Սուտը պարզվեց, ճշմարտությունը՝ ոչ
Արտակ Նազարյանի գործով նախորդ դատական նիստում պաշտպանական ճառով հանդես եկան գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպանները` համոզմունք հայտնելով, որ իրենց պաշտպանյալի մեղքը քննությամբ չի հաստատվել և դատարանից պահանջեցին արդարացման դատավճիռ կայացնել:
Եվ սա այն դեպքում, երբ մեղադրող կողմը Հակոբ Մանուկյանի մեղքը հաստատված է համարել և նրա համար 13 տարվա ազատազրկում պահանջել: Ամբաստանյալի պաշտպանները հայտարարեցին նաև, որ քննությամբ չի հաստատվել Արտակ Նազարյանի “ինքնասպանության” վարկածը:
Ամբաստանյալի պաշտպան Հրանտ Գևորգյանը իր ճառում ևս մեկ անգամ շեշտեց, որ պետք է ուշադրություն դարձվեր վաշտի հրամանատար Ուդումյանի և Նազարյանի միջև տեղի ունեցած վեճին, որը կարող էր և պատճառահետևանքային կապ ունենալ Նազարյանի մահվան հետ: Ի դեպ, Ուդումյանը գործով այդպես էլ չներգրավվեց որպես մեղադրյալ, չնայած այն բանին, որ այս կապակցությամբ տուժող կողմը բազմաթիվ միջնորդություններ էր արել:
Հիշեցնենք, վաշտի հրամանատար Ուդումյանը Նազարյանի մահվանը նախորդող օրը նրան հեռախոսով ասել էր, որ գալու է և նրա «հարցերը լուծի»:
Պաշտպան Գևորգյանը իր ճառում ընդգծեց, որ սպանության վարկածը չի քննվել, ապօրինաբար կալանավորվել են զինվորներ, նրանցից կամքով թույլերին պարտադրել են տալ ցուցմունքներ, որոնք ապացուցում էին նախաքննական մարմնի որոշած հիմնական՝ ինքնասպանության վարկածը:
Խախտված են եղել այդ վկաների իրավունքները և որ նրանք ցուցմունք տալիս գտնվել են անազատության մեջ: Վկաներից մեկի՝ Արթուր Մկրտչյանի վրա ճնշում գործադրելու նպատակով կալանավորվել է նրա նորակոչիկ եղբայրը, որն ըստ ամբաստանյալի պաշտպանների՝ եղել է պատանդի կարգավիճակում:
Հիմնական վկաներից մյուսին՝ Արման Մնացականյանին, շուրջ մեկ ամիս ավել են պահել և զորացրել են միայն տուժող կողմի՝ ՊՆ-ում ունեցած հանդիպումից ու բողոքներից հետո: Այս կարևորագույն վկան, ըստ էության, «կորավ», երբ գործը Երևանից տեղափոխվում էր Իջևան:
Վկաներից երկուսն էլ դատարանում հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից՝ նշելով, որ իրենք չեն դրա հեղինակը և իրենցից դա կորզվել է ճնշման միջոցով: Այսինքն, վկաների ցուցմունքները, որոնց վրա էլ հիմնականում կառուցված է ողջ գործը, ըստ էության, խիստ կասկածելի են և ըստ ամբաստանյալ Մանուկյանի պաշտպանների՝ վկաներից նմանօրինակ ցուցմունքներ կորզելով նախաքննական մարմինը խնդիր է ունեցել Նազարյանի մահվան մեղքը բարդել կապիտան Մանուկյանի և մյուս ամբաստանյալների վրա:
Պաշտպանը իր ճառում նշեց նաև, որ իր պաշտպանյալը երկու տարբեր հոդվածներով մեղադրվում է մեկ արարքի համար, ինչն օրենքի կոպտագույն խախտում է, քանի որ թե ՀՀ սահմանադրությամբ և թե միջազգային տարբեր կոնվենցիաներով անձը չի կարող պատժվել մի արարքի համար, որի համար արդեն մեղադրվել է կամ կրել է պատիժը:
Ինչպես տուժող կողմն էր իր ճառում անդրադարձել թերի փորձաքննությունների խնդրին, նույն արեցին նաև ամնբաստանյալի պաշտպաննները: Նրանք նշեցին, որ դատարանը մերժել է մի շարք կարևոր փորձաքննությունների միջնորդություններ, որոնք լույս կսփռեին Նազարյանի մահվան հանգամանքների վրա:
Ամբաստանյալի պաշտպանը ևս անդրադարձավ դատական հոգեբան Էլդա Գրինի կողմից տրամադրված եզրակացությանը՝ նշելով, որ փորձագետը չի ունեցել բավարար փաստեր փորձագիտական եզրակացություն տալու համար և հիմնվել է միայն նախաքննական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների վրա:
