Վաղը Իջեւանում դատարան է բերվելու մեր կորած-մոլորած վկան, որը զորացրվելուց հետո անհետացավ դատարանից հենց գործը Երեւանից տարան Իջեւան, իսկ վերջերս էլ իբր թե արտասահմանում էր՝ «բուժման նպատակով»: Հիշեցնեմ, սա այն վկան էր, որին մեկ ռազմական ոստիկանն էր բերում ամբիոնի մոտ, մեկ ինչ-որ կասկածելի պաշտպան, որ նույնպես մեկ անգամ գալուց հետո անհետացավ: Սա այն վկան էր, որ պնդեց, որ քննիչն է գրել իր ցուցմունքը, իսկ հաջորդ օրը՝ թե ինքն է բառ առ բառ թելադրել քննիչին, բայց չկարողացավ բացատրել իր նախաքննական ցուցմունքում օգտագործած «ֆուֆլո», «գերակայություն» բառերի իմաստը, իսկ «ձախ նախաբազուկը» ցույց տալու փոխարեն ցույց տվեց մեջքը: Հիշեցնեմ, որ նա՝ նախկին շարքային Արման Մնացականյանը, հենակետի խոհարարն է եղել եւ ականատես է եղել ամբողջ անցուդարձին, հավանաբար նաեւ սպանությանը, որը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել հենց խոհանոցում, ինչի վկայությունը մինչ այժմ այնտեղ պահպանված արյան հետքերն են: Վաղը նորից ես նայելու եմ պետության կաղմից ոչնչացված, բայց ֆիզիկապես ողջ մի հասարակ գյուղացի երիտասարդի դեմքին, մկանների խաղին, նյարդային դողին, որ պիտի փորձեն թաքցնել այն, ինչ իրականում տեսել են նրա մարած աչքերը: Հաստատ ամենաուրախ օրս չի լինելու:
No comments:
Post a Comment