Ուրախ եմ, որ ՊՆ-ում ուժ են գտել իրենց մեջ՝ խոստովանելու թերությունների մասին. Ծովինար Նազարյան
«Բանակն իրականում» նախաձեռնող խմբի անդամ Ծովինար Նազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ այս տարվա գարնանային զորակոչի ժամանակ առաջացած խնդիրներին: Նա տեղեկացրեց, որ խնդիրների քննարկման ժամանակ ոչ միայն հասարակական սեկտորին չեն հրավիրում, այլև տեղեկություն չեն տրամադրում, և երբ որ հասարակական սեկտորը խոսում է խախտումների մասին, սվիններով են ընդունում. «Այնպես են վերաբերվում, կարծես մենք չենք ցանկանում այդ բարեփոխումները: Բայց ես շատ ուրախ եմ, որ ՊՆ-ում ուժ են գտել իրենց մեջ՝ խոստովանելու թերությունների մասին, և ուժ են գտել այդ թերությունների համար լուծումներ գտնելու»:
Նա հույս հայտնեց, որ այդ լուծումներն իմիտացիոն չեն լինի, և իսկապես վերջ կդրվեն բանակում առկա խնդիրներին. «Զորակոչի ժամանակ, իհարկե, բազմաթիվ անգամներ ահազանգեր են հնչել, որ հիվանդություններն անտեսելով՝ մարդկանց տանում են բանակ, և դրա վկայությունն այն է, որ բռնության ենթարկված զինվորների գործերը քննելիս մենք տեսնում ենք, որ նրանց մի մասը զորակոչվելու պահին հիվանդ է եղել»:
Ծովինար Նազարյանը նաև ասաց, որ ինքը շատ կուզեր, որ հասարակական ուժերն այդ տեղեկություններին նույնպես տիրապետեին և քննարկումներին մասնակցեին, կարող էին լուծումներ առաջարկել, որոնք օգտակար կլինեին բարեփոխումների համար. «Համենայն դեպս, հասարակական խմբերը շատ ավելի մոտ են կանգնած սովորական մարդկանց առօրյային, քան ՊՆ-ում, որը, սովորաբար, ավելի պաշտոնական դիրքորոշում է որդեգրում, երբ խոսք է գնում բարեփոխումների և թերությունների մասին»:
http://www.1in.am/105338.html
No comments:
Post a Comment