Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ս. Մարդանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության գործով հերթական դատական նիստը: Դատական նիստին ներկա չեն եղել տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները:
Նիստի առաջին իսկ րոպեներին դատավորը տեղեկացրել է, որ գրություն կա, որի համաձայն գործով առանցքային վկա Արման Մնացականյանը հիվանդ է, չի կարող մասնակցել դատավարությանը և խնդրում է հաշվի առնել իր նախաքննական ցուցմունքները: Դատախազը միջնորդել է հրապարակել Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքները, որին առարկել են ամբաստանյալները և նրանց պաշտպանները: Դատավորը Ս. Մարդանյանը առարկությունը հաշվի չի առել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, հավելելով, որ ամբաստանյալներից մեկի պաշտպան` Հրանտ Գևորգյանը ցանկացել է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, սակայն նրան դա ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ չի տրամադրվել: Դատավորը ֆիքսել է, որ չկա ինքնաբացարկի միջնորդություն և որոշում կայացրել հրապարակել նախաքննական ցուցմունքները, որին ի պատասխան ամբաստանյալը դուրս է եկել դատարանի դահլիճից:
«Փաստորեն այն, ինչ Արման Մնացականյանն ասել էր, դառնում է հիմք, և դատավարությունը դառնում է լրիվ անիմաստ: Եթե նախաքննական ցուցմունքներով պիտի դատեինք, դատավորը կարող էր գրասենյակում նստեր, կարդար նախաքննական գործը և իր վճիռը կայացներ, եթե մենք հնարավորություն չէինք ունենալու վկաներին հարցաքննել դատարանի դահլիճում»,- մտահոգ նշեց Ծովինար Նազարյանը`կատարվածը համարելով աբսուրդ: Նա նաև տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է առավոտյան ժամը 11.00-ին, և ասաց, որ անհնար է այդ ժամին ներկա գտնվել Տավուշի մարզում անցկացվող դատավարությանը: Նրա համոզմամբ` սա էին փորձում անել դատավարությունը Տավուշի մարզում անցկացնելով:
«Մեր պաշտպանական խումբը չի եղել դատին, եղել են միայն ամբաստանյալները, նրանց հարազատները, իսկ վկան կարողացել է հանգիստ չգնալ: Ուզում են նախաքննության սահմաններում գործը կոծկել»,- եզրակացրեց Արտակ Նազարյանի քույրը:
Հիշեցնենք, որ Արման Մնացականյանը այն վկան էր, ով երկար ժամանակ անհասկանալի պայմաններում պահվում էր ՌՈ-ում և նրա նախորդ ցուցմունքներում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները շատ հակասություններ էին արձանագրել, որոնք ուսումնասիրման առարկա էին:
http://www.1in.am/59095.html
No comments:
Post a Comment