Wednesday, March 21, 2012

Վկայի ցուցմունքը քննիչը կեղծել է

21/03/2012  12:02

Պարզվեց, հենց նա պիտի առաջինն ազնվորեն խոստովաներ, որ գործը վարող քննիչի կողմից եղել են կեղծիքներ, եւ հենց նրա ցուցմունքը պետք է  գնահատվեր որպես անկեղծ ու ճշմարիտ: Եթե նախորդ վկան` Արտակ Հովհաննիսյանը, ավելի շատ բան գիտեր, բայց ակնհայտ խուսափում էր հարցերին պատասխանելուց, ապա ութամյա կրթությամբ հաղպատցի ավագ սերժանտը խոսում էր շիտակ ու կոնկրետ:
Վկան Նազարյանին բնութագրեց որպես գրագետ, կիրթ անձնավորություն, բայց նաեւ վատ պատրաստված սպա, ինչն առաջացրեց նիստը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանի զայրույթը: «Դուք ատեստացիոն հանձնաժողո՞վ եք: Որտեղի՞ց գիտեք, որ վատ սպա էր: Եթե լեյտենանտ է ստացել, ինչպե՞ս կարող էր թույլ սպա լինել»,- ասաց դատավորը:
Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու միջնորդություն ներկայացրեց, ինչը բավարարվեց: Հրապարակվեց 13.10.2010թ. Չինարիի «Ղոզլու» հենակետում Էվոյանի` քննիչ Լեւոն Պետրոսյանին տված ցուցմունքը: Եթե դատարանում վկան հաստատում էր, որ տեղյակ չի եղել ամբաստանյալների եւ տուժողի հարաբերություններից, ապա նախաքննական ցուցմունքում պատմում էր, որ կապիտան Մանուկյանը Նազարյանին վերաբերվում էր շատ վատ, նրա հետ սեղան չէր նստում, իսկ շարքայիններ Ա. Հովհաննիսյանը, Մ. Մխիթարյանը եւ Հ. Կիրակոսյանը (գործով անցնող 5 ամբաստանյալներից չորսը), իբր, նույնպես ծաղրում էին, նրա մասին խոսում արհամարհանքով: Իր նախորդ ցուցմունքը լսելու պահին վկան չթաքցրեց զարմանքը:
Երբ ցուցմունքի ընթերցումն ավարտվեց, վկան հայտարարեց, որ ցուցմունքի տակ դրված ստորագրությունն իրենն է, բայց ձեռագիրը` ոչ: Էվոյանը խոստովանեց, որ ինքն է ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Լեւոն Պետրոսյանին վստահելով խնդրել, որ քննիչն իր ձեռքով, վկայի պատմածների հիման վրա, ցուցմունքը գրի, բայց ստորագրել է առանց կարդալու: Փաստորեն, ըստ վկայի,  օգտվելով առիթից` քննիչը գրել է այնպիսի բաներ, որոնց մասին Էվոյանն առաջին անգամ էր լսում: «Ես էսքան բան չեմ պատմել, ընդամենը 1,5 էջին մոտ է եղել»,- ասաց: Վկան հնարավոր համարեց նաեւ, որ իր ստորագրությունը կարող են կեղծած լինել` նկատի ունենալով, որ մի քանի էջանոց ցուցմունքի ամեն էջի տակ իր ստորագրությունն էր: Ի դեպ, հարցաքննության սկզբի եւ ավարտի ժամերը ցուցմունքում նշված չէր:
Մի շարք փաստեր հաշվի առնելով, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը գործի հսկողությունն իրականացրած մեղադրող Հ. Հարությունյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց, որին միացան նաեւ ամբաստանյալների պաշտպաններ Ա. Մնացականյանը, Հ. Գեւորգյանը եւ Լ. Պողոսյանը: Աշխատանքային օրն ավարտվում էր, եւ նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 27-ը:           

Գագիկ Աղբալյան
Տավուշի մարզի թղթակից   

No comments:

Post a Comment