Ինչպես տուժող կողմը, այնպես էլ ամբաստանյալի պաշտպանները մի քանի անգամ միջնորդել էին նշանակել լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն, ինչը դատավոր Մարդանյանը անվարան մերժել էր: Փաստաբան Գևորգյանը իր ճառում ներկայացրեց նաև նոր փաստաթուղթ, որը նա ստացել էր հենց նույն փորձագետ-դատական հոգեբան Էլդա Գրինին կատարված հարցմանն ի պատասխան:
Փաստաբանը հարցում էր արել՝ արդդյո՞ք հնարավոր է որոշել միջին կամ ծանր ալկոհոլային խմածության տակ գտնվող անձի հոգեվիճակը և տալ համապատասխան եզրակացություն: Էլդա Գրինը իր պատասխանում բացառել էր նման, այսինքն աֆեկտի տակ գտնվող անձի հոգեկան վիճակը օբյեկտիվորեն ստուգելու հնարավորությունը:
Իսկ ինչպես պարզվում է Արտակ Նազարյանի գործից՝ նրա օրգանիզմում հայտնաբերվել է ալկոհոլի որոշակի չափաքանակ: Սակայն այս դեպքում Էլդա Գրինը չէր վարանել տալ համապատասխան եզրակացություն, չնայած ինչպես ինքն է պնդում՝ աֆեկտի տակ գտնվող անձի հոգեկան վիճակը պարզել հնարավոր չէ:
Ամբաստնյալ Հակոբ Մանուկյանի պաշտպանները իրենց ճառում անդրադարձան գործի տարբեր հանգամանքների՝ նշելով, որ այդպես էլ շուրջ երկու տարվա դատաքննության ընթացքում չի ապացուցվել իրենց պաշտպանյալի մեղքը, ուստի նրա նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ և գործը պետք է վերադառնա նոր դատաքննության փուլ՝ սպանության վարկածով:
Պաշտպան Գևորգյանը իր պաշտպանյալի համար հնարավոր համարեց նաև Քր.դատ.օրի 275 հոդվածի 1-ին մասով մեղադրանքը, իսկ մնացած մասերով այն պետք է մերժվի:
Մանուկյանի պաշտպանները արդարացման դատավճիռ խնդրեցին նաև մյուս ամբաստանյալների համար, քանի որ նրանց նկատմամբ ևս մեղադրանքը առաջադրվել է նույն հիմքերով, ինչ կապիտան Մանուկյանի դեպքում է:
Պաշտպանի կարծիքով, որ դատախազները այդպես էլ չեն կարողացել պատասխանել հարցին. Նազարյանին սպանել են, թե նա ինքնասպանություն է գործել: «Դատարան եք բերել հիմնականում չբացահայտված գործ, մի շարք կարևոր հարցերի չեք պատասխանել:»
Օգտվելով ռեպլիկի իրավունքից՝ մեղադրող Հարություն Հարությունյանը պնդեց մեղադրանքը և դրանում բերած որոշ հանգամանքներ՝ ասելով նաև, որ տուժող ու պաշտպանական կողմերն են ճնշումներ գործադրել վկաների վրա:
Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը իր ռեպլիկում ասաց, որ շուրջ երկու տարվա դատաքննության ընթացքում այդպես էլ չբացահայտվեց ճշմարտությունը իր եղբոր մահվան վերաբերյալ: Դատարանում հնարավոր եղավ պարզաբանել միայն սուտը, իսկ ճշմարտությունը՝ ոչ:
Վերջին խոսքով հանդես եկան հինգ ամբաստանյալներից չորսը, նրանք բոլորն էլ միաբերան կրկնեցին. «Իմ մեղքը չեմ ընդունում, խնդրում եմ կայացնել արդարացման դատավճիռ:»
Դատական նիստի ընթացքում Ռուբեն Մարտիրոսյանը օգտվելով ռեպլիկի իր իրավունքից Մագնիտսկու ցուցակի նմանությամբ հրապարակեց Արտակ Նազարյանի սպանության գործը կոծկողների մի ամբողջ ցանկ:
«Արտակ Նազարյանի սպանության գործը կոծկել են. ՀՀ դատախազությունը, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության համակարգ:»: Մարտիրոսյանը հնչեցրեց նաև այն անձանց անունները, ովքեր ըստ իրեն՝ մասնակից են Նազարյանի մահվան գործով կատարված հանցագործություններին: Այդ ցանկում էին այն ժամանակ դեռ ՊՆ համակարգում գտնվող Վովա Գասպարյանը, Տավուշի ՌՈ պետը, դատաբժիշկ Շոթա Վարդանյանը, հոգեբան Էլդա Գրինը, գործով անցնող քննիչները, քննչական բաժնի պետը, գործը հսկող դատախազը և այլ բազմաթիվ բարձրաստիճան զինվորական ու քաղաքացիական պաշտոնյաներ, իսկ որպես գլխավոր դերակատար նշվեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունը:
Ի դեպ վերջին դատական մի քանի նիստերին մասնակցում էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը:
No comments:
Post a Comment