Wednesday, July 18, 2012

Վկան գործածեց «սպանություն» բառը

18/07/2012 12:04
Ա. Մնացականյանին Բերդի ռազմական ոստիկանությունում պահել են 23 օր: Նա մի քանի ամիս դատարան չէր ներկայանում, փոխարենը` ոստիկանությունից եւ գյուղապետարանից տեղեկանքներ էին ստացվում այն մասին, որ վկան, իբր, սրտի հիվանդություն ունի եւ գտնվում է բուժման մեջ: Նշենք նաեւ, որ նրա նկատմամբ պաշտպանական միջոց է կիրառվել: Վկան, դատավոր Սամվել Մարդանյանի հարցին ի պատասխան, կեղծ հերոսական տոնով ասաց, որ հիմա էլ լավ չի, բայց կպատասխանի հարցերին:

Բայց դատավարության կողմերին հիասթափություն էր սպասվում. վկա Մնացականյանը դատարան էր եկել ոչ թե նորմալ ցուցմունք տալու, այլ ուղղակի անխուսափելի այդ պարտականությունը թոթափելու համար: Վկան տուժող կողմի եւ ամբաստանյալների պաշտպանների հիմնական ու կարեւոր հարցերին հրաժարվում էր պատասխանել, կամ ասում էր` չեմ հիշում: Բայցեւ` պատասխանեց մեղադրողներ Հարություն Հարությունյանի եւ Հայկ Հարոյանի հարցերին, որոնց հարցերը նպատակ ունեին ցույց տալու, որ վկան նախաքննական ցուցմունքները գրել է իր կամքով, առանց ճնշման ու բռնությունների: Երբ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը փորձեց պարզել, թե հունվար ամսից մինչեւ հիմա վկան որտե՞ղ է գտնվել` խուսափելով արդարադատությունից, ի՞նչ հիվանդություն ունի, բուժման կուրս անցե՞լ է, թե՞ ոչ, Մնացականյանը չոր պատասխան տվեց. «Ես իմ անձնականը էստեղ չեմ քննարկում»: Վկան լռեց նույնիսկ այն ժամանակ, երբ հարցրին իր հիվանդության մասին. նա նույնիսկ հիվանդության անունը չգիտեր: Մնացականյանը ակնհայտ խուսափում էր հարցերին պատասխանել: Հաճախ վկային օգնության էր հասնում մեղադրողը, առարկելով տրված հարցերին: Հարությունյանի դիրքորոշումը պաշտպանեց նաեւ դատավոր Մարդանյանը, որը հետայդու հանում էր այն հարցերը, որոնք վերաբերում էին վկայի «հիվանդությանը: Ծովինար Նազարյանի դժգոհությանը դատարանին. «Դուք եք վկային խրախուսում, որ իրեն էսպես պահի», դատավորն ասաց. «Վկային դնում եք հոգեբանական վիճակի մեջ»,-ավելացնելով, որ նրա առողջական վիճակը ոչ մեկին չպետք է հետաքրքրի: ՓաստաբանՄուշեղ Շուշանյանն ասաց, թե հիմքեր ունեն ենթադրելու, որ վկան հիվանդ չի եղել, ուղղակի նրան չեն ցանկացել դատարան ներկայացնել: Արման Մնացականյանը դատարանում բռնեց փորից, ձեւացնելով, թե ցավեր ունի: «Սիրտը էդտեղ ա՞», - հեգնեց Շուշանյանը: «Փորս ա ցավում», - նետեց վկան:
Դատավորը չթույլատրեց ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանին` հարցեր տալ` վկայի նախաքննական ցուցմունքներից հատվածներ վկայակոչելով: «Դե, որ տեսնում ենք դատավոր չկա դահլիճում»,- չդիմացավ Գեւորգյանը, ինչի պատճառով դատարանը նրան հայտարարեց խիստ նկատողություն: Ինչպես իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը նշեց. «Այս հարցաքննությունն իրականում իմաստ չուներ»: Վկայի գործողությունները հիշեցրին մի անեկդոտ. «Ես երկու հիվանդություն ունեմ, մեկը` ամնեզիա, մյուսը` չեմ հիշում»: Փաստաբան Լեւոն Պողոսյանը նույնիսկ հետաքրքրվեց. «Ձեր հիշողության կորուստը կապված է վերջին հիվանդության հե՞տ»: Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանը Մնացականյանին հարցրեց` եթե նա այդքան էլ տեղյակ չի կատարվածից, ապա ինչու՞ նրան ՌՈ տարան: «Որովհետեւ մեր հենակետում էր տեղի ունեցել Արտակ Նազարյանի սպանությունը»,- ակամա խոստովանեց վկան: «Դե՛ ուրեմն ասա, թե ով է սպանել»,- ասաց Արտակի քույրը` Ծովինարը: «Չգիտեմ, ես ոչ մի բան չեմ հիշում»,- գոռաց վկան:
Հարցաքննությունից հետո սկսվեց հայտարարությունների փուլը: «Նրա ցուցմունքները որպես ապացույց գնահատելն անթույլատրելի է»,- հայտարարեց պաշտպան Հ. Գեւորգյանը:
Այնուհետեւ դատավոր Ս. Մարդանյանը ընթերցեց Ա. Նազարյանի դիակի փորձաքննության եզրակացությունը: Տեքստից դժվարությամբ հասկանալի եղան նրա մարմնի վրա առկա արյունազեղումների ու սալջարդերի մասին, որ առաջացել էին մահվանից առաջ, բութ նյութերի ազդեցությունից, նաեւ 1,8 պրոմիլե էթիլ սպիրտի մասին, որ առկա է եղել նրա օրգանիզմում, առաջացնելով միջին աստիճանի հարբածություն: Եզրակացության մեջ նշված էր, որ գործի նյութերում առկա է 19 լուսանկար, այնինչ հատորների մեջ իրականում 16-ն է: Ծովինար Նազարյանը փորձեց ճշտել, թե այդ դեպքում ուր են կորել 3 լուսանկարները: Դատավորը հորդորեց այդ հարցն իրեն չտալ: Իրավապաշտպան Մարտիրոսյանը միջնորդեց դատարանին` թույլտվություն տալ, որպեսզի, թեկուզ վճարի դիմաց, դատաբժշկական կենտրոնը տրամադրի բոլոր լուսանկարները: Նիստը կշարունակվի այսօր:

Գագիկ Աղբալյան
Տավուշի մարզի թղթակից

No comments:

Post a Comment