Thursday, August 16, 2012

Քննիչների խեղաթյուրումներից մի քանիսը




Դատարանը հայտնվել է փակուղում

Դատարանը հայտնվել է փակուղում
Այս համոզմանն են դատավարության կողմերը, մասնագետները: Բանն այն է, որ նախաքննական մարմնի մատնանշած «հանցագործությունները», դրանք «բացահայտող փաստերը», որոնց հիման վրա ամբաստանյալի աթոռին է հայտնվել 5 երիտասարդ, հենց երեկ չդիմացան փաստաբանների հակափաստարկներին ու հատ-հատ ջարդվեցին: Մեղադրող կողմն այլեւս ի վիճակի չէ ներկայացնել մեղադրանքը «կարելուն» նպաստող հիմնավորումներ: Տուժող եւ պաշտպանական կողմերի պնդումը, թե գործը պետք է հետ ուղարկել նախաքննական մարմնին, պետք է լինի դատարանի համար հարցերի հարցը:  Կամ ՊՆ քննչական ծառայությունը մեծամասամբ համալրված է ոչ պրոֆեսիոնալներով, կամ էլ` Նազարյանի հետ կատարվածը միտումնավոր է խեղաթյուրվել: Կամ պետք է դատարանը իր հեղինակության հաշվին «սաղացնի» քննչական մարմնի կեղծիքները, կամ պետք է Թեմիսի նման կապի աչքերն ու գործի հանուն Հայաստանի, չխաղալով նաեւ երիտասարդ ամբաստանյալների ապագայի հետ:  
Երեկ շարունակեց հայտարարությամբ հանդես գալ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: «Կա փաստաթուղթ նախաքննական մարմնից, որում նշվում է, որ տեղազննության արձանագրությունը գրելիս քննիչ Սարգիս Մադաթյանը թույլ է տվել մեխանիկական սխալ` տեղազննությունը թվագրելով ոչ թե 27.07.2010թ., այլ` 28.07.2010թ.:  Քննիչի պարզաբանումներն անհիմն են ու հավատ չեն ներշնչում, քանի որ փաստաթուղթն իրականում չի ձեւակերպվել դեպքի վայրում: Վկա Արտակ Հովհաննիսյանը դատարանում ասել է, որ ինքը (ընթերակա- հեղ.) չգիտի` ինչ է տեղազննությունը, ոչ մի գործողության հենակետում չի մասնակցել, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել:
Սա նշանակում է, որ քննիչը վերցրել եւ նկարել է այդ կեղծ արձանագրությունը, մոռանալով ամսաթիվը հետին թվով գրել»,- ասաց Մարտիրոսյանը: Նա  պնդեց, որ Նազարյանը չէր կարող ինքնասպան լինել, քանի որ նրա բոլոր 120 փամփուշտները` 4 պահունակներում, տեղում էին: Ավելին, մեկ այլ քննիչ` Հայկ Մարգարյանը, պաշտոնական դիրքի չարաշահումով իր վրա է վերցրել դատաձգաբան-փորձագետի պարտականությունները եւ հայտարարել, որ մարտական հենակետի ոչ մի զենքից դեպքի օրը կրակված չի եղել: «Սա նշանակում է, որ Նազարյանը սպանվել է դրսից եկած հանցագործ մարդասպանների կողմից»,- շարունակեց իր խոսքը զինվորական փորձագետը, նկատի ունենալով, որ ամբաստանյալի դերում հայտնված տղաները կապ չունեն կատարվածի հետ: Ռուբեն Մարտիրոսյանը մատնացույց արեց հաջորդ քննիչի` Լեւոն Պետրոսյանի  գործողությունները: Նա ասաց. «Քանի որ մենք ունենք բազմաթիվ փաստաթղթեր այն մասին, որ Նազարյանին սպանել են խրամատում, քննիչը որոշել է գնալ դեպքի վայր եւ տեղազննության իմիտացիա անել: Գնում է ժայռաբեկորի մոտ եւ արձանագրում, թե իբր ինքը քարի վրա հայտնաբերել է արնանման հետքեր: Նա պարտավոր էր քերել, փաթեթավորել արնանման