Ամեն մարդու տրված չէ լինել իրավապաշտպան
Արտակ Նազարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, որին դատավոր Մարդանյանը հեռացրել էր նախորդ նիստից՝ թույլ չտալով կատարել հայտարարություն, այսօրվա նիստում փորձեց հատուկ դատավորի համար մեջբերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը, որով հիմնավորվում է, որ դատավարության մասնակից կողմերից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է կատարել հայտարարություն:
Դատավորը, սակայն, այս անգամ ևս Ռուբեն Մարտիրոսյանին թույլ չտվեց իրացնել օրենքով նախատեսված իր իրավունքը: Նա կասկածի տակ դրեց իրավապաշտպան Մարտիրոսյանի իրավաբանական գիտելիքները՝ մեծ գոհունակությամբ նշելով, որ օրենսդրության նոր փոփոխությամբ, այլևս միայն փաստաբանները կկարողանան ներկայացնել տուժողների շահերը դատարանում, և «ընդամենը իրավապաշտպան» հանդիսացող անձինք չեն ապակողմնորոշի նրանց:
«Ամեն մարդու տրված չէ լինել իրավապաշտպան, օրենսդիրն այդ օրենքը միտումնավոր է ընդունել, քանի որ տեսնում է, որ իրավապաշտպանները լրջորեն խոչընդոտում են կոռումպացված համակարգին»,- արձագանքեց իրավապաշտպանը` շարունակելով ներկայացնել մի քանի նոր միջնորդություններ, մասնավորապես, դատարան հրավիրել Արտակ Նազարյանի զորամասի այն ժամանակվա հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Եղոյանին, ով, ըստ որոշ ցուցմունքների տեղյակ է եղել Նազարյանի ու ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի միջև եղած միջադեպին:
«Եթե Եղոյանը իմանալով այդ մասին կատարեր օրենքով նախատեսված գործողություններ՝ Նազարյանն այսօր ողջ կլիներ»,- հայտարարեց Ռուբեն Մարտիրոսյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ծովինար Նազարյանը նույնպես պնդեց, որ Եղոյանը պարտադիր պետք է ներկայանա դատարան և ներկայացնի իրեն հայտնի տեղեկությունները:
Ի դեպ, Եղոյանը եղել է տվյալ զորամասի դաստիարակության գծով պատասխանատուն: Ուշագրավ է նաև այն փաստը, որ նույն այս փոխգնդապետ Եղոյանը Նազարյանի մահվանից հետո ազատվել է զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնից, ապա նշանակվել է Ղափանի զորամասում, որտեղ նրա ծառայության ժամանակ տեղի է ունեցել զինծառայող Տիգրան Համբարձումյանի մահվան դեպքը: Եղոյանը այդ զորամասից ևս հեռացվել է:
Եվ չնայած այս սպայի վերաբերյալ առկա բազմաբնույթ տեղեկություններին և Նազարյանի գործի հետ առնչությանը՝ դատավորը հայտնեց, որ նրա հետ կապված հարցին կանդրադառնա խորհրդակցական սենյակում:
Դատարանը գործով վկա, զինծառայող Համլետ Աղամիրյանի վերաբերյալ բնակավայրից բացակայության մասին գրություն էր ստացել: Վերջինիս մայրը տեղեկացնում էր, որ Հրազդանում բնակվող որդին գնացել է Երևան աշխատանք գտնելու և չի վերադարձել: Դատարանը բավարարեց Ռուբեն Մարտիրոսյանի միջնորդությունը՝ Աղամիրյանին բերման ենթարկելու վերաբերյալ:
Սա Արտակ Նազարյանի գործով վկաների՝ այսպիսի տարօրինակ բացատրություններով չներկայանալու առաջին դեպքը չէր: Գործով կարևորագույն վկա Արման Մնացականյանը «կորավ», երբ գործը տեղափոխվում էր Երևանից Իջևան, դատարանին հայտնել էին, թե նա գնացել է Արցախ բանջար հավաքելու: Համապատասխան մարմինները այդպես էլ չգտան այդ վկային ով կարող էր գործի համար բեկումնային բացահայտումներ անել:
Տուժող կողմը միջնորդեց նաև դիմել ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոն՝ պարզաբանելու, թե ինչ է նշանակում դատաբժիշկ Վիգեն Ադամյանի արձանագրության մեջ առկա «մահվանից ոչ շատ առաջ» ձևակերպումը, որով բնորոշվել էր Նազարյանի մարմնի վրա առկա վնասվածքների մի մասի ժամանակագրությունը:
Դատաբժիշկ Ադամյանը, սակայն գալով դատարան՝ հայտնել էր, որ այդ «ոչ շատ առաջ»-ը կարող է լինել նաև մահվանից 3-5 օր առաջ: Այս տեսակետը, սակայն կտրականապես մերժում էր Մարտիրոսյանի բերած տեղեկանքը.
«Փորձագետի ասածը հակասում է հայոց լեզվին ու գիտական գրականությանը, ես դիմել եմ ՌԴ դատաբժշկական կենտրոնի ղեկավար Կովալյովին, ով ասել է, որ «ոչ շատ առաջ» նշանակում է ոչ ավել քան 30 րոպե առաջ»:
Դատավորը այս կարևորագույն հանգամանքը պարզաբանող միջնորդությունը ևս մերժեց՝ ասելով, որ հիմնավոր է համարում փորձագետ Ադամյանի բացատրությունը:
Արտակ Նազարյանի գործով շուրջ երկու տարի ընթացող դատավարությունը մոտենում է ավարտին, շուտով, այն կթևակոխի վիճաբանությունների փուլ, որից հետո էլ դատավոր Մարդանյանը կարձակի այս աղմկահարույց գործով վճիռը:
Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 26-ին:
No comments:
Post a Comment