Wednesday, August 29, 2012

ԱԱԾ-ն հաստատում է՝ վկան չի լքել ՀՀ սահմանները, միջնորդություններիմերժում, սանկցիա

Կդատակոչվի եւս հինգ վկա

Կդատակոչվի եւս հինգ վկա
Երեկվա նիստը հագեցած էր կարեւոր միջնորդություններով, որոնք ներկայացնելիս` իրենց հիմնավորումներում անխոցելի էին փաստաբանները, իսկ ինչպես միշտ` պարզապես քարը քարին չթողեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Նրա առաջին միջնորդությունը վերաբերում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, գնդապետ Խաչատրյանի կողմից տրված, իրավապաշտպանի խոսքով, կեղծ գրությանը: Դեռեւս այս տարվա մայիս ամսին դատարանը ստացել էր Խաչատրյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ այն մասին, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Արման Մնացականյանը, որը որպես վկա հրավիրվել էր դատարան, բուժման նպատակով բացակայում է երկրից եւ գտնվում է ՀՀ սահմաններից դուրս: Տուժող կողմը հարցում է արել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին եւ ստացել այդ կառույցի ղեկավար, գեներալ-մայոր Աբրահամյանի պատասխանն այն մասին, որ Մնացականյանը չի լքել ՀՀ տարածքը: Ի դեպ, այդ ընթացքում Մնացականյանի նկատմամբ կիրառվել էր պաշտպանական միջոց, եւ ինչպես Ռուբեն Մարտիրոսյանն ասաց, նա մշտապես գտնվում էր Վաղարշապատի ոստիկանության հսկողության տակ, եւ վերջինս չէր կարող չիմանալ, որ Մնացականյանը ՀՀ տարածքը չի լքել: «Կատարվել է պաշտոնական կեղծիք,- հայտարարեց Մարտիրոսյանը:- Առաջարկում եմ այս երկու գրությունը ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի պարզվի, թե ինչ շահերից ելնելով է Վաղարշապատի ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Խաչատրյանը տվել կեղծ փաստաթուղթ»: Ի դեպ, դատավոր Սամվել Մարդանյանն այն ժամանակ նշում էր, որ ինքը կասկածի տակ չի դնում ոստիկանության գրությունը: Մեղադրող Հարություն Հարությունյանը, առարկելով միջնորդության վերաբերյալ, ասաց, որ ԱԱԾ գրության մեջ նշված է, որ Մնացականյանը ՀՀ սահմանը չի հատել հյուսիսային, արեւմտյան եւ հարավային անցակետերով, սակայն արեւելյան սահմանի մասին ոչինչ նշված չէ (արեւելքում Արցախն է, որի հետ Հայաստանն անցակետեր չունի, եւ հայ-ադրբեջանական սահմանը- հեղ.): Դատարանը տուժող կողմի միջնորդությունը մերժեց:
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբողլյանը միջնորդեցին կատարել դատատեսաձայնագրային փորձաքննություն վկա Մնացականյանի հարցաքննության տեսաերիզի վերաբերյալ եւ պարզել` տեսագրության մեջ հնչող ձայնը Մնացականյանի՞նն է, եւ նրան բացատրվե՞լ են իր իրավունքները:Հրանտ Գեւորգյանը մասնավորապես ասաց, որ հարցաքննության ընթացքում խախտվել է քննչական գործողությունների կարգը. վկան ցուցմունք է տվել ոչ թե իր բանավոր խոսքով, այլ քննիչի խոսքով, ընդամենը վերջինիս հարցերին պատասխանելով «այո» կամ «ոչ»: Միջնորդության վերաբերյալ մեղադրող Հարությունյանն առարկեց. «Ռեժիսորական վատ տեսագրությունը չի նշանակում, որ քննությունը կատարվել է օրենքի խախտմամբ»: Այս միջնորդությունը նույնպես դատարանը մերժեց:
