16.07.2013 18:37 Անի Գեւորգյան
http://www.chi.am/index.cfm?objectid=CB52D160-EE46-11E2-B47C0EB7C0D21663
Նշենք, որ Վերաքննիչ դատարանում նիստը վարում էր Գրիշա Մելիք-Սարգսյան, Կարինե Ղազարյան, Հենրիկ Տեր-Ադամյան դատավարական կազմը։ Քանի որ դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալներից մեկը՝ Ադիբեկ Հովհաննիսյանը, կողմերը միջնորդեցին, որ նիստը հետաձգվի։ Դատարանը տեղեկացրեց, որ Ադիբեկ Հովհաննիսյանի բացակայության պատճառն այն է, որ նրան տեղափոխել են «Կոշ» քրեակատարողական հիմնարկ։ Դատարանը բավարարեց նիստը հետաձգելու միջնորդությունը՝ հաջորդ նիստը նշանակելով հուլիսի 29-ին։ Ի դեպ, դատական նիստին ներկա էին ԱՄՆ-ից ժամանած երկու դատավորներ, որոնք առաջիկայում պետք է թրեյնինգներ անցկացնեն հայաստանյան դատավորների հետ։
Արտակ Նազարյանը սպանվել էր 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում, որի ավագն էր։ ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել էր, եւ գործը դատարան էր մտել որպես «ինքնասպանության դրդում»։ Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում։ Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտել է համապատասխանաբար 10, 4, 4, 4, եւ 2 տարվա ազատազրկման՝ Կիրակոսյանի նկատմամբ կիրառելով փորձաշրջան։
Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը, որը գործում ներգրավված է որպես իրավահաջորդ, երեկ նիստի ավարտից հետո մեզ ասաց, որ առաջին ատյանի դատարանի վճիռը ապօրինի էր եւ անհիմն. «Այդ դատարանի նպատակը մեկն էր` կոծկել սպանության իրական հանգամանքները, թաքցնել մեղավորներին։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ուղղակի հաստատեց, նոտարական կնիք դրեց մեղադրական այն եզրակացության տակ, որը ներկայացվել էր։ Հետաքրքիրն այն է, որ զինվորական դատախազությունը նախաքննությունը ավարտելիս եւ դատավճռում մեղադրական նույն եզրակացությունն էր ներկայացրել, մինչդեռ մեկ տարի եւ ինը ամիս տեւած դատաքննության ընթացքում բազմաթիվ նոր հանգամանքներ էին ի հայտ եկել, բազմաթիվ նոր հանցագործություններ էին ի հայտ եկել, որոնք որ կատարվել էին քննության ընթացքում։ Բայց այս ամենը դատավորը ուղղակի անտեսեց»։
Մեր հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Վերաքննիչ դատարանը իրենց բողոքի գոնե մի մասը բավարարի, Նազարյանն ասաց. «Ես, իհարկե, միամիտ կլինեմ, եթե մտածեմ, որ վերաքննիչ դատարանը կամ որեւէ դատավոր բացառիկ է այս արատավոր անարդարության համակարգում։ Բնավ նման կերպ մտածելու որեւէ հիմք չունեմ։ Դատավարությունը նոր է մեկնարկում, կնայենք, թե ինչպես այն կընթանա։ Համենայն դեպս, մենք ներկայացրել ենք այնպիսի փաստեր եւ փաստարկներ, որոնց ուժին դիմանալը ուղղակի շատ դժվար է։ Առաջին ատյանի դատարանը կարողացավ գնալ ծայրահեղ ապօրինությունների եւ կնքել մեղադրականը, սակայն ես վստահ եմ, որ արդարադատության, նորմալ արդարադատության առկայության դեպքում այս բոլոր փաստերը եւ փաստական հանգամանքները հաշվի կառնվեին եւ գործը կուղարկվեր նոր քննության, որովհետեւ սա չբացահայտված գործ է, Արտակ Նազարյանի մահվան իրական հանգամանքները չեն բացահայտվել եւ իրական մեղավորները նստած չեն մեղադրյալի աթոռին։ Չեմ հավատում այս դատավորների մեջ բացառիկ արդարների եւ ազնիվների գոյությանը։ Հաջորդ նիստին մենք միջնորդություն կներկայացնենք եւ արդեն կտեսնենք, թե ինչպես իրեն կդրսեւորի Վերաքննիչ դատարանը»;
Մեր հարցին, թե կոնկետ ինչ միջնորդություն է ներկայացվելու, Նազարյանը պատասխանեց, որ վերաբերելու է վերաքննիչ բողոքի քննության կարգին. «Վերաքննիչ դատարանը մեր բողոքը ընդունել էր եւ որոշել էր քննություն իրականացնել վճռաբեկության կարգով։ Դա նշանակում է, որ առաջին ատյանում հետազոտված եւ չհետազոտված ապացույցները չեն դրվելու վերաքննիչի սեղանին, մինչդեռ առաջին ատյանում այնպիսի խախտումներ են տեղի ունեցել այդ խախտումների ուսումնասիրման ընթացքում, որոնց դեմ մենք բողոքել ենք եւ պահանջում ենք արդար քննություն։ Մենք միջնորդելու ենք, որ նոր որոշում կայացվի, եւ քննությունը իրականացվի վերաքննության կարգով։ Եթե մերժեն այդ միջնորդությունը, ուրեմն նրանք շարունակելու են առաջին ատյանի գործելաոճը»։
Ծովինար Նազարյանը երեկ մեզ հայտնեց նաեւ, որ եթե վերաքննիչ դատարանը իրենց բողոքը մերժի, դիմելու են Վճռաբեկ դատարան. «Եւ ոչ միայն վճռաբեկ։ Մենք հիմքեր ենք նախապատրաստում Եվրոպական դատարան դիմելու համար։ Մեր գործի մի մասով արդեն Եվրոպական դատարանում գործ կա։ Նախաքննության գաղտնիության անվան տակ տուժող կողմին նյութերին ծանոթանալու հնարավորությունից զրկելու հետ է կապված դա։ Այն ժամանակ տուժողի իրավահաջորդ էր իմ մայրը եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Նրանք անցել էին դատական բոլոր երեք ատյանները, դիմել էին Եվրոպական դատարան, գործը հիմա այնտեղ է։ Այն ժամանակ դիմել էին նաեւ Սահմանադրական դատարան, որը եւս, ցավոք, քաղաքական որոշում կայացրեց, որոշեց, թե` այո, նախաքննությունը ամբողջությամբ պետք է գաղտնի մնա»։
Նազարյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ թեկուզ դանդաղ, թեկուզ փաստերի ճնշման տակ, հասարակական ճնշման տակ ամենաբռնի եւ ապօրինի գործող մարդիկ ստիպված են լինում երբեմն տեղի տալ, եւ ինքը հույս ունի, որ այդպես կլինի նաեւ իր եղբոր սպանության գործը կոծկողների դեպքում։
No comments:
Post a Comment