Saturday, August 3, 2013

Վերաքննիչ դատարանում ավարտվեց Ա․ Նազարյանի գործի քննությունը


ԹՈՂԵՑ ԱՆՓՈՓՈԽ

Նախ դատարանը լսեց մեղադրող դատախազի պատասխանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների եւ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ: Մեղադրող դատախազը առարկեց բազմաթիվ միջնորդությունների` մասնավորապես տուժող Նազարյանի զրահաբաճկոնի դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդության դեմ: «Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը ներկայացրել է տուժող Նազարյանի զրահաբաճկոնի դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն, սակայն չի ներկայացրել նման միջնորդություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորող պատճառաբանությունն առ այն, թե ինչ փաստական տվյալներ են ակնկալվում նման փորձաքննությունից, որոնք պարզելու համար էլ սույն քրեական գործով ամբաստանյալներին մեղսագրված ՀՀ Քրօրով նախատեսված արարքների առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքները ամբաստանյալների կողմից կատարելը կամ չկատարելը եւ ամբաստանյալների մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաեւ գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Ավելորդ չեմ համարում նշել, որ զրահաբաճկոնը դատաքննության ժամանակ զննվել էր եւ հերթական անգամ պարզվել է, որ դրա վրա` Շուշանյանի կողմից մատնանշվող վնասվածքը չէր կարող առաջանալ կրակոցից, քանի որ վնասված է միայն հանդերձանքի կտորը, իսկ այդ փոքրիկ վնասվածքի հատվածում զրահաբաճկոնի մակերեսը հարթ է, այն դեպքում, որ կրակոցից արձակած գնդակից այն չէր կարող չվնասվել»,- ասաց մեղադրողը: Այս պատասխանը դժգոհություն առաջացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի մոտ: «Դու փորձագետ ե՞ս, այ տղա»,- դատախազին հարց ուղղեց Ռուբեն Մարտիրոսյանը: Մեղադրողի պատասխանից դժգոհեցին նաեւ դատարանի դահլիճում գտնվող ներկաները` գոչելով. «Երկու տարի ա, տենց ստեր ես ասում, տականք»:
Նշենք նաեւ, որ միջնորդությունների դեմ մեղադրողի առարկելուց հետո Ռուբեն Մարտիրոսյանը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ: Նախագահող դատավորն էլ ասաց, որ դատարանը հարգելով նրան, հնարավորություն կտա, սակայն դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` այդպես էլ հայտարարությամբ հանդես գալու հնարավորություն չնձեռելով իրավապաշտպանին: Պաշտպանների եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունները` կրկնակի հետմահու դատահոգեբանական, դատատեսաձայնագրային փորձաքննությունների եւ քրեական գործով ձեռք բերված բոլոր 32 ապացույցներն անթույլատրելի ճանաչելու պահանջի մասին եւ մի շարք այլ միջնորդությունները, խորհրդակցական սենյակից վերադառնալով` դատարանը մերժեց:
Վերաքննիչ դատարանը, չնայած տուժողի ներկայացուցիչների եւ պաշտպանական կողմերի բողոքներին, գործը քննեց վճռաբեկության կարգով` բավարարվելով ընդամենը կողմերի բերած բողոքների հրապարակմամբ։ Գործում առկա ապացույցները չհետազոտվեցին, վկաներ չկանչվեցին, որեւէ նոր փորձաքննություն չնշանակվեց: Մինչդեռ, տուժող կողմը ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանից պահանջում էր բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել դատավճիռը՝ արդարացնել ամբաստանյալներին եւ գործն ուղարկել դատախազին: Պահանջում էին նաեւ քննության ընթացքում բացահայտված օրինախախտումների կապակցությամբ քրեական գործեր հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին:
Մեզ հետ զրույցում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը նշեց, որ նախաքննությունը կատարվել էր բազմաթիվ թերություններով, բայց դատարանի դահլիճում հնարավոր էր բացահայտել ճշմարտությունը, եթե դատարանը ցանկություն ունենար բավարարելու իրենց բազմաթիվ միջնորդությունները: Անդրադառնալով դատարանի որոշմանը` Ծովինար Նազարյանն ասաց. «Սա ուղղակի մի անգամ եւս ապացուցում է, թե ինչ անարդարադատ է Հայաստանի այսպես կոչված արդարադատության համակարգը եւ ինչքան պարապ ձրիակերներ են սնվում պետական բյուջեից»: Ծովինար Նազարյանի մայրը` տիկին Հասմիկը նշեց, որ դատախազը ի սկզբանե ամեն ջանք գործադրել է, որպեսզի որեւէ միջնորդություն, որը ապացուցելու է Արտակի սպանությունը, մերժվի: «Դատավորները Մարդանյանից սկսած դարձել են դատախազի ենթական, անգամ չեն անդրադարձել կողմերի բերած միջնորդություններին: Երեք հանցագործ դատավորները միացան դատախազին` գործը կոծկելու համար, բայց ես ասում եմ` մենք մինչեւ վերջ ենք գնալու»,- վրդովված նշեց տիկին Հասմիկը:
Հիշեցնենք, որ 30-ամյա սպա Արտակ Նազարյանը մահացել է Տավուշի մարզի զորամասերից մեկի դիրքերում` 2010 թ. հուլիսի 27-ին: Համաձայն պաշտոնական վարկածի՝ Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի հենակետերից մեկում: Նրա հինգ ծառայակիցները մեղադրվում են ինքնասպանության դրդելու մեջ։ Առաջին ատյանի դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը:
Տաթեւ Խաչատրյան

http://armtimes.com/hy/read/43883

No comments:

Post a Comment