Thursday, June 23, 2011

Կրկնակի դատահոգեբուժական փորձաքննության միջնորդություն

Քրեական պատասխանատվության հարց

  • Իրավունք - 23 Հունիսի 2011, 12:43


Փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Լևոն Պետրոսյանին` անցած տարի Տավուշի մարզի Մեհրաբներ զորամասում մահացած Արտակ Նազարյանի գործով կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Ըստ փաստաբանի, հոգեբանական եզրակացության մասով այն հիմնավորված չէ և հիմնված է բացառապես ինքնասպանության վարկածը հիմնավորող ապացույցների վրա՝ “այդ վարկածը հերքող ապացույցների անտեսմամբ”:

Տպավորությունն այնպիսին է, որ «Մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, պրոֆեսոր, հոգեբան փորձագետ» Էլդա Գրին-Աբրահամյանը հակված է հոգեբանական փորձաքննությունը կատարել ինքնասպանության կանխավարկածի լույսի ներքո, ունակ չլինելով պատասխանել հակառակ վարկածի՝ սպանության դիմելու որոշման չհանգելու բացատրությունը տալու հարցին”,  միջնորդության մեջ ընդգծելէ փաստաբանը

Հոգեբան-փորձագետը չի պատասխանել տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից առաջադրված հարցերին` “իրեն իրավունք է վերապահել չպատասխանել նախաքննության մարմնի որոշմամբ իրեն առաջադրված որոշ հարցերի`Ա. Նազարյանը կարո՞ղ էր հանգել ինքնասպանության դիմելու որոշման և դիմել ինքնասպանության, թե՞ ոչ, հաշվի առնելով նրա անհատական հոգեբանական և բարոյական որակները, և հատկապես՝ իրապես հավատացյալ քրիստոնյա լինելը» կամ որոշման մեջ նկարագրված անձանց գործողությունների հետևանքով Ա. Նազարյանը կարո՞ղ էր հանգել նշված անձանց սպանելու որոշման և դիմել սպանության, թե ոչ»...:

“Միայն իրեն հայտնի տրամաբանությամբ իրեն փորձագետ-հոգեբան հորջորջած Է. Գրին-Աբրահամյանը հնարավոր է համարել միարժեք եզրակացության հանգել Ա. Նազարյանի կողմից ինքնասպանություն կատարելու վերաբերյալ, դա միանգամայն համարելով իր իրավասության շրջանակում գտնվող հարց”, քննիչին ուղղված միջնորդության մեջ նշել է փաստաբանը:

Հոգեբան-փորձագետը հանգուցյալ Ա. Նազարյանի հոգեբանական նկարագրի վերլուծություն կատարելիս առաջնորդվել է ընտրովիության սկզբունքով` հիմք ընդունելով գումարտակի հրամանատար Մ. Գաբրիելյանի տված ծառայողական բնութագիրը`ամբողջությամբ անտեսելով գործում առկա այլ ցուցմունքներ ու նյութեր, որոնք այլ լույսի ներքո են ներկայացնում Արտակ Նազարյանին: 

Հիշեցնենք, որ գումարտակի հրամանատար Մ. Գաբրիելյանն այն անձն է, ով ծառայության ընթացքում պարբերաբար ճնշել էր Արտակին (քրեական գործում առկա են Արտակի հոր ցուցմունքներն այդ մասին), իսկ Արտակի դին տեղափոխելու օրը հրամանատարը հարազատներին “մխիթարել էր”`հայտարարելով. “Արա, դե աֆիցեռ չէր, էլի…”:

Փոխարենն ամբողջությամբ անտեսվել են Ա. Նազարյանի խոստովանահոր, նաև նախկին հրամանատար Արա Ղազարյանի ցուցմունքները և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի զինկոմիսարիատի բնութագիրը: 

Հոգեբան-փորձագետի կողմից թույլ տրված նշված «բացթողումները» փաստաբանին հիմք են տալիս պնդելու, որ նա անաչառ փորձաքննություն կատարելու փոխարեն ընդամենը նպատակ է ունեցել իր եզրակացությամբ հիմնավորելու «ինքնասպանության» վարկածը:

Փաստաբանը ուշադրություն է հրավիրել նաև հոգեբան-փորձագետի կողմից հղում կատարած և որպես ինքնասպանության դիմելու վկայություն ներկայացրած Ա. Նազարյանի գրչին վերագրվող «Էս քայլին ես դիմում եմ …» բառերով սկսվող գրառմանը.

