Արտակ Համբարձումյան
-
Արտակ Նազարյանի գործով հերթական դատական նիստը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին: Շարունակվեց մահացած սպայի զորամասի («Մեհրաբներ») նախկին հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանի հարցաքննությունը:
Վերջինիս հարցաքննությունն ընդհատվել էր, քանի որ տուժող և պաշտպանական կողմերը պահանջել էին շարունակել այն միայն` գնդապետի կողմից կազմված փաստաթղթերի ուսումնասիրության ավարտից հետո: Նշենք, որ այդ փաստաթղերը (զորամասի հրամանագիրք, զինվորներին մեկուսացնելու հրամանագրեր) կողմերին ներկայացվելուց հետո, տուժող կողմից մեկնաբանվեցին, որպես «նորաթուխ» և կեղծ փաստաթղթեր:
Կալանավորված սպաների պաշտպաններ Հ. Գևորգյանը և Պողոսյանը փորձեցին պարզել, թե ինչու է հրամանատարը խախտելով օրենքը` առանց ծառայողական քննության կալանքի ենթարկել սպաներին: Վկան պատասխանեց, որ ինքը կատարել է բանավոր քննություն, որը որևէ տեղ, փաստորեն, արձանագրված չէ: Այնինչ, ինչպես նկատեղ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը, հենց այդ քննությունը պետք է լինի հիմք կալանքի հրամանի համար, սակայն նման հիմքեր ներկայացված փաստաթղթերում չկան:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ փորձեց պարզել, թե արդյոք զինվորներին տրվել է պաշտպանվելու իրավունք, այսինքն նրանց բացատրվել են իրենց իրավունքները և կալանավորելու պատճառները: Դատավոր Մարդանյանը անհայտ պատճառներով, որոշեց հարցը հանել, «Դուք, նեղն եք ընկել, դրա համար էլ հարցերը հանում եք», արձագանքեց փաստաբան Շուշանյանը: «Նեղը չեմ ընկել, Դուք եք «մանթռաշ», արդարության պաշտպանին «հարգի» կերպով պատասխանեց դատավոր Սամվել Մարդանյանը:
Երեք ամբաստանյալ զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը հարցրեց վկային, թե ինչպես է ստացվել, որ զինվորներին մեկուսացնելու հրամանը արձանագրված է հուլիսի 28-ով, այնինչ զինվորները կալանված են եղել արդեն հուլիսի 27-ին: Հարց հղվեց նաև, թե ինչու և ինչպես են զինվորները պահվել կալանքի տակ նշանակված տասը օրերից ավել, ընդհուպ մինչև 20 օր: Նախկին հրամանատարը նշեց, որ պետք է ուսումնասիրի փաստերը, չի կարող ասել, իսկ ամենակիրառական պատասխանը հրամանատարի մոտ «չեմ հիշում»-ն էր:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հիշեցրեց վկային, որ բոլոր զինվորները, թե վկաները և թե ամբաստանյալները, դատարանում նշել են, որ իրենց կալանել են և տեղափոխել ՌՈ Նազարյանի մահվան գործով, այլ ոչ թե կարգապահական խախտման համար: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն էլ նշեց, որ ՌՈ-ում տարբեր կառույցների ներկայացուցիչներ հարցաքննել են վկաներին միայն Նազարյանի մահվան գործի վերաբերյալ, և որևէ բառ նյութերի մեջ առկա չէ կարգապահական խախտումների մասին: Վկան պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչպես են աշխատել ՌՈ-ի համապատասխան մարմինները և դա իրեն չի հետաքրքրում:
Վկա Ս. Ղազարյանը նշեց, որ ինքը չի կալանավորել կամ պատժել նորակոչիկ, երդում չտված զինվորների: Այս կապակցությամբ փաստաբան Հ. Գևորգյանը փորձեց պարզել, թե ինչու է 10 օրով կալանավորվել դեռևս երդում չտված նորակոչիկ Վարդան Մկրտչյանը: Նշենք, որ ըստ պաշտպանական և տուժող կողմերի այս զինվորը ձերբակալվել է իր եղբոր` Արթուր Մկրտչյանի վրա ճնշում գործադրելու նպատակով, քանի որ վերջինս որպես վկա էր հանդես գալիս Նազարյանի գործով:
