Friday, January 18, 2013

Դատաբժշկի դեմ քրգործի հարուցման եւ արտագնա նիստերի մերժման որոշումներ

Այս միջնորդությունն էլ կմերժվի

17/01/201308:57
Դատարան են ներկայացել բոլոր կողմերը, բացառությամբ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի, ով  վատառողջ լինելու պատճառով, դատական այս նիստի չի մասնակցել:
Մեզ հետ զրույցում Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, նշեց, որ դատական նիստի ժամանակ քննարկվել է դատական նիստերը Երեւանում անցկացնելու միջնորդությունը, ինչը մերժվել է. «Նախորդ տարվա վերջին դատավարության բոլոր մասնակիցները, այսինքն` մեղադրյալների պաշտպանները եւ տուժող կողմը, միասնական միջնորդություն էինք ուղարկել դատարանին` արտագնա նիստը Երեւանում անցկացնելու վերաբերյալ, քանի որ արդեն մեկ տարուց ավել է, գնում ենք Ւջեւան, հիմա էլ եղանակային պայմանների պատճառով մի քանի անգամ եղավ, որ չկարողացանք հասնել Իջեւան, բացի այդ պաշտպաններից մեկը երկու անգամ արդեն վթարի է ենթարկվել: Օրենքի պահանջն է, որ եթե դատավարության մասնակիցների մեծ մասը գտնվում է տվյալ դատարանի դատական տարածքից դուրս, դատարանը կարող է անցկացնել արտագնա դատական նիստեր: Այս դեպքում դատավարության բոլոր մասնակիցներն են գտնվում Տավուշի մարզի տարածքից դուրս: Երեկ առաջին հերթին դատարանը այս միջնորդությանն անդրադարձավ, միջնորդության դեմ չառարկեցին նաեւ մեղադրող երկու դատախազները, բայց ինչպես եւ սպասելի էր, դատարանը միջնորդությունը մերժեց»,- փոխանցեց Շուշանյանը: Վերջինս հիշեցրեց, որ դատարանը մեկ անգամ որոշել էր արտագնա դատական նիստերը Երեւանում անցկացնել: 2011 թվականի աշնանը, երբ դատավարությունը նոր էր մեկնարկել դատավարության բոլոր կողմերի պահանջով դատարանը նման որոշում կայացրեց: Երեւանում տեղի ունեցան մի քանի դատական նիստեր, բայց ենթադրաբար այն պատճառով, որ հանրային ուշադրությունը գործի նկատմամբ շատ մեծ էր, եւ շատ բուռն իրադարձություններ էին տեղի ունենում, այսինքն` այն վկաները, որոնց ցուցմունքների վրա հիմնված էր մեղադրանքը, իրենք էին հարցաքննվում, եւ իրականությունը բացահայտվում էր իրենց հարցաքննությունների ընթացքում, փաստաբանի գնահատմամբ, վերեւից որոշում կայացվեց, եւ գործը քննող դատավորին հրահանգեցին գործը Երեւանի աչքից հեռացնել,  խախանդ պայմաններում իրենց ուզած ձեւով դատավարությունը առաջ տանել:
Երեկվա դատական նիստում տուժող կողմը ներկայացրել է միջնորդություն՝ դատական բժիշկ Վիգեն Ադամյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Ադամյանը, ինչպես նշեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը, դատարանում ակնհայտ սուտ ցուցմունք է տվել, որի նպատակն էր Արտակ Նազարյանի մարմնի դատաբժշկական փորձաքննության իր իսկ տված եզրակացությունը փոխելը: Դատարանն այսօր պետք է հրապարակի այս միջնորդության վերաբերյալ իր որոշումը: Փաստաբանը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում դատավարության կողմերի բոլոր միջնորդությունների լուծումը դատարանը հետաձգում է: Այսինքն` հրաժարվում է որոշում կայացնել կամ բավարարել, կամ մերժել միջնորդությունը, փոխարենը հայտարարում է, որ դրանց լուծումը հետաձգվում է, եւ դատարանը դրանց կանդրադառնա խորհրդակցական սենյակում դատավճիռ կայացնելիս: «Դա դատարանի կողմից, մեղմ ասած, կամայականություն եւ անօրինականություն է, որովհետեւ օրենքը նախ նախատեսում է, որ միջնորդության լուծումը կարող է հետաձգվել միայն այն դեպքում, երբ այդ միջնորդությունը լուծելու համար անհրաժեշտ է պարզել այլ հանգամանքներ, հիմա բոլոր ապացույցները հետազոտվել են, դատարանը նոր հանգամանք պարզել չի կարող, այնպես որ, մենք դատարանի այդ մարտավարությունը, երբ ինքը չի ուզում հայտարարել, որ մերժում է, ասում՝ հետաձգում եմ դրա լուծումը, գնահատում ենք միջնորդությունների քողարկված մերժում: Հենց մի քիչ նեղն են ընկնում, արդեն բոլորի համար է ակնհայտ դառնում, որ իրենք արդարադատություն չեն իրականացնում, այլ դատախազության կամքն են ընդամենը ցանկանում հաստատել` ապագայում կայանալիք իրենց դատավճռով: Բոլոր այն միջնորդությունները, որ կարող են լույս սփռել գործով ճշմարտության վրա, բացահայտեն իրականությունը, իրենք այդ տարբերակով են մերժում»,- ասաց Մուշեղ Շուշանյանը: Նիստը կշարունակվի այսօր:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը Տավուշի մարզի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացել է 2010 թվականի հուլիսին: Քննիչները առաջ են քաշել ինքնասպանության վարկածը: Ձերբակալվել են դասակի հրամանատարը, գումարտակի հրամանատարի տեղակալը եւ երեք ժամկետային զինծառայողներ, ովքեր, ըստ նախաքննության, ինքնասպանության են հասցրել Արտակ Նազարյանին: Հարազատները, պնդում են, որ Նազարյանը սպանվել է:
Տաթեւ Խաչատրյան

No comments:

Post a Comment