Ռուբեն Մարտիրոսյանի հաջորդ միջնորդությունը 4 կետից էր բաղկացած: Իրավապաշտպանը պահանջեց գործի նյութերին կցել Չինարիի զորամասի հրամանատարի այն հրամանները, որով գնդապետ Ղազարյանը Արտակ Նազարյանի մահվան օրը, ներքին ծառայության կանոնների խախտման համար, «Ղոզլու» մարտական հենակետի զինծառայողների համար սահմանել էր կարգապահական մեկուսացում: Մարտիրոսյանը պնդեց, որ փաստաթուղթը կեղծ է` գրված հետին թվով, զինծառայողներին անօրինական ձեւով կալանքի տակ պահելու փաստն արդարացնելու համար: «Եթե այդպես չէ, ապա մենք պետք է ենթադրենք, որ խախտումը կատարվել է մինչեւ Նազարյանի սպանությունը եւ ուղղակիորեն առնչվում է այն իրադարձությունների հետ, որոնք կատարվել են սպանությունից առաջ: Եթե զորամասի «հանճարեղ» հրամանատարը գալիս է մարտական հենակետ եւ հաշվված ժամերի ընթացքում բացահայտում հանցագործություն, որն այնուհետեւ մեկ տարի նախաքննական մարմինը չի բացահայտում, ուրեմն` սա ոչ թե նախաքննական մարմին է, այլ` թյուրիմացություն»,- ասաց Մարտիրոսյանը, նկատի ունենալով, որ նախաքննական մարմինը 10 զինվորներին մեկուսարան ուղարկելու պատճառների վերաբերյալ մանրամասներին չի տիրապետում: Մարտիրոսյանը միջնորդեց նաեւ, որ գնդապետ Ղազարյանը վկայակոչվի դատարան` հարցաքննության, հետո պահանջեց Բերդի ՌՈ-ից ստանալ քրգործին առնչվող փաստաթղթերն ու գրանցամատյանները եւ կցել գործին` որպես ապացույց: Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ հարկ է պարզել, թե ինչ հիմքով կալանավորվեց վկա Արթուր Մկրտչյանի եղբայր Վարդան Մկրտչյանը, որն այդ ժամանակ նույնիսկ դեռ զինվորական երդում չէր տվել: Այս միջնորդության բոլոր կետերը դատարանը բավարարեց: Շուտով կհարցաքննվի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Ղազարյանը: Դատարանում, փաստաբան Արմինե Ղասաբողլյանի միջնորդությամբ, կհարցաքննվեն նաեւ «Ղոզլու» հենակետի հերթափոխի զինծառայողներ Հայկ Ասատրյանը, Համլետ Աղամիրյանը եւ Սմբատ Սարգսյանը:    
Երեկ միջնորդությամբ հանդես եկավ նաեւ մեղադրող կողմը, պահանջելով որպես վկա հարցաքննել դատաբժիշկ Վիգեն Ադամյանին: Այս միջնորդությանը դեմ էին պաշտպանական կողմը եւ տուժողի իրավահաջորդը: Վերջինս բազմիցս պնդել է, որ նախաքննական մարմինը թաքցրել է դատաբժշկի ուղարկած 19 լուսանկարներից երեքը: Մեղադրող կողմը հերքում է դա, ասելով, որ ինքը ստացել է 16 լուսանկար: Երեկ մեղադրող Հայկ Հարոյանը միջնորդեց դատաբժշկին հրավիրել` այդ առիթով պարզաբանում տալու: Դատավարության մյուս կողմերը առարկեցին, նշելով, որ անհեթեթություն է դատաբժշկին լուսանկարների վերաբերյալ հարցաքննելը: «Շուրջ մեկ տարի նախաքննական կոչվող մարմինը կատարել է քննություն: Տեսնում էին, որ 19 հատ չէ, 16-ն է, պարտավոր էին ակտ կազմել, արձանագրել, որ իրենք 19 հատ չեն ստացել: Ինչո՞վ է զբաղվել գործը քննող դատախազը: Եթե ակտ չեն կազմել, ուրեմն` իրենք են կորզել այդ լուսանկարները»,- ասաց Ռուբեն Մարտիրոսյանը: Իսկ Ծովինար Նազարյանն ասաց, որ դատարանը դատախազների սխալների ուղղման վայր չէ, եւ թող իրենց սխալները չփաթաթեն դատավարության մասնակիցների վրա: Այդուհանդերձ, միջնորդությունը բավարարվեց: Հաջորդ նիստը սեպտեմբերի 4-ին է:
Գագիկ Աղբալյան
Տավուշի մարզի թղթակից

No comments:

Post a Comment