«Պարոն դատախազ, Դուք հանցագործ եք»
- Արտակ Համբարձումյան
- Իրավունք - 29 Օգոստոսի 2012, 14:41
Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է 2010թ.-ի հուլիսի վերջին Չինարի գյուղին մերձակա դիրքերից մեկում մահացած սպա Արտակ Նազարյանի գործով դատավարությունը: Դատաքննությունը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում:
Այս նիստը հատկանշական էր նրանով, որ հարցաքննվելու էր գործի նախաքննությունը վարած քննիչներից մեկը` Լևոն Պետրոսյանը, սակայն վերջինս, ԼՂՀ-ում գործուղման գտնվելու պատճառաբանությամբ, դատարան չէր ներկայացել: Հիշեցնենք, որ տուժող կողմը մեղադրում է քննիչներին գործը կանխակալ` «ինքնասպանության հասցնելու» վարկածով քննելու, սպանության ապացույցները թաքցնելու, բռնությամբ եւ ճնշումներով վկաներից կեղծ ցուցմունքներ կորզելու և իրեղեն ապացույցները փչացնելու մեջ:
«Մեղադրող կողմը մինչ հիմա պնդում է, որ Արտակ Նազարյանը դիմել է ինքնասպանության, ինչը, ըստ նրանց, դրդվել է գործով անցնող մեղադրյալների գործողություններով: Սակայն գործում առկա ապացույցները հետազոտելով, կարող եմ փաստել, որ հենց դրանցով ինքնասպանության վարկածը հերքվում է: Գործում առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում Արտակ Նազարյանին սպանել են», իր համոզմունքը հայտնեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Նա նշում է սպանության վարկածը հիմնավորող հանգամանքները. նախաքննությունը իբրև թե դեպքի վայրից հայտնաբերել է մի պարկուճ, սակայն փորձաքննության է ուղարկվել մեկ այլ պարկուճ, որի հիման վրա էլ փորձագետը տվել է եզրակացություն`հայտարարելով, թե այդ պարկուճը արձակվել է Արտակ Նազարյանի ինքնաձիգից, այն դեպքում, երբ նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջինիս բոլոր 120 փամփուշտները տեղում են, այսինքն չի պակասել որևէ փամփուշտ, որով լեյտենանտը կարող էր ինքնասպանություն գործել:
«Ավելորդ եմ համարում անդրադառնալ, նույնիսկ, վկաների հարցաքննություններին, որոնցով խայտառակ փաստեր բացահայտվեցին: Օրինակ, որ նրանք տևական ժամանակ ապօրինի պահվել են ՌՈ բաժանմունքում, նրանց նախաքննական բոլոր ցուցմունքները, ըստ էության, անթույլատրելի ապացույցներ են, քանի որ տրվել են անօրինական անազատության մեջ գտնվելու պայմաններում: Դատարանում պարզվեց նաև, որ թե՛ մեղադրյալները, և թե՛ վկաները ենթարկվել են ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների», ներկայացնում է փաստաբանը:
Հիմնվելով վերոգրյալի վրա, Մուշեղ Շուշանյանը հայտարարում է, որ դատարանը չի կարող նախաքննական որևէ ցուցմունք հիմք ընդունել, քանի որ մեղաղադրող կողմը դատարանում չի կարողացել հաստատել իր կողմից բերված վկայությունները:
«Ի սկզբանե հորինվել է ինքնասպանության կեղծ վարկածը, և ողջ նախաքննությունը միտված աշխատել է այդ վարկածն ապացուցելու համար, այսինքն ձեռք են բերվել բազմաթիվ կեղծ ապացույցներ, կատարվել են կեղծ փորձաքննություններ: Այժմ եկել է գործում առկա գրավոր ապացույցները հետազոտելու փուլը, և ահա այս փուլում պարզվում է, որ գործում կան շատ լուրջ հակասություններ, կան փորձաքննություններ, որոնք առհասարակ չեն նշանակվել, չնայած որ նախաքննության մարմինը պարտավոր էր դրանք նշանակել, եթե, իհարկե, արդար քննություն անցկացնելու ցանկություն ունենար», ասում է փաստաբանը:
