5.09.2013 | արդար դատաքննության իրավունք
Նազարյանի գործը Վճռաբեկ դատարանում
Տավուշի մարզի մարտական հենակետերից մեկում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ու առաջին ատյանի դատարանի կողմից տասը տարվա ազատազրկման դատապարտված կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպանը Վճռաբեկ բողոքներ են ներկայացրել:
Ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանական կողմերը պնդում են, որ թե՛ առաջին, թե՛ վերաքննիչ դատարաններն այս գործով անօրինական որոշում են կայացրել և պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։
«Դատարանում հետազոտված թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցությամբ չի հիմնավորվել գործով ամբաստանյալներին վերագրվող գործողությունների և Ա. Նազարյանի մահվան միջև պատճառահետևանքային կապը», վերաքննիչ բողոքում հիմնավորել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Տուժողի ներկայացուցիչները արդարության ակնկալիք չունեն նաև Վճռաբեկ դատարանից. մահացած սպա Արտակ Նազարյանի մայր Հասմիկ Հովհաննիսյանն ասել էր, որ իրենք պայքարելու են մինչև վերջ և ցանկանում են սպառել տեղական ատյանները, որպեսզի դիմեն Եվրոպական դատարան:
«Վճռաբեկ դատարանը, թերևս, դատական համակարգի օղակներից ամենախայտառակ վիճակում է գտնվում, որովհետև բողոքների գերակշիռ մեծամասնությունը, առանց որևէ հիմնավորման, պատճառաբանության հետ են վերադարձվում» - «Ազատություն ռադիոկայանին» ասել է Շուշանյանը:
Այս գործն առանձնանում էր նրանով, որ դատաքննական փուլում տուժող ու պաշտպանական կողմերը էական հակասություններ չունեին և նրանց համատեղ պայքարն ուղղված էր հանցագործության բացահայտմանն ու իրական մեղավորներին պատասխանատվության կանչելը: Դեռ գործի նախաքննության փուլում մեղադրվող 5 զինվորներն էլ հայտարարեցին, թե իրենք Նազարյանին ինքնասպանության չեն հասցրել: Տուժող կողմն էլ հայտարարեց, թե Նազարյանին դաժանաբար սպանել են, իսկ այս գործով չկա որևէ ապացույց, որ սպանությունը կատարել են մեղադրյալի աթոռին հայտնված զինվորները։
«Ա. Նազարյանի սպանությունը միտումնավոր կոծկվել և ներկայացվել է որպես ինքնասպանություն: Դատարանի նպատակը ոչ թե արդարադատություն իրականացնելն էր, այլ ինքնասպանության պաշտոնական վարկածը դատարանի կնիքով հաստատելը», Առաջին ատյանի վճռի մասին համոզմունք էր հայտնել փաստաբան Շուշանյանը՝ հավելելով, որ չեն բացահայտվել Ա. Նազարյանի մահվան (սպանության) իրական հանգամանքները, քրեական պատասխանատվության չեն ենթարկվել նրա մահվան համար մեղավոր անձինք, փոխարենը մեղավոր են ճանաչվել Ա. Նազարյանի մահվան համար որևէ մեղավորություն չունեցող 5 ամբաստանյալները:
Փաստաբան Շուշանյանն իր բողոքում մատնանշել է նաև նախաքննական մարմնի թերացումներն ու կեղծիքները. «Նազարյանի մահվան հանգամանքները բացահայտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրած, այնուհետև կրակոց արձակած անձին, բռնությունների ենթարկվելու վայրը և այլ հանգամանքներ պարզելու փոխարեն գործադրվել են իրենց անօրինականությամբ ապշեցնող միջոցներ և վատնվել են հսկայական ռեսուրսներ՝ ապօրինի ազատությունից զրկվել են զինծառայողներ, որոնց մի մասի նկատմամբ գործադրվել է բռնություն, նվաստացուցիչ վերաբերմունք, կեղծվել են ապացույցներ, անտեսվել են փաստեր:»
Ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանական կողմերը բազմիցս են բարձրաձայնել, որ առաջին ատյանում մի շարք կարևորագույն միջնորդություններ չեն բավարարվել. Դատարանը հետաձգել կամ մերժել է բազմաթիվ միջնորդություններ՝ խոստանալով դրանց անդրադառնալ խորհրդակցական սենյակում, սակայն վերջնական ակտում դատավորը ավելորդ է համարել մերժված միջնորդություններին անդրադառնալը:
Այդ հանգամանքներին անդրադառնալու հնարավորությունը չտվեց նաև Վերաքննիչ դատարանը՝ գործը քննելով վճռաբեկության կարգով, այսինքն բացառելով նոր հանգամանքների հետազոտությունը:
Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող մյուս չորս զինծառայողները չեն բողոքարկում առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարան բողոք բերած Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը փոխանցել է, որ իր պաշտպանյալը կորցրել է հույսը։
Հիշեցնենք, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հինգ ամբաստանյալներին էլ մեղավոր ճանաչեց Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ։ Հակոբ Մանուկյանը դատապարտվեց տասը տարվա, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Մխիթար Մխիթարյանը` չորսական տարվա ազատազրկման: Հարութիկ Կիրակոսյանին դատարանը երեք տարվա ազատազրկման դատապարտեց, սակայն վերջինիս նկատմամբ կիրառվեց համաներում, և նա ազատ արձակվեց:
No comments:
Post a Comment