Tuesday, September 4, 2012

Գնդի հրամանատարը ներկայացել է դատարան և պնդում է, որ իր հրամանով են զինվորները մեկուսացվել


Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 4-ին պետք է հարցաքննվեր ՊՆ քննչական ծառայության քննիչ Լեւոն Պետրոսյանին: Ինչպես NEWS.am-ին հայտնեց Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը, Պետրոսյանը նիստի ժամանակ չի ներկայացել, նրա փոխարեն ներկայացել է գնդի հրամանատար Սեյրան Ղազարյանը, որին հարցաքննելու միջնորդությունը ժամանակին ներկայացրել էր տուժող կողմը:
Որոշ տեղեկություններով, հենց Ղազարյանն է հրահանգել, որ դեպքից հետո հենակետի զինվորներին պահեն ռազմական ոստիկանության մեկուսարանում: Նրա հարցաքննությունը, սակայն, չի ավարտվել, քանի որ ամբաստանյալների պաշտպան Ալվարդ Մնացականյանի առողջական վիճակն է վատացել: Հրավիրված շտապօգնությունը խորհուրդ է տվել նիստը չշարունակել: Դատավոր Սամվել Մարդանյանը հետաձգել է նիստը, որը, ըստ ամենայնի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի:
Հիշեցնենք, որ սպա Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ Նազարյանը սպանվել է, իսկ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում:
Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, եւ նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը:
Դատավորը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն է, իսկ մեղադրանքը պաշտպանում է զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը:
Տուժողի իրավահաջորդն է Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

No comments:

Post a Comment