20/04/2012 12:05
Նրանից սպասելիքները մեծ էին, որովհետեւ վերջինս ամբաստանյալների ծնողներին մասնավոր զրույցում ասել էր, որ ինքը գիտի ճշմարտությունը, եւ ամբաստանյալի աթոռին նստած հինգ տղաները հանցանք չեն կատարել, մեղավոր չեն Նազարյանի մահվան համար: Այնինչ վկայի` դատարանում տված ցուցմունքը նախաքննականից ոչնչով չտարբերվեց: Սայադյանը հարցերին պատասխանելիս զգուշավորություն էր ցուցաբերում: Այս մեկն էլ, նախորդ վկաներից ոմանց նման, ձգտում էր չհիշել դեպքի հետ կապված կարեւոր մանրամասները:
Այդուհանդերձ, վկան խոստովանեց, որ 9 օր, առանց իր կարգավիճակն իմանալու, ազատազրկված է եղել Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում, եւ որ իրեն տեղափոխել են այլ խուց երեք օր հետո, երբ նա սկսել է ցուցմունք գրել, եւ նրա խուց են բերել այլ վկաների:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը վկային հորդորեց անկեղծ պատասխանել: Զորամասի նախկին գրագիրը հայտարարեց, որ 2010թ. հուլիսի 27-ի գիշերն ինքը Արտակ Նազարյանի հետ սուրճ է խմել: Այնինչ դատաբժշկական փորձաքննությամբ Նազարյանի մարմնում միայն ալկոհոլ է հայտնաբերվել: Համարելով, որ վկան փաստերը խեղաթյուրում է, Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե ինքը միջնորդելու է, որ վկայի նկատմամբ սուտ ցուցմունք տալու համար քրեական գործ հարուցվի:
Դատական նիստի ժամանակ դատավոր Սամվել Մարդանյանը կարգադրիչներին հրահանգեց դահլիճից հեռացնել ամբաստանյալ Մխիթար Մխիթարյանի հորը` Մանվել Մխիթարյանին: Բանն այն է, որ վերջինս դահլիճից բարձրաձայնեց, որ վկան, իրեն հանդիպելով, հավատացրել էր, որ դատարանում ինքը կասի ճշմարտությունը:
Դատարանում տված ցուցմունքում Գարեգին Սայադյանը, ինչպես նախորդ վկաները, չկարողացավ բերել հիմնավոր փաստարկ, որով հնարավոր լիներ ապացուցել, որ ամբաստանյալները որեւէ կապ ունեն Արտակ Նազարյանի մահվան հետ: Բայց նշեց, որ վաշտի հրամանատար կապիտան Ուդումյանը եւ Նազարյանը հեռախոսով հայհոյել են միմյանց: Հաջորդ նիստը կկայանա մայիսի 2-ին:
Գագիկ Աղբալյան
Տավուշի մարզի թղթակից
Տավուշի մարզի թղթակից
http://armtimes.com/hy/article/33132
No comments:
Post a Comment