Tuesday, October 4, 2011

Վկաները չեն ուզում հեքիաթ պատմել

  • Իրավունք - 04 Հոկտեմբերի 2011, 10:31




















Բերդ քաղաքում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արտակ Նազարյանի գործով չորրորդ դատավարությունը: Նախորդ երեք նիստերը չէին կայացել: Տուժողի իրավահաջորդներն այս կապակցությամբ հայտնեցին, որ դա արվում է դիտավորյալ, իրենց հուսահատեցնելու համար: Արտակի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, կարծում է, որ դատարանը նպատակ ունի հասնելու առանց տուժողի իրավահաջորդի վճիռ կայացնելուն:
Նիստին մասնակցելու համար “Երեւան” ՔԿՀ-ից դատարան էին բերվել գործով կալանավորված չորս ամբաստանյալները, այդ թվում` լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, եւ Նոյեմբերյանի զորամաս տեղափոխված շարքային Հարութիկ Կոստանյանը: Երբ դատավոր Սամել Մարդանյանը Հարութիկին հարցրեց, թե ստացե՞լ է, արդյոք, մեղադրական եզրակացությունը, զինվորը բացասական պատասխան տվեց, ինչն էլ քիչ էր մնում դատական նիստը եւս մեկ անգամ հետաձգելու պատճառ հանդիսանար:
Կիրակոսյանի հարազատները պնդում էին, որ իրենց որդին ստացել է փաստաթուղթը, բայց “լարված էր, չի հիշում”: Հայտարարվեց ընդմիջում: Երեւի հարցը ճշտելու համար, դատախազ Հարությունյանը առանձնազրույցի կանչեց Կիրակոսյանին: Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, օրենքի տառը մեջբերելով, Հարությունյանին բացարկ հայտարարեց, ինչին միացավ նաեւ երեք դատապաշտպաններից մեկը: “Մեղադրողի վարքագիծը ցույց է տալիս նրա կանխակալ վերաբերմունքը դատավարության նկատմամբ”,- ասաց Մ. Շուշանյանը: Դատավոր Մարդանյանը բացարկի միջնորդությունը մերժեց:
Վահագն Հայրապետյանի պաշտպանն իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը գրավի դիմաց ազատ արձակելու որոշմամբ փոխարինելու միջնորդությամբ հանդես եկավ, ինչը նույնպես դատարանը մերժեց: Հետաքրքիր է, որ այս միջնորդությանը միացան թե բոլոր երեք դատապաշտպանները, թե` ամբաստանյալները: Դատավոր Մարդանյանը, անթույլատրելի համարելով նման գործի շրջանակներում ամբաստանվող անձի` գրավի դիմաց ազատ արձակումը, մերժումը հիմնավորեց այն բանով, որ Հայրապետյանի արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար սահմանվում է 3-8 տարվա ազատազրկում:
Միջնորդություններով հանդես եկավ նաեւ տուժողի իրավահաջորդը` պահանջելով դատաբժշկական փորձաքննության համար օգտագործված լուսանկարների կրկնօրինակները` արտերկրում գործող համապատասխան մասնագետներին ուղարկելու համար, որպեսզի ստանան նրանց կարծիքը:
«Ոչ նախաքննության մարմինը, ոչ զինդատախազությունը մեզ չկարողացան օժանդակել լուսանկարները ստանալու հարցում: Լուսանկարներն արվել են թե Բերդի դիահերձարանում, թե Դատական բժշկության գիտագործնական կենտրոնում: Կենտրոնից ստացվեց պատասխան, որ նկարների կրկնօրինակները տրամադրվել չեն կարող: Մենք փակուղային իրավիճակում ենք հայտնվել այդ առումով»,- մեզ հետ զրույցում ասաց Շուշանյանը:
Նազարյանների ընտանիքը նաեւ պահանջեց դատական նիստերը տեղափոխել Երեւան, հաշվի առնելով, որ դատավարության կողմերը հիմնականում բնակվում են Տավուշի մարզի տարածքից դուրս, չորս կալանավորները` «Երեւան» ՔԿՀ-ում: Բացի այդ, Բերդի ճանապարհը շատ երկար է, հոգնեցնող, դժվարամատչելի, իսկ առջեւում ձմեռ է:
«Մենք պատրաստվում ենք շատ ակտիվ մասնակցել դատապրոցեսին, գործը ունի հասարակական հնչեղություն եւ շատ լրատվամիջոցների է հետաքրքրում, բայց այս ձեւով շարունակվելու դեպքում կհամարենք, որ միտումնավոր անհարմարություններ է ստեղծվում տուժող կողմի համար»,- ասաց փաստաբան Մ. Շուշանյանը:
Նիստերը Երեւանում անցկացնելուն կողմ էին նաեւ դատավարության մյուս կողմերը, բացի դատապաշտպան Կարեն Ղալումյանից, որն առաջարկեց դրանք տեղափոխել թեկուզ Դիլիջան քաղաք: Դատավոր Մարդանյանը որոշում կայացրեց վկաներին լսելուց հետո հաջորդ բոլոր նիստերը տեղափոխել Դիլիջան: Նա պատճառաբանեց, որ այդպես նաեւ իրեն հարմար կլինի, քանի որ ինքն այս դատարանի նախագահն է: Մեզ հետ զրույցում փաստաբան Շուշանյանն առավել հավանական համարեց այն պատճառը, որով փորձ է արվում խախտել գործի հրապարակայնությունը:
Արտակ Նազարյանի գործով հաջորդ դատավարությունը կկայանա հոկտեմբերի 12-ին:
Արտակի մոր` տիկին Հասմիկի խոսքով, «Վահագն Հայրապետյանը, ըստ գործի, երկու անգամ թողել է իր հենակետը, Հակոբ Մանուկյանի կանչով կեսգիշերին գնացել է, որ «իտոգ տա»: Հայրապետյանը եկել է, ու Մանուկյանի հետ միասին Արտակին լավ ծեծել են, հետո էլ գլուխ են գովացել, թե` տեսա՞ք ինչ արինք: Հետո էլ երկրորդ անգամ նորից եկել է նույն հենակետը ու Հակոբի հետ իրենց սեւ գործն են արել: Երկու վկաները Հայաստանից գնացին: Սա նշանակում է, որ նրանք հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքները երկրորդ անգամ կրկնելուց: Էն հեքիաթները, որ քննիչի ցուցումով պատմել են, էլ չեն ուզում պատմեն»:
Նախաքննական գործողությունների մասին զրուցեցինք նաեւ Արտակի քրոջ՝ Ծովինար Նազարյանի հետ: «Միանշանակ ակնհայտ է, որ նախաքննությունը չի տարվել ճիշտ ճանապարհով, եւ չեն բացահայտվել բոլոր մեղավորները: Գործը բացահայտված համարել չի կարելի,- ասաց Ծովինարը: - Բազմաթիվ ապացույցներ ցույց են տալիս, որ լիքը սուտ կա այս գործում: Հույս ունենք դատարանում որոշակի ճշմարտության հասնել»: Ծովինարը նաեւ նշեց, որ նիստերը Դիլիջան տեղափոխելը նույնպես էական ոչինչ չի փոխում, եւ դա եւս խոչընդոտ է իր ընտանիքի համար:

No comments:

Post a Comment