Տուժող կողմն այս նիստին ևս հանդես եկավ հետաքրքրական բացահայտմամբ: Ըստ տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի՝ գործով կարևոր վկաներից մեկի` Արման Մնացականյանի վերաբերյալ Վաղարշապատի ոստիկանության բաժինը դատարանին հայտնել է ակնհայտ սուտ տեղեկություն, որի համաձայն` վկան բուժման նպատակներով գտնվում է ՀՀ տարածքից դուրս, սակայն տուժողի ներկայացուցչի ներկայացրած մեկ այլ`ՀՀ սահմանապահ զորքերի կողմից տրամադրված փաստաթղթի համաձայն, սույն վկան նշված ժամանակահատվածում հանրապետության սահմանը չի լքել:
Այս անճշտության հետ կապված, տուժողի ներկայացուցիչը միջնորդեց դատարանին նոր քննություն սկսել: Ուշագրավ է, որ այս անգամ ևս մեղադրող դատախազները հանդես եկան «յուրօրինակ պնդումներով». տուժող կողմի միջնորդությանը դատախազ Հարություն Հարությունյանը առարկեց` նշելով, որ սահմանապահ զորքերին կատարված հարցման մեջ առկա չեն Հայաստանի արևելյան սահմանների մասին տեղեկություններ, այսինքն, ըստ էության, դատախազը կասկածներ ունի, որ վկան կարող էր փակ սահմանով անցած լինել սահմանը: Ի վերջո` դատավորը մերժեց միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստում էլ դատախազ Հայկ Հարոյանը քննիչ Ս. Մադաթյանի թույլ տված ակնհայտ թերացումներն արդարացրել էր նրա անփորձությամբ: Մեզ հետ զրույցում այս պնդմանը անդրադարձավ տուժողի փաստաբան Մուշեղ Շուշանյանը.
«Ես կարծում եմ, որ նման գնահատական հնչեցնելը, այն էլ հրապարակային դատաքննության ժամանակ, խոսում է հենց տվյալ հայտարարության հեղինակի ոչ կոմպետենտության ու անփորձության մասին: Ի՞նչ է նշանակում քննիչը չուներ փորձառություն, դա տուժող կողմի խնդիրը չէ, քննության որակի համար պատասխանատու է պետությունը»:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև այլ միջնորդություններ: Մեղադրյալներից Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը փորձում էր միջնորդություն ներկայացնել, որպեսզի դատարանը պահանջի Ռազմական ոստիկանությունից գրանցամատյանները, քանի որ դեպքի օրը հենակետի ամբողջ անձնակազմը բերվել էր ՌՈ:
«Զինվորական դատախազության կողմից մերժվել է վարույթ իրականացնել քննիչների ու ՌՈ-ի կողմից այդ ընթացքում կատարված բռնությունների վերաբերյալ: Մերժման որոշման մեջ կար հատված, որտեղ ասվում էր, որ զինվորները ՌՈ են բերվել կարգապահական տույժ կրելու համար, ինչը սահմանող ժամկետները տասը օրից ավելի չեն կարող լինել, իսկ այնտեղ մարդիկ կային, որոնք մինչև 22, 25 օր պահվել էին մեկուսարանում», - պարզաբանում է տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը:
Դատարանը բավարարեց Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանի ներկայացրած միջնորդությունը, որպես վկա ներգրավելու նույն հենակետի երկու և հարևան հենակետից`մեկ զինվորի:
Նիստի ավարտին դատավորը հրապարակեց տուժողի իրավահաջորդների նամակը գլխավոր դատախազին, որով պահանջվում էր պարտավորեցնել դատախազ Հարություն Հարությունյանին դատարանում հրապարակել քննության այն նյութերը, որոնց վրա հիմնվելով ինքը հանգել է եզրահանգման, որ քննիչի կողմից պարկուճը ոչ թե գողացվել է, այլ պարկուճի թվերը սխալ են ընթերցվել:
Դատավորը համարեց, որ այդ մասով քննարկումն արդեն ավարտված է: Արդունքում կրքերը թեժացան, և Ռուբեն Մարտիրոսյանը դիմելով դատախազ Հարություն Հարությունյանին` ասաց. «Պարո՛ն դատախազ, Դու՛ք հանցագործ եք», քանի որ, ըստ տուժողի ներկայացուցչի, եթե դատախազը չունի քննության նյութեր, ապա դա նշանակում է, որ նա նպաստում է փաստերի կոծկմանը: Դատավորը սանկցիա կիրառեց տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի նկատմամբ և վերջինիս հեռացրին դատարանի դահլիճից:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, այդ անգամ պետք է հարցաքննվի քննիչ Լևոն Պետրոսյանը:
No comments:
Post a Comment