Wednesday, November 16, 2011

Պահանջում են նոր քննություն՝ սպանության հատկանիշներով (photo, video). A1+

«Զինծառայողները քավության նոխազ են» (տեսանյութ)

Լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության գործով մեղադրյալի աթոռին նստած 5 զինծառայողներից գոնե 4-ը քավության նոխազ են, բուն հանցագործը թաքցվում է: Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը: Մինչ այս պահը ընթանում է գործով դատական նիստը՝ դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ։
Ամբաստանյալի աթոռին նստած են 3 զինվոր եւ 2 սպա,որոնք մեղադրվում են լեյտենանտին՝ ինքնասպանության հասցնելու մեջ։ Մինչդեռ հարազատները վստահ են, որ Արտակ Նազարյանին սպանել են։
Ի դեպ, մեղադրյալների ներկայացուցիչները եւս պնդում են, թե իրենց պաշտպանյալները անմեղ են։
«Եթե քրեական գործի ամբողջականությունն ապահովվեր, ապա իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն այլ կլիներ: Այսինքն` մեղադրական եզրակացությունը եւ առաջադրված մեղադրանքը չեն բխում քրեական գործից»,- դատական նիստին հայտարարեց փաստաբան Հրանտ Գեւորգյանը, ով ներկայացնում է մեղադրյալ սպա Հակոբ Մանուկյանի շահերը։
Նա գտնում է, որ նախաքննությունն ընթացել է խիստ թերի, ուստի միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով գործը կրկին ուղարկել նախաքննության:
Տուժողի իրավահաջորդները եւս կողմ էին այս միջնորդությանը, սակայն մի տարբերությամբ, որ ոչ թե գործը պետք է վերադարձվի նույն մարմին, այլ քրեական նոր գործ հարուցվի` արդեն սպանության մեղադրանքով։
Դատական նիստի ընդմիջմանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե համակարծիք է փաստաբան Հրանտ Գեւորգյանի հետ։
«Մենք մեղադրյալների մեջ մարդասպան այս պահին չենք տեսնում, եւ համոզված ենք, որ նրանք ինքնասպանության չեն հասցրել Նազարյանին, որովհետեւ նրան սպանել են»,- ասաց նա:
Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարում է, որ այս գործով հանցագործություն են կատարել նաեւ նախաքննությունը իրականացրած մարմինը՝ ՀՀ ՊՆ քննչական վարչությունը եւ ՀՀ զինդատախազությունը։
«Ի՞նչ է արել նախաքննությունը՝ ոչնչացրել է իրեղեն ապացույցները, կեղծ արձանագրություններ է կազմել»,-ասաց նա՝ հավելելով, որ դեպքից 6 ժամ առաջ Արտակ Նազարյանին ծեծել եւ խոշտանգել են, իսկ նախաքննական մարմինը հաշվի չի առել։
Դատավոր Սամվել Մարդանյանը մերժեց երկու կողմերի միջնորդությունները՝ հիմք ընդունելով մեղադրող Հարություն Հարությունյանի առարկությունները։ Վերջինս կարծում է, որ նախաքննական մարմնի թույլ տված բացթողումները կարելի է լրացնել դատական պրոցեսի ընթացքում։ «Ի՞նչ իմաստ կա գործն նախաքննական փուլ վերադարձնել, որտեղ հրապարակայնության սկզբունքը չի գործում այնպես, ինչպես դատարանում»,-ասաց մեղադրող Հարություն Հարությունյանը։
Նրա այս հայտարարությունից հետո թե տուժող, թե մեղադրվող կողմերը դատախազին բացարկ հայտնեցին, որը մերժվեց։
 Բացարկ ներկայացվեց նաեւ դատավորին, որը կքննարվի հաջորդ դատական նիստում։ Այն կկայանա նոյեմբերի  23-ին։
http://www.a1plus.am/51971.html
VIDEO: https://www.youtube.com/watch?v=jECMiGJjbFQ

No comments:

Post a Comment