Saturday, June 25, 2011

Քննությունն ավարտվեց “ինքնասպանությունով”

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Իրավունք - 24 Հունիսի 2011, 16:21

ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Լևոն Պետրոսյանը երեկ հայտարարել է անցյալ տարի Տավուշի մարզի Մեհրաբներ զորամասում մահացած Արտակ Նազարյանի քրեական գործով նախաքննության ավարտը, և շուտով այն դատարան կուղարկվի: Քրեական գործն ավարտվեց  նախաքննության առաջ քաշած սկզբնական` “ինքնասպանության հասցնելու” վարկածով:
 
Նշենք, որն այս գործի քննությունը տևել է ավելի քան 11 ամիս, իսկ քրեական գործը կազմված է 9 հատորից: Փաստաբաններ Սեդա Սաֆարյանն ու Մուշեղ Շուշանյանը, ովքեր արդեն տեղեկացված են նախաքննության ավարտի մասին, նախաքննական մարմնից ժամանակ են պահանջելու քրեական գործի նյութերին ծանոթանալու համար, որից հետո արդեն կարվեն անհրաժեշտ միջնորդություններ:  
 
Առայժմ հայտնի չէ, թե որ դատարանն է քննելու այս գործը, սակայն պարզ է մի բան, որ այն հասարակական մեծ հնչեղություն է ունենալու ինչպես տեղական, իրավապաշտպան, այնպես էլ միջազգային կազմակերպությունների համար: Նշենք նաև, որ Արտակ Նազարյանի հարազատները համաձայն չեն նախաքննության վարկածի հետ և համոզված են, որ իրենց որդուն սպանել են: 
 
Նախաքննության 11 ամիսների ընթացքում գործին մասնակցող փաստաբանները պարբերաբար ահազանգել են քրեական գործի քննության ընթացքում տեղ գտած խախտումների և բացթողումների մասին, սակայն դրանից քննության ընթացքը չփոխվեց: 
 
Նախաքննական մարմինն այդպես էլ փաստաբաններին չտրամադրեց քրեական գործում առկա “ինքնասպանության” մասին գրությունն ու օրագիրը, ձեռագրաբանական այլընտրանքային փորձաքննությունների ներկայացնելու համար: Այս առումով նախաքննական մարմինը բավականաչափ սահմանափակել էր թե տուժող կողմի և թե նրանց ներկայացուցիչների իրավունքները, չնայած որ ականատես եղանք, թե ինչպիսի հեշտությամբ այդ նույն գրությունը դարձավ հասարակական քննարկման առարկա:
 
Քրեական գործում միակ փոփոխությունը մտցրեց զինդատախազ Գևորգ Կոստանյանը` ևս մեկով ավելացնելով արդեն կալանքի տակ գտնվող 4 մեղադրյալների թիվը, սակայն դրանից գործի էությունը չփոխվեց: Ապրիլի  6-ին նախաքննության մարմինը 5-րդ մեղադրյալին ներգրավեց գործում` լեյտենանտի կոչումով Վահագն Հայրապետյանին, ով “հենակետի անձնակազմի ներկայությամբ բռնություն է գործադրել Արտակ Նազարյանի նկատմամբ, բռունցքներով անկանոն հարվածներ հասցրել նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, ինչն առաջացրել է ծանր հետևանք”: 
 
Լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը ՀՀ Քրօր 110 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված են զորամասի գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Խորենի Մանուկյանին, իսկ 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կասկածանքով ձերբակալվել են նույն զորամասի 3 շարքային զինծառայողներ:

http://www.lragir.am/index/arm/0/right/view/49826

No comments:

Post a Comment