Wednesday, May 23, 2012

Վկան գնացել էր բանջարի

 23/05/2012 12:02
Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստը: Մեկ շաբաթ առաջ նիստը չկայացավ 2 առանցքային վկաների` Արթուր Մկրտչյանի եւ Արման Մնացականյանի դատարան չներկայանալու պատճառով: Երեկ բացակայում էր ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը: Նրա բացակայության մասին նախապես իմանալով, նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը: Բացակայում էին նաեւ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչներ Ռուբեն Մարտիրոսյանն ու Մուշեղ Շուշանյանը: Ամենաուշագրավը վկա Արթուր Մկրտչյանի բացակայության հիմնավորումն էր: Ոստիկանության Սիսիանի բաժնի կապիտան Գեւորգյանը հեռախոսագրով դատարանին տեղեկացրել էր, որ Մկրտչյանը, ըստ իր մոր բացատրության, բանջար հավաքելու նպատակով մեկնել է ԼՂՀ Մարտակերտի շրջան եւ մինչ օրս չի վերադարձել: Հիշեցնենք, որ մայիսի 15-ին մեզ հետ զրույցում զինվորական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն ասել էր, որ Արթուր Մկրտչյանի եղբորը մինչ օրս պահում են ռազմական ոստիկանությունում: Հիմքը` իբր պաշտպանական միջոց են կիրառել նրա նկատմամբ: Սակայն, զինծառայության մեջ գտնվող այդ տղան դեպքի վայրում չի եղել, եւ նրան Երեւանի զինվորական ոստիկանությունում պահում են, Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, որպես պատանդ: Մյուս առանցքային վկան` Արման Մնացականյանը, որն անցած նիստին չէր ներկայացել, այս անգամ եկել էր եւ պատրաստ էր վկայություն տալ: Նրան ուղեկցող ոստիկանության Արմավիրի բաժնի ավագ-լեյտենանտը, դատավոր Սամվել Մարդանյանի հարցին` անցած անգամ ինչո՞վ էր պայմանավորված վկայի բացակայությունը, ասաց, որ «սթրեսային իրավիճակներ կան մոտը եւ սրտային անբավարարություն»: Ի դեպ, նախորդ նիստից առաջ դատարանը ոստիկանության Արմավիրի բաժնից ստացել էր գրություն, որտեղ նշված էր, որ Մնացականյանը «բուժման նպատակով մեկնել է ՀՀ-ից»: Իսկ ահա երեկ ոստիկանության ներկայացուցիչն այդ մասին ոչինչ չասաց: Հարց է ծագում` սրտային անբավարարությունը միայն արտասահմանու՞մ է բուժվում կամ նման հիվանդություն ունեցող մարդը կարո՞ղ էր երկար ճանապարհ գնալ: Հիշեցնենք, որ այս վկայի հետ կապված` տուժողի իրավահաջորդը համոզված է, որ արհեստականորեն խոչընդոտվում է նրա` դատարանում ցուցմունք տալը: Հիշենք տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի եւ նրա ներկայացուցիչների տեսակետը ներկայացնող եւս մեկ ճշտում` նրանք բացառում են Ա. Նազարյանի «ինքնասպանության» հետ 5 ամբաստանյալների կապը, որովհետեւ համոզված են, որ ինքնասպանություն չի եղել, այլ սպանություն: Նրանք նաեւ չեն բացառում սպանության հետ 2 սպաների` Հակոբ Մանուկյանի եւ Վահագն Հայրապետյանի կապը, բայց 3 շարքայինների` Հ. Կիրակոսյանի, Մ. Մխիթարյանի եւ Ա. Հովհաննիսյանի կապը բացառում են: Քանի որ ամբաստանյալ Մանուկյանը հայտարարեց, որ առանց իր պաշտպանյալի չի ցանկանում, որ դատական նիստը շարունակվի, դատարանը նիստը հետաձգեց մեկ շաբաթով` մինչեւ մայիսի 29-ը, ժամը 15:00-ն:
Գագիկ Աղբալյան
Տավուշի մարզի թղթակից
http://armtimes.com/hy/article/33854

No comments:

Post a Comment