Thursday, February 7, 2013

Ինչի՞ց է վախենում դատավորը (+video)

Ինչի՞ց է վախենում դատավորը

  • Իրավունք - 07 Փետրվարի 2013, 09:42
Դատավոր Սամվել Մարդանյանը
Դատավոր Սամվել Մարդանյանը
2010թ.-ի հուլիսին Տավուշի մարզի դիրքերից մեկում մահացած ենթասպա Արտակ Նազարյանի ներկայացուցիչները կրկին ահազանգում են դատավոր Սամվել Մարդանյանի կամայական գործողությունների մասին: Նախորդ դատական նիստում դատավորն արդեն հինգերորդ անգամ դատարանի դահլիճից հեռացրել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանին: Դատավորը հեռացրել է վերջինիս՝ թույլ չտալով կատարել հայտարարություն, որը վերաբերելու էր կարևորագույն միջնորդության մերժմանը:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասում է, որ դատավոր Մարդանյանին թվում է, թե ինքը գործում է օրինականության շրջանակներում և կարող էր դատարանից հեռացնել Ռուբեն Մարտիրոսյանին, ով չի հանդիսանում փաստաբան, իսկ ըստ օրենքի համապատասխան նորմի՝ դատավորը փաստաբանների կամ դատախազների նկատմամբ կարող է կիրառել սանկցիա՝ զգուշացում, կամ դիմել փաստաբանների պալատ:
«Պարոն Մարդանյանին թվում է, թե ինքը գործել է օրենքի սահմաններում, սակայն ես պետք է իրեն հիասթափեցնեմ, նա կոպիտ կերպով խախտել է օրենքը», ասում է  փաստաբանը՝ պարզաբանելով, որ Մարտիրոսյանի հեռացմամբ խախտվել է արդար դատաքննության ամենահիմնարար նորմերից մեկը՝ կողմերի հավասարության սկզբունքը.տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հեռացմամբ տուժողի իրավահաջորդը զրկվել է իր իրավունքները իրականացնելու հնարավորությունից: Այսինքն տուժող կողմը մեղադրող կամ պաշտպանական կողմերի համեմատ հայտնվել է անհավասար պայմաններում, ինչն օրենքի կոպտագույն խախտում է:
«Ես կարծում եմ, որ դատավոր Մարդանյանը նպատակ ունի միայն դատական ակտի տեսք տալ զինվորական դատախազության ներկայացրած մեղադրանքին և նա նյարդայնանում է մեր ներկայացրած միջնորդություններից », ասաց փաստաբանը:
Ռուբեն Մարտիրոսյանին հեռացնելու առիթը դարձած միջնորդությունը չափազանց կարևոր էր այս քրեական գործի համար, այն  կարող էր լույս սփռել ոչ միայն առանձին հանգամանքների, այլ միգուցե ողջ գործի վրա:
Ըստ փաստաբանի քրեական գործում առկա է մի շատ կարևոր՝  խծուծների դատաձգաբանական փորձաքննության եզրակացություն: Դեպքի վայրում գտնվող 11 զինծառայողներից յոթի վրա  փորձաքննությամբ  գտնվել են  պղնձի մետաղացման հետքեր: Նման հետքեր լինում են կրակոց արձակող հրազենին բավականին մոտիկ գտնվելու պարագայում.
«Սրանից քննիչը պետք է հետևություն աներ, որ յոթ զինվորներ կրակոցի պահին գտնվել են Արտակ Նազարյանի կողքին, կամ նրանից ոչ շատ հեռու, սակայն քննիչը  ոչ մի հետևություն չէր արել և այս ուղղությամբ ոչ մի քննություն չէր տարել», հանգամանքները ներկայացնում է փաստաբան Շուշանյանը: Այս միջնորդության  նպատակն էր դատարան հրավիրել դատաձգաբան փորձագետներին պարզելու՝ որքան ժամանակ են մետաղացման հետքերը պահպանվում, ինչ հեռավորության վրա այդ մետաղացման հետքերը կարող էին առաջանալ և այլն:
Փաստաբանն ասում է, որ մասնագիտական այս հարցերին՝ իրեն փորձագետի տեղ դնելով փորձել է պատասխանել քննիչ Լևոն Պետրոսյանը, ապա դատախազը. «Սկզբում դատախազը փորձեց խլել քննիչից փորձագետի դափնիները և պարզաբանել արձանագրութունը, սակայն նրանց երկուսին գերազանցեց դատավոր Մարդանյանը, որը մերժելով մեր միջնորդությունը՝ փորձեց դատողություններ անել, թե փորձագետի ասածը ինչ է նշանակում: Այսինքն դա խիստ վտանգավոր միջնորդություն էր իրենց համար. փորձագետին դատարան բերելը:»
Ռուբեն Մարտիրոսյանին հեռացնելուց հետո հայտարարություն է փորձել անել նաև Մուշեղ Շուշանյանը. «Դատավոր Մարդանյանը թույլ չտվեց օգտվել օրենքով ինձ տրված հնարավորությունից և մենք լքեցինք դահլիճը ասելով, որ այստեղ այլևս անելիք չունենք»:
Տուժող իրավահաջորդ Ծովինար Նազարյանը տեղեկացրեց, որ իրենք հինգշաբթի օրը դիմելու են դատախազություն դատավոր Ս. Մարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ, իսկ ուրբաթ օրը տուժող կողմը պատրաստվում է հանդես գալ մամլո ասուլիսով:
Video: https://www.youtube.com/watch?v=8EmW_IBcE4U
- See more at: http://www.lragir.am/index.php/arm/0/right/view/78232#sthash.af6Ees35.dpuf

No comments:

Post a Comment