Thursday, February 9, 2012

Դատավոր Մարդանյանի “առաջընթացը”

Դատավոր Մարդանյանի “առաջընթացը”

  • Իրավունք - 09 Փետրվարի 2012, 16:38
Պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատաքննությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հետ տանելուց հետո, գործում նշանակալի “առաջընթաց” գրանցվեց, այն, ինչ դատավոր Մարդանյանն ու մեղադրող Հարությունյանը համատեղ ջանքերով չէին կարողանում ստանալ ամիսներ շարունակ Շենգավիթի դատարանում:
Դատարանը գործով կարևոր նշանակություն ունեցող վկա, ում ցուցմունքները հիմք է դարձել ամբաստանյալներին կալանքի տակ վերցնելու համար, Արման Մնացականյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ տեղեկանք է ստացել և անմիջապես մեղադրողի միջնորդությամբ հրապարակել վերջինիս նախաքննական ցանկալի ցուցմունքները:
Այսպիսով, այլևս այս հարցն իր լուծումը ստացել է: Մի հարց, որի շուրջ ամիսներ շարունակ աղմուկ աղաղակ էր Շենգավիթի դատարանում: Վկա Արման Մնացականյանն այլևս չի հարցաքննվի, և նրա ցուցմունքները որպես վերջնական ճշմարտություն կդրվեն մեղադրանքի հիմքում:
Անփորձ վկա և խեղճուկրակ զինծառայող Արման Մնացականյանը կողմերի հարցերին պատասխանելիս շփոթվում էր և սերտած դասի շրջանակներից դուրս էր գալիս: Սրան զուգահեռ նախարարությունը չէր զորացրում զինծառայողին, թեև զորացրման բոլոր ողջամիտ ժամկետները լրացել էին, իսկ նա դեռ շարունակում էր գտնվել ռազմական ոստիկանության աչալուրջ հսկողության ներքո:
Դատավոր Մարդանյանը պարբերաբար զգուշացնում էր կողմերին, որ, եթե այսպես շարունակվի, դատը կտեղափոխի Տավուշ, բայց, կարծես, կողմերն այս սպառնալիքը լուրջ չէին ընդունում: Նախ կար Պնախարար Սեյրան Օհանյանի միջնորդությունը դատը Երևան տեղափոխելու մասին, նաև տուժող և մեղադրվող կողմերի շահերը դատավարության այս փուլում ընդհանուր էին: Ստեղծվել էր մի իրավիճակ, որտեղ ուժերն անհավասար էին և դատավորն ու մեղադրողը հայտնվել էին անհարմար վիճակում և այս իրավիճակից լավագույն ելքը դատաքննությունը Տավուշի մարզ վերադարձնելն էր, որտեղ հանրության աղմուկից ու հրապարակայնությունից հեռու դատավոր Մարդանյանը լավագույնս իրականացրեց և կիրականացնի իր գործը:
Եվ ահա Մարդանյանը ոչ միայն լուծել է վկայի հարցը, այլև կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ սպառնացել է ամբաստանյալներից մեկի պաշտպանին` Հրանտ Գևորգյանին, երբ վերջինս ցանկացել է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, սակայն նրան դա ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ չի տրամադրվել և որպես բողոքի ակցիա նա լքել է դատարանի դահլիճը:
Ինչպես ասում են հարցերը լուծեցին գեղական կարգով և այլևս խնդիրներ չեն առաջանա: Դատավոր Մարդանյանը սահուն քայլերով գործն առաջ կտանի:
Իսկ Պնախարարն ասում է. “Որքան էլ որ մեր իրավապահ մարմինները լավագույն կերպով աշխատեն, միշտ էլ ծնողները դժգոհ են…”:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/right/view/59984#sthash.aXpzJ880.dpuf

No comments:

Post a Comment