Tuesday, September 4, 2012

Զորամասի հրամանատարը իրեն է վերագրում զինվորներին ապօրինի ազատազրկելը

Հրամանատարի տպավորությունը

  • Իրավունք - 05 Սեպտեմբերի 2012, 09:47

Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է 2010թ.-ի հուլիսին «Մեհրաբներ» կոչվող զորամասի մարտական դիրքերից մեկում մահացած 31-ամյա սպա Արտակ Նազարյանի գործով հերթական նիստը:
Նախորդ դատական նիստից հայտնի էր, որ դատարանը լսելու է գործի քննությունը վարող քննիչներից Լևոն Պետրոսյանին: Վերջինս ժամանակին չներկայացավ նիստին`դատախազների միջոցով հայտնելով, որ կգա երեսուն րոպեների ընթացքում, սակայն այդպես էլ ողջ նիստի ընթացքում դատարան չհասավ:
Դատարանը, խախտելով վկաների հարցաքննության հերթականության վերաբերյալ նախորդ նիստում կողմերի հետ ձեռք բերված համաձայնությունը` դատակոչել էր նաև Արտակ Նազարյանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանին: Վերջինիս հարցաքննության հրավիրելու ժամկետների հետ անհամաձայնություն հայտնեցին ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանական կողմերը` պնդելով, որ զորամասի հրամանատարի հարցաքննությունն անօգուտ է, առանց նրա կողմից ստորագրված` կարգապահական խախտումների վերաբերյալ արձանագրությունների և Բերդ քաղաքի Ռազմական ոստիկանության գրանցամատյանների առկայության:
Սույն փաստաթղթերը ևս, տուժող կողմի միջնորդությամբ, պետք է ներկայացվեին դատարան, և սրանց վերաբերյալ էլ, հիմնականում, պետք է տեղի ունենար տվյալ վկայի հարցաքննությունը: Դատավոր Ս. Մարդանյանը, չնայած կողմերի և դահլիճի բողոքին, որոշեց շարունակել վկայի հարցաքննությունը:
Հարցաքննության ընթացքում զորամասի նախկին հրամանատար Սեյրան Ղազարյանը նշեց, որ ինքը սպա Արտակ Նազարյանի հետ շփվել է բավական կարճ ժամանակ, սակայն այդ րոպեների ընթացքում, անգամ, հասցրել է նկատել վերջինիս գրագիտությունն ու մարդկային բարձր որակները: Վկան նշեց նաև, որ ինքը դեպքի մասին իմացել է, այժմ գործով մեղադրյալ անցնող սպա Հակոբ Մանուկյանի զանգից, որը հայտնել է հրամանատարին, որ Արտակ Նազարյանին գտել են սպանված վիճակում: Զորամասի հրամանատարի խոսքով, ինքը բարձրացել է դիրքեր և գտել Արտակ Նազարյանի դին` խրամատներին մոտ ժայռին հենված:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի այն հարցին, թե ինչու՞ է վկան երկու հեռախոսագրերում նշել, որ տեսել է Նազարյանի դին խրամատում, իսկ այժմ պնդում է, որ այն եղել է ժայռին հենված: Սրան ի պատասխան վկան նշեց, որ ինքը կարող է մի բառ ավել, կամ մի բառ պակաս ասած լինել, սակայն իր ցուցմունքը դիակի գտնվելու վայրի մասին համապատասխանում է գործում առկա նկարների բովանդակությանը: Ի պատասխան տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը ասաց. «Այստեղ մի բառի խնդիր չէ, խոսքը գրելու մասին է, Դուք օպերատիվ տեղեկագիր եք ուղարկել, որ դիակը հայտնաբերվել է խրամատում, իսկ եթե դիակը խրամատից տեղափոխվել է ժայռաբեկորի մոտ, ուրեմն, վե՛րջ, ինքնասպանության վարկածը դուրս է գալիս»:
Ի պատասխան զորամասի հրամանատարը նշեց, որ երբ ինքը տեսել է դին, իր մոտ ստեղծվել է տպավորություն, որ որևէ բռնություն Նազարյանի հանդեպ չի կատարվել, քանի որ լեյտենանտ Նազարյանը շատ հանգիստ է եղել հենված ժայռին: Նա նշեց նաև, որ ինքը հետևել է, որպեսզի դեպքի վայրը պահպանվի առանց փոփոխությունների և հավելեց, որ ինքը մահվան դեպքի պատճառով բարձրանալով դիրքեր` ստուգել է նաև տվյալ դիրքի ծառայողական վիճակը` հայտնաբերելով բազմաթիվ խախտումներ: Այդ խախտումներից նա նշեց զինվորների արտաքին տեսքի ոչ պատշաճությունը, զենք-զինամթերքի հետ կապված խնդիրներ, պահելաձևի խախտումներ, որոնց համար էլ դիրքի բոլոր զինվորներին ենթարկել է կարգապահական տույժի:
Զորամասի հրամանատարի պատմածին առարկեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը` հարցնելով, թե ինչպե՞ս է, որ տույժի ենթարկված բոլոր զինվորները նշում են, որ իրենք մեկուսացվել են Արտակ Նազարյանի մահվան առնչությամբ, այլ ոչ թե որևէ կարգապահական տույժի ենթարկվելու պատճառով: Վկան այս հարցադրմանը որոշակի պատասխան չտվեց:
Որոշ այլ հարցերի ևս վկան հաճախ պատասխանում էր, որ չի հիշում: Իսկ տուժողի ներկայացուցչի այն հարցին, թե ինչու է վկան Ռազմական ոստիկանության պետին տված հեռախոսագրում նշել ինքնասպանության մասին, այն դեպքում, երբ ինչպես ինքը նշեց, իրեն հաղորդվել է Նազարյանի սպանության վերաբերյալ, զորամասի հրամանատարը պատասխանեց, որ ինքը կարող է և սխալված լինել, քանի որ հեռախոսագիր է տվել նախնական տվյալներով, սակայն Նազարյանի հանգիստ նստած դիրքը նրա մոտ ինքնասպանության տպավորություն է թողել:
Ի վերջո` վկայի հարցաքննությունը կիսատ մնաց, քանի որ դատական նիստի ժամանակ մեղադրյալների պաշտպաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ և միջնորդություն արվեց դատական նիստը հետաձգելու մասին: Դատավոր Սամվել Մարդանյանը չհավատաց պաշտպանին, միայն շտապ օգնության աշխատակիցների ժամանելուց և բժիշկների կողմից տրամադրված վատառողջ լինելու մասին տեղեկանքից հետո դատական նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 5-ը:
http://www.lragir.am/index/arm/0/right/view/70724

No comments:

Post a Comment