“Եթե հիպոթետիկ ընդունենք, որ նշված գրառումմ իրապես կատարվել է Ա. Նազարյանի կողմից, ապա հատկապես ինչից է հոգեբան-փորձագետի մոտ ձևավորվել այդպիսի միանշանակ համոզում, որ դրանում խոսքը գնում է ինքնասպան լինելու մասին և ոչ, օրինակ, իրեն ճնշողներին գնդակահարելու մասին,- հարց է բարձրացնում փաստաբանը` շարունակելով,- Արդյոք հոգեբան-փորձագետ և համատեղությամբ նաև «լավ ձեռագրաբան» Է. Գրին-Աբրահամյանը նկատել է այդ գրառման մեջ առկա կոպտագույն ուղղագրական սխալ, որը նա չէր կարող թույլ տալ, հաշվի առնելով քրեական գործում առկա նրա ձեռագրի բազմաթիվ նմուշներում ուղղագրական սխալների բացակայությունը”:

Փաստաբանը նաև իր խորն անհամաձայնությունն է հայտնել հոգեբան փորձագետի հետևության մեկ այլ կարևոր դրվագի հետ. «Գագիկ Ուդումյանի կողմից Ա. Նազարյանի նկատմամբ դրսևորված անհարգալից վերաբերմունքը ազդել է Նազարյանի տրամադրության և ինքնագնահատականի վրա, սակայն, Գ. Ուդումյանի անհարգալից վերաբերմունքի և Ա. Նազարյանի ինքնասպանության միջև պատճառահետևանքային կապ”, փորձագետը չի տեսել:

Ընդ որում, տիկին փորձագետը չի էլ փորձել բացատրել, չնայած որ գործում հիմքերը բավարար են այդ կապը տեսնելու համար:

Ըստ նախաքննության տվյալների, դեպքից մի քանի ժամ առաջ Գ. Ուդումյանը հեռախոսով անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել Ա. Նազարյանի հասցեին, ինչին վերջինս պատասխանել է, որից հետո գործով մեղադրյալներ Հ. Մանուկյանը և Վ. Հայրապետյանը սկսել են հաշիվ պահանջել Գ. Ուդումյանի հասցեին պատասխան հայհոյանքների համար, ասելով նաև, որ հաջորդ օրը «երեք աստղանի հրեշը»՝ Գ. Ուդումյանը գալու է հենակետ և «քո վիճակը լավ չի լինելու, Նազարյան»:

Ի դեպ, փաստաբան Սեդա Սաֆարյանի միջնորդությունը Ուդումյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին մերժվել է. “Հավանաբար «պատճառահետևանքային կապի» առկայությունը կամ բացակայությունը հոգեբան-փորձագետը որոշել է սկզբունքով, թե ում նկատմամբ է մեղադրանք առաջադրված, ում՝ ոչ: Ինչ վերաբերում է Գագիկ Ուդումյանին մեղադրանք չառաջադրելու նախաքննության մարմնի համառությանը, ապա, հավանական է, որ դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Գ. Ուդումյանը տեղյակ է դեպքի իրական հանգամանքներին և սպառնացել է իրեն պատասխանատվության կանչելու փորձի դեպքում պատմել իմացածը”, եզրակացրել է փաստաբանը,- եթե նախաքննության մարմինը և հսկողություն իրականացնող համապատասխան մարմինները համառորեն և հետևողականորեն մտադիր են մինչև վերջ պնդել «ինքնասպանության» վարկածը, ապա վաղ թե ուշ հարկադրված են լինելու «զոհել» նաև Գ. Ուդումյանին և ցանկացածին, ում անօրինական գործողությունների և Ա. Նազարյանի «ինքնասպանության» միջև կարելի է ենթադրել պատճառահետևանքային կապի առկայություն”:

Արտակ Նազարյանի մահվան գործով քննիչին միջնորդությամբ դիմելու անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ հիշյալ հոգեբան փորձագետը հրապարակավ հայտարարել էր, թե Արտակ Նազարյանը “ինքնասպան է եղել”, չնայած այն բանին, որ նախաքննության ավարտը դեռևս հայտարարված չէ:

Ասուլիսից հետո, երբ Արտակ Նազարյանի հարազատները, ինչպես նաև փաստաբան Մուշեղ Շուշանյանն իրենց տարակուսանքն են հայտնել հոգեբանի հայտարարությունների առնչությամբ, քննիչ Լևոն Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ փորձագետի նախաձեռնած միջոցառումից: Սույն միջոցառումից տեղյակ չի եղել նաև ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը:

Քրեական դատավարության օրենսգիրքը արգելում է նախաքննության տվյալների հրապարակումը առանց քննիչի կամ դատախազի թույլտվության, իսկ Քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում դրանց հրապարակման համար:

Փաստաբանների դեպքում նախաքննական մարմինը մերժում է  տրամադրել, իբր, Արտակ Նազարյանի կողմից գրված “ինքնասպանության” մասին գրությունը` արտասահմանում ձեռագրաբանական այլընտրանքային փորձաքննություն անցկացնելու համար` հիմք ընդունելով նախաքննության գաղտնիությունը, մյուս դեպքում` Էլդա Գրինը հայտնվել է արտոնյալ կարգավիճակում և անկաշկանդ հրապարակում է այն:  Պատրաստվո՞ւմ է արդյոք նախաքննության մարմինը պատասխանատվության կանչել հոգեբան-փորձագետ տիկնոջը:

Լուսանկարը a1+.am-ից
http://www.lragir.am/index/arm/0/right/view/49743

No comments:

Post a Comment