Արտակ Նազարյանի սպանության գործով դատարանը մեկ խնդիր ունի լուծելու՝ մեղադրական եզրակացությունը կնիքով հաստատել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի ներկայացուցիչ`փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Ըստ նրա` տուժող կողմը միայնակ դատարանի ապօրինությունների ընթացքը փոխել չի կարող: «Դատարանում երեկ մենք հայտարարեցինք, որ արդարադատություն չի իրականացվում: Ըստ էության դատարանը, որպես այդպիսին, հանդես չի գալիս, այն մի խնդիր ունի լուծելու՝ մեղադրական եզրակացությունը դատարանի կնիքով հաստատել: Այսինքն` դատարանն ըստ էության նոտարի գործառույթ է իրականացնում:
Առանց մեր մասնակցության էլ, բնականաբար, նիստերը կարող են շարունակվել, և որպեսզի երեկվա մեր բողոքի ակցիան արդյունավետ լիներ, մեզ պետք է միանային նաև ամբաստանյալների պաշտպանները, իսկ իրենք դա չարեցին»,- նկատեց Մ. Շուշանյանը` հավելելով, որ դատավարության հետագա ընթացքը կանխատեսելի է. հրապարակվելու են մնացած վկաների նախաքննական ցուցմունքները, և դատարանը հաստատելու է մեղադրական եզրակացությամբ նախատեսված վարկածը, ըստ որի՝ Արտակ Նազարյանը ինքնասպան է եղել:
Անդրադառնալով նախաքննությանը` փաստաբանն ասաց, որ կատարվել է հանցավոր նախաքննություն, արհեստականորեն ստեղծվել է ինքնասպանության վարկած, այդ ուղղությամբ ձեռք են բերվել կեղծ ապացույցներ, ճնշում է գործադրվել գործով անցնող բոլոր վկաների վրա, շաբաթներ շարունակ նրանք ապօրինի պահվել են ՌՈ-ում և ենթարկվել բռնությունների ու հոգեբանական ճնշումների: Նրա խոսքով` նման պայմաններում պարզ է, թե իրականում ինչ է կատարվել:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց Արտակ Նազարյանի քույր Ծովինար Նազարյանի հետ, որն ասաց՝ ամեն ինչ անելու են, որ դատական նիստերը տեղափոխվեն Երևան: «Եթե այս հարցը չի լուծվում, ես արդեն մտավախություն ունեմ, որ ընդհուպ ամենավերևից որոշում կա գործը աչքից հեռու մի տեղ ծածկադմփոց անելու»,- եզրակացրեց Ծ. Նազարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է պայմանագրային զինծառայող, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության գործով դատական նիստը: Այս դատական նիստին դարձյալ Արման Մնացականյանը չէր ներկայացել:
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի շահերի պաշտպան Հրանտ Գևորգյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ ինքը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում, քանի որ դատարանը անաչառ չէ: Դատարանը մերժել է ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը` անհիմն լինելու պատճառաբանությամբ, ինչից հետո տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը և նրա ներկայացուցիչ` փաստաբան Մուշեղ Շուշանյանը լքել են դատարանի դահլիճը: Դատական նիստի ավարտին հրապարակվել են առանցքային վկա Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքները:
No comments:
Post a Comment