Wednesday, July 18, 2012

Ծովինար Նազարյան. «Տպավորություն ունեմ, որ այստեղ դատվում է Արտակ Նազարյանը եւ իր ընտանիքը»

Արտակ Նազարյանի մահվան գործով հուլիսի 18-ի դատական նիստում  հրապարակվում էին քրեական գործում առկա ապացույցները : Լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը եւ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան   Հրանտ Գեւորգյանը միջնորդեցին, որ դատարանում յուրաքանչյուր ապացույցի հրապարակումից հետո կատարվի դրա հետազոտությունը, հետո անցում կատարվի այլ ապացույցների հրապարակմանը: Դատավոր Սամվել Մարդանյանն  ասաց, որ այդ հարցն իր իրավասության շրջանակում է, որ ինքը որոշել է բոլոր ապացույցների հրապարակումից հետո  միայն անցնել դրանց հետազոտությանը: 

Դատարանում հրապարակվեց Արտակ Նազարյանի ծոցատետրից  պոկված, Արտակ Նազարյանին վերագրված գրության  դատական փորձաքննության եզրակացությունը: Ծոցատետրից պոկված թերթում  գրված է հետեւյալը. «Այս քայլին ես դիմել եմ ստիպված, հոգնած ամեն, ամեն, ամեն ինչից, իմ ծնողների դաստիարակությունից, կյանքում տեղս չգտնելուց, երազել չկարողանալուց: Ոչ  ոք մեղավոր չէ, ոչ ոք, միայն ես ու իմ  ծնողները»: 

Նշենք, որ  նոթատետրը եւ գրությունը Արտակ Նազարյանի գրպանից հանել է գումարտակի հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանը, այն տվել գումարտակի շտաբի պետի պաշտոնակատար Միհրան Նաջարյանին, վերջինս  փոխանցել է գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանին, վերջինս էլ հանձնել է  քննիչներին: 

Արտակ Նազարյանի ինքնաձիգի,պարկուճի  դատական փորձաքննության եզրակացությունը հրապարակելու ժամանակ  մեղադրող Հարություն Հարությունյանը սկսեց բացատրել, որ պարկուճի համարը մյուս կողմից կարդալիս դրա համարը համընկնում է քրեական գործում եղած պարկուճի համարի հետ: Դրանով նա փորձում էր ցույց տալ, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի հիմնավորումները, թե քրեական գործում առկա պարկուճը  դատական փորձաքննության փուլում փոխվել է, չեն համապատասխանում իրականությանը: Դատախազի բացատրությունը առաջացրեց տուժողի իրավահաջորդ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի  դժգոհությունը, քանի այդ փուլում դատավորը թույլատրել էր միայն ապացույցների  հրապարակումը, եւ ոչ` հետազոտումը: Ռուբեն Մարտիրոսյանը դատավորին հարցրեց, թե ինչու է նա դատախազին թույլ տալիս բացատրություններ ներկայացնել: Դատավորի եւ Ռուբեն Մարտիրոսյանի միջեւ վեճ բորբոքվեց:  

Դատավորը դատական սանկցիա կիրառելով` իրավապաշտպանին դահլիճից դուրս հրավիրեց: Մեղադրող Հարություն Հարությունյանը սխալմամբ կարծում էր, թե  այդ պահին դատարանում ապացույցները ոչ միայն հրապարակվում, այլ նաեւ հետազոտվում են:  Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը զայրացած հայտարարեց, որ դատարանն ամեն ինչ անում է, որ տուժող կողմը մեկուսացվի այս գործից եւ հավելեց. « Ես այնպիսի  տպավորություն ունեմ, որ այստեղ դատվում է Արտակ Նազարյանը եւ իր  ընտանիքը»: 

Դատական նիստի  ընդմիջումից հետո Ծովինար Նազարյանը, Սամվել Մարդանյանին մեղադրելով կողմնակալ վերաբերմունքի, մեղադրողի շահերը, նրա ներկայացրած կեղծ մեղադրանքը պաշտպանելու մեջ, դատավորին  ինքնաբացարկ հայտնեց: Ծովինարը դատավորին մի քանի անգամ հորդորեց «շառ ու փորձանքից հեռու մնալ» եւ իր մասնագիտական պատիվը պաշտպանելու համար բավարարել  ինքնաբացարկի  միջնորդությունը, ասելով, որ այդ գործը հասնելու  է մինչեւ  մարդու իրավունքների Եվրոդատարան: 

Պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը, Լեւոն Պողոսյանը եւ ամբաստանյալ 5 զինծառայողները  միացան ինքնաբացարկի միջնորդությանը, իսկ մեղադրող Հարություն Հարությունյանը  այդ միջնորդությանը դեմ էր: Դատավորը ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու  համար հեռացավ խորհրդակցական սենյակ: Այդ  միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 19-ին, ժամը 11-ին: 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

http://www.aravot.am/2012/07/18/302183/ 

© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից


Tsovinar Nazaryan Արժեր հոդվածում նշել, թե ինչ էր կատարվել նոթատետրը ձեռքից ձեռք փոխանցելու ընթացքում, որը տեւել էր 13 օր: Այնտեղից պատռվել եւ ոչնչացվել էին օրագրային գրառումները եւ հայտնվել էր ինքնասպանության կեղծ գրություն: Ի դեպ, դատախազը «սխալմամբ» չէր, որ մեկնաբանություններ էր անում...

No comments:

Post a Comment