հետքերը, ուղարկել փորձաքննության: Այս ամենը քննիչը չի կատարել»: Զինվորական փորձագետը մի քանի անգամ իր խոսքում շեշտեց, որ նախաքննության մարմինն ամեն ինչ արել է` ինքնասպանության վարկածը դատարանում անցկացնելու նպատակով: «Եթե Նազարյանը մահացել է այն դիրքում, ինչպես իրեն նստեցրել էին, ապա պետք է ամբողջ տաբատը եւ վարտիքը արյան մեջ թաղված լինեին: Բայց այդպիսի բան չկա: Նստած վիճակում կրակելուց հետո արյան մեծ մասը պետք է ծորեր ներքեւ ու շնչափողով հասներ մինչեւ ստամոքս: Ինչպես դատաբժիշկն է նշում` Նազարյանի որովայնի խոռոչում եւ ստամոքսում արյուն չի հայտնաբերվել: Պարզորոշ տեսնում ենք, որ Արտակի դիակը տեղափոխված է, եւ դեպքի վայրը կեղծ է»,- ասաց Մարտիրոսյանը:
Դատավարության կողմերը եւս մեկ կարեւոր հանգամանք նշեցին: Բազմիցս գրել ենք, որ ամբաստանյալներից եւ վկաներից ոմանց հանդեպ Բերդի ՌՈ-ում ծեծ ու խոշտանգում է եղել, նրանց ապօրինի կերպով պահել են մեկուսարանում 9-23 օր: Հավանաբար դա կոծկելու համար, դատարան է ուղարկվել մի տեղեկանք այն մասին, թե իբր հրամանատարը զինվորներին կարգապահական տույժի էր ենթարկել: Եթե նույնիսկ 10 օրը վերագրենք տույժին, ապա անհասկանալի է մնում, թե մնացած 10 եւ ավելի օրերին ինչու են զինծառայողները պահվել մեկուսարանում, չիմանալով նույնիսկ իրենց կարգավիճակը: Այս մասին դատարանում բարձրաձայնեց Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը, հիշեցնելով նաեւ, որ գործում առկա նյութերից երեւում է, որ զորամասի հրամանատարը դեպքի օրերին զորամասում չէր: Գեւորգյանը մի «թերացման» վերաբերյալ նույնպես կարեւոր հայտարարություն արեց. «Ոչ քննիչը, ոչ դատական հոգեբանը ուշադրություն չեն դարձրել այն փաստին, որ Նազարյանի օրգանիզմում հայտնաբերվել է ալկոհոլային խմիչք: Ես դեռեւս դատաքննության սկզբնական փուլում ներկայացրեցի տեղեկանք այն մասին, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործած անձի դատահոգեբանական փորձաքննության հետ կապված` Հայաստանում պրակտիկա գոյություն չունի: Սա հաստատում է, որ դատահոգեբանական փորձաքննությունը շինծու է, սարքված, որպեսզի մարդկանց մեղադրանք առաջադրեն»:
Միջնորդության փուլում տուժողի իրավահաջորդը միջնորդեց քննիչներ Ս. Մադաթյանին, Հ. Մարգարյանին եւ Լ. Պետրոսյանին որպես վկա ներգրավել ու դատարանում հարցաքննել` փորձելով պարզել, թե ինչի հետ են կապված այդ «թերացումները». դա, տուժողի իրավահաջորդի պնդմամբ, հանցագործություն է: Միջնորդությանը միացան փաստաբաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբողլյանը, փաստաբան Լեւոն Պողոսյանը` մասամբ, իսկ մեղադրող Հայկ Հարոյանն առարկեց: Վերջինիս պարզաբանումը, թե Արտակ Նազարյանի տաբատը չի արյունոտվել, որովհետեւ հնարավոր է` արյունը հոսել է այլ ուղղությամբ, ներկաների մոտ դառը ծիծաղ առաջացրեց:
Միջնորդության վերաբերյալ որոշումը` հաջորդ երեքշաբթի:
Գագիկ Աղբալյան
Տավուշի մարզի թղթակից
http://armtimes.com/hy/read/35450

No comments:

Post a Comment