Thursday, March 14, 2013

Սպանություն, ոչ թե ինքնասպանություն։ Մեղադրականը չի արտացոլել դատավարությունը (+video)

Սպանություն, ոչ թե ինքնասպանություն

  • Իրավունք - 14 Մարտի 2013, 12:48
«Ինձ համար միևնույնն է, թե որքան տարի են պահանջել, կարևորը հանցագործության որակումն է, իսկ այն միանշանակ պիտի լինի սպանություն, ոչ թե ինքնասպանության հասցնել: Այս ամբաստանյալները կամ նրանցից թեկուզ մեկը, եթե մեղք ունի սպանության մեջ, ապա, այդուհանդերձ,  չպետք է դատապարտվի այս մեղադրանքով, այլ` պետք է տարվի նոր քննություն և դատապարտվի սպանության մեղադրանքով», երեկ դատարանում հնչած մեղադրական ճառից հետո տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը վերահաստատեց բազմիցս արտահայտած այն դիրքորոշումը, որ կատարվածը ինքնասպանություն չէ:
Դատախազների ճառը գլխավորապես հիմնված էր  նախաքննության տվյալների վրա, որոնց հավաստիությունը կասկածի տակ են դնում տուժող ու պաշտպանական կողմերը՝ նշելով, որ վկաների ցուցմունքները ստացվել են անօրինական գործողություններով: Դատախազները հղում էին կատարել, անգամ,  վկաներ Սմբատ Սարգսյանի ու Ռաֆայել Էվոյանի նախաքննական ցուցմունքներին, չնայած, որ վերջիններս դատարանում հերքել էին իրենց այդ ցուցմունքները: 
Մեղադրական ճառում հղում էր կատարում նաև փորձագիտական եզրակացությունների տվյալներին, մասնավորապես, խոսելով դատաբժշկական եզրակացության մասին դատախազները այս անգամ որոշել էին արժանահավատ համարել դատաբժշկի դատարանում տված ցուցմունքը:
Տուժող կողմը բազմիցս հայտարարել էր տարբեր փորձաքննությունների անարժանահավատության մասին՝ պահանջելով նոր փորձաքննություններ, ինչպես նաև միջնորդել նշանակել այնպիսի փորձաքննություններ որոնց նախաքննական մարմինը չէր դիմել, սակայն դատավորն այդ միջնորդությունները  չէր բավարարել:
. «Մեղադրողներիների ճառը լսելիս այնպիսի տպավորություն էր, որ մեկ ու կես տարի ընդհանրապես դատաքննություն տեղի չի ունեցել և այդ ժամանակն իզուր է կորել, որովհետև մեղադրողները նույնությամբ կրկնեցին այն մեղադրական եզրակացությունը, որն իրենք ներկայացրել էին նախաքննության ավարտին», խոսելով դատախազների ճառի մասին՝ իր զարմանքն արտահայտեց  Ծովինար Նազարյանը:
Նա նշեց, որ դատավարության ժամանակ բազմաթիվ փաստական հանգամանքներ հերքվել, կասկածի տակ էին առնվել, նոր հանգամանքներ էին ի հայտ եկել.
 «Դատախազներն այդ ամենն անտեսելով ներկայացրեցին մեղադրական ճառ, որն ուղղակի ծիծաղելի էր լսել, սա արհամարհական վերաբերմունք է արդարադատության նկատմամբ: Ի՞նչի համար է պետությունը մեկ ու կես տարի այդքան ծախս արել՝ դատախազներին տարել Իջևան ու հետ բերել, որ հետո ջանք չթափե՞ն նորմալ մեղադրական ճառ գրելու համար», ասաց Նազարյանը:
 «Նրանք տեսել են սպանությունը, կարող էին դատարանում խոսել, կարող էին օգնել, որ հենց իրենք չդապարտվեն, բայց չխոսեցին», մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի քույր Ծովինար Նազարյանը խոսելով մեղադրական ճառի մասին՝ ասաց, որ քիչ հավանական է համարում ամբաստանյալ շարքայինների մասնակցությունը իր եղբոր սպանությանը, սակայն իր կարծիքով նրանք տեղյակ են իրականությանը:
Այս ամբաստանյալները, չնայած, որ չէին ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը, սակայն հրաժարվել էին ցուցմունք տալ նախաքննական մարմնին, իսկ դատարանում ցուցմունք էին տվել նրանցից միայն երկուսը՝ չտալով որևէ էական տեղեկություն:
«Ես  մենակ էն գիտեմ, որ իմ անմեղ երեխեն երկու տարի յոթ ամիս նստածա», խոսելով պահանջած պատժաչափի մասին՝ ասաց ամբաստանյալ Ադիբեկ Հովհաննիսյանի մայրը: «Չորս տարի իմ երեխան ու՞մ տեղը պատասխան տա»,  ամբաստանյալի մայրը համաձայն չէր նաև ինքնասպանության վարկածի հետ. «Ինքնասպանություն չի, սպանությունա:»
Մեղադրողներ Հայկ Հարոյանը և Հարություն Հարությունյանը պաշտպանեցին մեղադրական եզրակացությունը՝ ինքնասպանության հասցնելու վարկածով և ամբաստանյալ շարքայիններից երկուսի՝ Ադիբեկ Հովհաննիսյանի , Մխիթար Մխիթարյանի, ինչպես նաև լեյտենանտ Վահագն Հայրապետյանի համար պահանաջեցին չորս տարվա ազատազրկում, իսկ մյուս ամբաստանյալ շարքային Հարութիկ Կիրակոսյանի համար՝ երկու տարի: Առավել մեծ պատիժ են ակնկալում դատախազները մյուս ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի համար, նրա մեղքը դատախազներն ապացուցված են համարում մի քանի հոդվածներով և պահանջեցին, ընդհանուր, տասներեք տարվա ազատազրկում:
«Տասներեք տարին ո՞րնա, դեպքից յոթ օր հետո մարդ ինքնասպանա լինու՞մ», ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի հարազատներն  զարմանքով ու բարկությամբ հեռացան դատարանի դահլիճից, նրանք նշում էին, որ Մանուկյանի ու Նազարյանի միջև եղած միջադեպը, որը մեղադրողների կարծիքով  Նազարյանին ինքնասպանության դրդող գլխավոր հանգամանքներից է եղել, իրականում տեղի է ունեցել մահվանից մեկ շաբաթ առաջ և ավարտվել է ձեռքսեղմումով:  Իսկ այն հարցին, թե ըստ իրենց եղել է ինքնասպանություն, թե ոչ ամբաստանյալի հարազատները պատասխանեցին. «Մենք ինչ իմանանք, թե ինչա եղել, էտ էլ թող իրենք ապացուցեն:»
Մարտի 26-ին նշանակած նիստին պաշտպանական ճառով հանդես կգա տուժող կողմը:
http://www.lragir.am/index.php/arm/0/right/view/80043
Տեսանյութը՝ Հելսինկյան Ասոցիացիայի 
https://www.youtube.com/watch?v=0fWcrv9Jhqg

No comments:

Post a Comment