Wednesday, November 16, 2011

Տուժող եւ պաշտպանական կողմերը դժգոհ են նախաքննությունից․ Առավոտ

Արտակ Նազարյանի սպանության գործով նախաքննությունից դժգոհ են եւ տուժողի, եւ ամբաստանյալների ներկայացուցիչները 

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը , որտեղ արտագնա դատական նիստ է հրավիրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը, այսօր քննեց Արտակ Նազարյանին ինքնասպանության դրդելու /2010թ. հուլիսի 27/համար մեղադրվողներ՝ գումարտակի ԱՍՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի, «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանի, շարքայիններ Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի դեմ հարուցված քրեական գործը: 

Շարքայինների պաշտպան Ազատ Շահնազյանը հայտարարեց, որ նախաքննությունն ուղղորդված է եղել, մեղադրանքն ու գործով ձեռքբերված ապացույցները չեն համապատասխանում իրար: Պաշտպանն ասաց, որ քրեական գործը  միատեսակ է քննվել, չի քննվել բազմակողմանի, ինչի հետեւանքով արժանացել է իրավական ոչ ճիշտ գնահատականի: Նա ակնկալում էր, որ դատախազը լրացում կանի: 

Ամբաստանյալները «միանշանակ» պաշտպանեցին Ա.Շահբազյանի ասածը: 

Արտակ Նազարյանի մոր ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն ասաց, որ իրականացվել է կեղծ եւ ուղղորդված նախաքննություն: Նա միջնորդեց, որ  հարուցվի նոր քրեական գործ ոչ թե «ինքնասպանության դրդելու», այլ Արտակ Նազարյանին սպանելու հատկանիշներով: Դահլիճից հնչեց՝ «դիտավորյալ սպանելու»

Արտակ Նազարյանի մայրն ասաց, որ նախաքննությունը միակողմանի է, իրեղեն ապացույցները ոչնչացվել են. «Կեղծ գործի հիման վրա է կազմվել մեղադրական եզրակացությունը»: Նա համաձայն էր, որ նոր քրեական գործ հարուցվի, սակայն անընդունելի համարեց, որ նախաքննությունն իրականացվի զինվորական դատախազության հսկողությամբ: 

Մեղադրող Հարութ Հարությունյանն ասաց, որ 1 տարվա ընթացքում կատարվել են բոլոր դատավարական գործողությունները, եւ կոչ արեց, որ այն, ինչ չի ասվել նախաքննության մարմնում, ասվի դատարանում: 

/Իհարկե, նման դեպքերում, մեղադրողները սիրում են առարկել, պատճառաբանելով, թե «մեղադրանքի ծավալից հեռանալ չի կարելի»-Ռ.Մ./: 

Դատարանը միջնորդության հետ կապված անցել է խորհրդակցական սենյակ: 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2011/11/16/284584/ 

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

No comments:

Post a Comment