Նախկին հրամանատարը իր խոսքերում նշեց, որ ինքը իր զինվորներին վերաբերվել է սեփական որդիների պես: Այս կապակցությամբ իրենց բացահայտ քմծիծաղը չկարողացան թաքնել կալանված զինվորները:
Գնդապետի հարցաքննության ավարտից հետո տուժող և պաշտպանական կողմերը հայտարարեցին վկայի թույլ տված սխալների և կեղծիքների մասին: «Ողջ հարցաքննության մեջ ճիշտ էր միայն սկզբի հատվածը, որ նա գնդապետ Սեյրան Ղազարյանն է, մնացածը սուտ էր», հայտարարեց Ռուբեն Մարտիրոսյանը:
Փաստաբան Հրանտ Գևորգյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են միջնորդել դատարանին` գնդապետին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպանը հարցաքննությունից հետո հանդես եկավ մի կարևորագույն միջնորդությամբ` կրկնակի դատահոգեբանական փորձաքննության վերաբերյալ: Նշենք, որ դատարանը մեկ անգամ արդեն մերժել էր կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն կատարելու մասին միջնորդությունը, սակայն այս անգամ փաստաբան Գևորգյանը նշեց, որ առկա են նոր հիմքեր միջնորդության համար:
Մասնավորապես նա նշեց, որ նախաքննական մարմինը ստեղծել է Արտակ Նազարյանի վերաբերյալ թյուր և կեղծ կարծիք, բնութագրելով նրան, որպես թույլ և անվճռական սպայի, որը ի զորու չէր ղեկավարելու իր ենթականերին: Այնինչ, դատարանում պարզվեց, որ Նազարյանը եղել է ոչ միայն ինտելեկտուալ և կիրթ, այլև վճռական և կայուն անձնավորություն.
«Արտակը իր հայհոյողին կրկնակի անգամ է հայհոյել, պատասխանել է իրեն վիրավորողներին և եղել է զինվորների կողմից հարգված ու սիրված սպա», հայտարարեց Ռուբեն Մարտիրոսյանը: Նշվեց, որ նման սխալ բնութագրի հիման վրա հոգեբան-փորձագետը չէր կարող տալ ճիշտ հոգեբանական եզրակացություն: Նախաքննական մարմինը չէր պարզել նաև Նազարյանի օրգանիզմում առկա խմածության փաստի հանգամանքները, և թե ինչպես դա կարող էր առնչվել նրա մահվան հետ:
Փաստաբան Շուշանյանն էլ նշեց, որ փորձագետի եզրակացությունը չէր կարող ճշմարիտ լինել, քանի որ նա տեղյակ չի եղել, թե ինչ է տեղի ունեցել Նազարյանի հետ նրա մահվանից մի քանի ժամ առաջ, թե ովքեր են հասցրել նրան մարմնական վնասվածքներ և փաստորեն հոգեբան Էլդա Գրինը տվել է եզրակացություն` չտիրապետելով Նազարյանի վերաբերյալ լիարժեք ինֆորմացիայի:
Նշենք, որ նախօրեին տված մամլո ասուլիսում տուժող կողմի ներկայացուցիչները մեղադրել էին հոգեբան Էլդա Գրինին շահադիտական նպատակներով կեղծ եզրակացություն կազմելու մեջ, նշելով, որ նա նմանատիպ եզրակացությունների «արտադրություն» է բացել:
Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում նշեց, որ Էլդա Գրինը կապվել է իր հետ և նշել , որ իրեն էլ ցանկալի կլիներ կրկնակի փորձաքննության անցկացումը և զարմացել է, թե ինչու է դատարանը մերժել նմանատիպ նախորդ միջնորդությունը: Հոգեբանը մամուլում արտահայտվելով` չէր բացառել իր սխալված լինելու հնարավորությունը, այնինչ, ըստ տուժող կողմի մեկնաբանության հենց Էլդա Գրինի եզրակացության հիման վրա է առաջադրվել մեղադրանք ներկա 5 ամբաստանյալներին, որոնք շուրջ երկու տարի է գտնվում են կալանքի տակ:
Կրկնակի դատահոգեբանական փորձաքննության մասին միջնորդության քննարկումը տեղի կունենա հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց նոյեմբերի 7-ին:
- See more at: http://www.lragir.am/index.php/arm/0/right/view/73863#sthash.ecAque7T.dpuf
No comments:
Post a Comment