծանր կացության մեջ գցեց վկա դատաբժշկին (ձեռքերը դողդողում էին), նա հայտարարեց, որ չի կարող աշխատել նման պայմաններում:
Դատավորը  հայտարարեց տասը րոպե ընդմիջում, որը ձգվեց շուրջ երեսուն րոպե: Ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ փորձագետ Վիգեն Ադամյանը անհայտ ուղիներով լքել է դատարանի դահլիճը (դահլիճի մուտքի մոտ գտնվողները չտեսան նրան դահլիճից դուրս գալիս):
Նա, կրկին անհայտ, միջոցներով հասցրել էր տպագիր կերպով դատարանին ներկայացնել դիմում, որտեղ նշում էր, որ տուժող կողմը իրեն ծաղրի է ենթարկում, հարցաքննությունը վերածում շոուի, ուստի ինքը չի կարող աշխատել և հարցերին կպատասխանի գրավոր:
Տուժող և պաշտպանական կողմերը պահանջեցին դատարանից պարզաբանել, թե ինչպես է վկա Ադամյանը լքել դատարանի դահլիճը, այն պարագայում, երբ նա դա չէր կարող անել առանց նկատվելու, և ինչու է ընդմիջումը երկարացվել: Դատավոր Մարդանյանը պատասխանեց, որ դատարանը պարտավոր չէ տալ պարզաբանումներ և այս դատավարության հետ առնչություն չունի այն հարցը, թե ինչպես է հեռացել փորձագետը:
«Ադամյանը ցուցում էր ստացել գալ դատարան և արժեզրկել իր եզրակացությունը: Նա հասկանալով, որ իր հակասական ցուցմունքները առաջ են բերելու մեր բնական ցասումը և զայրույթը այդ ակնհայտ կեղծիքի դեմ, նախապես, Շոթա Վարդանյանի, կամ իր մեկ այլ տիրոջ հրամանով  տեքստ էր պատրաստել և եկել ասյտեղ»,- նշեց Ռուբեն Մարտիրոսյանը:
Տուժող կողմը միջնորդեց բերման ենթարկել փորձագետին, քանի որ դատարանը պարտավոր է ապահովել կողմերի հարցեր տալու հավասարության սկզբունքները: Նշենք, որ ի տարբերություն մեղադրող կողմի՝ տուժող կողմը չէր ավարտել իր հարցերը, իսկ պաշտպանական կողմը չէր էլ սկսել:
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը նշեց, որ  վկայի փախուստը կազմակերպված էր և պլանավորված , նա եկել էր պատասխանելու միայն մեղադրողի հարցերին ու բռնության մեղքը բարդելու իր պաշտպանյալի վրա: Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակիորեն՝ փորձագետը կրկին պետք է հրավիրվի դատարան:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը ներկայացրեց դատարանին միջնորդություն, որով պահանջվում էր անթույլատրելի ճանաչել գործով անցնող վկաների ցումունքները: Դա հիմնավորվում էր նրանով, որ վկաների հանդեպ զորամասի հրամանատարի կողմից կիրառվել է կալանք, նրանք իրենց ցուցմունքները տալիս գտնվել են անազատության մեջ: Փաստաբան Շուշանյանը իր միջնորդությունը հիմնավորեց ՀՀ սահմանադրության մարդու իրավունքներին վերաբերող մի շարք հոդվածներով, ինչպես նաև եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ հոդվածներով:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով»:
Փաստաբանը նշեց, որ սույն գործով անցնող վկաների ազատազրկումը չի տեղավորվում օրենքով սահմանվող  նորմերով տրված և ոչ մի դեպքում:
«Զորամասի հրամանատար Ս. Ղազարյանը իրավասու չէր  զինծառայողներին ազատությունից զրկել՝ մեկուսացնել կարգապահական մեկուսարանում, քանի որ նա գործել է ոչ թե օրենքի հիման վրա, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ինչպես պահանջում են ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ միջազգային պարտավորությունները, այլ ղեկավարվել է վերջիններիս չհամապատասխանող կառավարության որոշմամբ»: Փաստաբան Շուշանյանը հիշեցրեց նաև, որ ՀՀ-ում Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:
Տուժող կողմի ներկայացուցիչը միջնորդեց նաև 14 հոգու ապօրինի ազատությունից զրկելու մեղադրանքով քրեական գործ հարուցել զորամասի նախկին հրամանատար Սեյրան Ղազարյանի նկատմամբ: Դատարանը, կապված միջնորդության ծավալի և բովանդակային լայն ընդգրկման հետ, որոշեց դրա քննարկումը հետաձգել մյուս նիստին, որը նշանակվեց նոյեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ նախորդ նիստի փոխարեն  Արտակ Նազարյանի հարազատները նախագահական նստավայրի առաջ  կազմակերպել էին բազմամարդ բողոքի ակցիա: Վերջինիս ազդեցությունը վառ կերպով զգացվեց այսօր. դատավոր Սամվել Մարդանյանը դժվարությամբ էր զսպում իր դժգոհությունը տուժող կողմից (վերջիններս պահանջել էին  հեռացնել դատավոր Մարդանյանին՝ կողմնակալության համար):

No comments:

Post a Comment