ՄԻՊ գրասենյակն ուղղակի մի հերթապահ զեկույց է պատրաստել. «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ
2012-03-26 22:39:30
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Ադրեասյանն այսօր հրապարակել է մի քանի զեկույց, որոնց միջոցով անդրադարձել է ՀՀ-ի որոշ գերատեսչությունների կատարած աշխատանքներին: Անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններին ու խնդիրներին: Օմբուդսմենի այս զեկույցը խնդրեցինք մեկնաբանել «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանին։
«Այնպիսի տպավորություն է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուղղակի մի հերթապահ զեկույց է պատրաստել, որպեսզի ոչ ոք չմտածի, որ իրենք բանակի խնդիրներն անտեսել են: Սա ավելի շատ նման է ներկայիս կառավարության հերթական մի ստորաբաժանման զեկույցի, քան մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի, որովհետև նրբորեն շրջանցվել են մի շարք կարևոր խնդիրներ: Օրինակ, հենց առաջին պարբերությունում խոսվում է մահվան դեպքերի մասին, բայց ոչ մի բառ չի ասվում այն մասին, որ նույն այդ մահվան դեպքերը պատշաճ քննություն չեն անցնում ՊՆ-ի քննչական ծառայությունում, զինվորական դատախազությունում և դատարաններում: Ավելին՝ նշածս գերատեսչություններն ամեն ինչ անում են հանցագործներին կոծկելու, հանցագործությունը այլ կերպ որակելու, քան իրականում տեղի է ունեցել, այսինքն՝ մահվան դեպքերը ներկայացնելու որպես ինքնասպանություններ, դժբախտ պատահարներ, բայց շատ հազվադեպ՝ որպես սպանություններ, իսկ մարդասպանները որպես կանոն դուրս են մնում մեղադրյալների շրջանակից: Սրա մասին պաշտպանի զեկույցում ոչ մի բառ չկա, մինչդեռ սա այն կարևոր գործոնն է, որի պատճառով բանակում տիրում է անպատժելիության մթնոլորտ և որի պատճառով մարդասպանների ձեռքերը ազատ են՝ շարունակելու իրենց հանցագործությունները բանակում:
Բացի այդ պաշտպանը ոչ մի բառ չի խոսում ոչ միայն մահվան դեպքերի պատճառների մասին, այլև ընդհանրապես չի հիշատակում բռնությունները, որովհետև չմոռանանք, որ մահվան դեպքերը մարդու իրավունքների խախտումների և բռնությունների ամենածայրահեղ ձևերն են: Մինչդեռ մինչև դրան հասնելը բազմաթիվ խախտումներ և բռնություններ են տեղի ունենում, որոնք հաճախ չեն էլ արձանագրվում վիճակագրության մեջ, չեն հասնում դատարաններ, չեն հասնում քննչական ծառայություն ու լռեցվում են: Իմիջիայլոց, հենց դրա մասին կարելի է կարդալ հենց պաշտպանի զեկույցի երկրորդ հատվածում՝ «Արձանագրված դրական զարգացումների» մեջ, որը ավելի մեծ է տեսանելիորեն: Հենց առաջին պարբերությունում ասվում է, թե ՀՀ ՊՆ թեժ գիծ ստացվել է մոտ 1370 ահազանգ, որոնցից 650-ին տրվել է ընթացք, իսկ մնացած 720-ը գրանցվել են որպես կեղծ ահազանգ: Սա իսկապես ահազանգող է, որ ՊՆ-ն իր ստացած ահազանգերի կեսից ավելին գնահատել է որպես կեղծ: Այստեղ չի բացառվում, որ մենք գործ ունենք պարզապես ահազանգողներին լռեցնելու հետ, ինչի վկայությունը հենց վերջերս զուգարանամաքրության հետ տեղի ունեցող զարգացումներն են: Դրական զարգացումների թվում պաշտպանը նշում է նաև, որ էականորեն նվազել են զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը, իհարկե դա չենք հերքում, բայց ոչ մի վերլուծություն չկա, թե ինչի հաշվին են նվազել: Ինչի՞ շնորհիվ են այդ մահվան դեպքերը նվազել, արդյո՞ք լրացուցիչ բռնությունների, ճնշման արդյունքում, թե՞ տարված դաստիարակչական աշխատանքների, տարված ծառայական քննությունների, հանցագործությունները պատժելու և այլ գործողությունների շնորհիվ:
Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինվորական դատախազի և իր մասնակցությամբ կայացել է աշխատանքային հանդիպում, որի արդյունքում ստեղծվել է զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման խումբ: Դա տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբեր ամսին, թեև զեկույցում գրված է «ընթացիկ տարվա», ես ենթադրում եմ, որ շատ ավելի հավանական է, որ «ընթացիկ տարվա հոկտեմբերին» է այդպիսի խումբ ստեղծվել կամ ստեղծվելու, որովհետև մինչև հիմա մենք ոչ մի բան այդ խմբի մասին չենք լսել: Չենք լսել, թե ինչ է արել այդ խումբն ընդհանրապես: Շատ ուրախ կլինենք, եթե մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նաև որոշ հաշվետվություն ներկայացված լիներ, թե ինչ քայլեր է կատարել նշված խումբը՝ հանցագործությունները կանխարգելելու նպատակով:
Հաջորդը: Ասվում է, որ «Պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գերագույն շտաբի պետի տեղակալների գլխավորությամբ աշխատանքային խմբեր են գործուղվել սահմանամերձ և հեռավոր շրջաններում տեղակայված զորամասեր, որոնց նպատակն է եղել անձամբ հանդիպել անձնակազմի անդամներին, ներկայացնել կարգապահության ամրապնդմանն ուղղված հանձնարարականներր և ծանոթանալ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին»: Կներեք, բայց Խաչատուրովի մարդի՞կ են, որ պետք է շտկեն բարոյահոգեբանական վիճակը բանակում: Ընդամենը վերջերս ապացուցվեց Խաչատուրովի մարդկանց հանցավորությունը մոտակա զորամասերից մեկում և նրանք հենց վերջերս վերադարձան նորից բանակ՝ շարունակելու իրենց ծառայությունը: Այդպիսի մթնոլորտում, ինչո՞ւ պետք է Խաչատուրովի մարդկանց հավատան սպաները, ում վրա դրված է հանցագործություններ կանխարգելելու և բարոյահոգեբանական իրավիճակը բանակում շտկելու գործը:
Եվ վերջինը, որ ուզում եմ նշել, վերջին պարբերության հետ է կապված, որտեղ ասվում է, որ պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև համագործակցություն է ծավալվել մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրազեկության բարձրացման ուղղությամբ: Ես կուզեի տեղյակ լինել ՄԻՊ-ի գրասենյակի արած քայլերին՝ այդ ուղղությամբ: Որևէ քայլի ես տեղյակ չեմ:
Ամփոփելով ասեմ նաև, որ սա շատ ընդհանուր, լղոզված զեկույց է: Իհարկե լավ է, որ բացասական, այսքան քննադատական հատվածում մեջ են բերվում մի շարք կազմակերպական խնդիրներ՝ կապված զորակոչի, բուժծառայությունների եւ այլ հանգամանքների հետ, բայց կարծես թե մարդու իրավունքների պաշտպանը միտումնավոր խուսափել է խնդիրների բուն, ամենացավոտ կետին կպնելուց, այն է՝ անպատժելիության մթնոլորտ, որը խրախուսվում է հենց ՊՆ-ի և զինդատախազության կողմից, ում հետ մարդու իրավունքների պաշտպանն իր հանդիպումները համարում է երևի, թե ամենաարդյունավետ զարգացումները զինված ուժերի համար»,- նշեց Ծովինար Նազարյանը:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք սա ՄԻՊ-ին պատվիրված զեկույց է կառավարության կողմից, նախաձեռնության անդամն ասաց. «Ես կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը պատվեր ունենար թե չունենար՝ պարտավոր էր արձագանքել մարդու իրավունքների իրավիճակին բանակում: Չեմ խախտի անմեղության կանխավարկածը՝ մարդն իր աշխատանքն է արել, բայց արել է հնարավորինս զգույշ՝ հնարավորինս խուսափելով բարկացնել կառավարության իր գործընկերներին: Եվ հետո այդ պատվերը ստանալու կարիք էլ չկար, որովհետև այսօրվա մարդու իրավունքների պաշտպանը լիարժեքորեն տեղավորվում է ոչ միայն իշխանության տրամաբանության և պատվերի շրջանակներում, այլ հենց բուն Հանրապետական կուսակցության և նրա նախագահ Սերժ Սարգսյանի պատվերի և տրամաբանության շրջանակներում»:
Ազատուհի Արասխանյան
http://lurer.com/?p=17186&l=am
No comments:
Post a Comment