Եվ այսպես, դատախազությունը ակնհայտորեն այնպես է նեղն ընկել դատարանում, որ անցել է քարոզչական գրոհի: «Հայոց աշխարհ»-ում այսօր, երբ Իջեւանի դատարանում հարցաքննելու ենք գործով քննիչ Լեւոն Պետրոսյանին, սկսել են տպագրել եղբորս գործի մեղադրական եզրկացությունը՝ իհարկե «գեղարվեստական փաթեթավորմամբ», որպեսզի տպավորություն ստեղծվի, թե լրագրողական «անաչառ» հետաքննությունն է պարզել, թե դա սպանություն չէր, այլ ինքնասպանություն: Հիշեցնեմ, որ դատախազությունն այդպես էր վարվել նաեւ Վանոյի գործով՝ այն վերածելով մի երկարաշունչ սերիալի, որ համարից համար չէր վերջանում, բոլոր դեպքերը նկարագրված անցյալ-կատարյալ ժամանակով, կարծես լրագրողը դեպքի վայրում է եղել, կամ էլ կարծես դա արդեն ապացուցվել է դատարանում: Էնպես որ արդեն կռահում եմ, թե ինչ պիտի լինի «շարունակությունը», մանավանդ որ այսօրվա համարում արդեն կա «սկիզբը»: Չեմ զարմանա եթե գործի դնեն նաեւ հեռուստաեթերը: Սա մի բան է նշանակում՝ դատախազությունն այլեւս կորցրել է ոտքի տակի հողը ու կառչում է փրփուրներից, նույնիսկ գործը Երեւանից հեռացնելը չօգնեց, որովհետեւ պարզվեց, որ մարզերում էլ կան գրագետ ու բարեխիղճ լրագրողներ, ինչպես օրինակ Gagik Aghbalyanը «Հայկական ժամանակից», եւ այլ լրագրողներ, իրավապաշտպաններ ու հասարակական ակտիվ մարդիկ էլ երբեմն չեն ալարում մեզ հետ հասնել Իջեւան: Սա նշանակում է նաեւ, որ գործը վերահսկվում է ամենաբարձր մակարդակով, ու որ սպանությունը քողարկողները Բաղրամյան 26-ից հեռու չեն, եթե ոչ հենց այնտեղ: Սա նշանակում է, որ այս առանցքային գործը պինդ ոսկոր է՝ մնացած բանակի իրավախախտումները հովանավորողների կոկորդներին, որից ամեն կերպ ուզում են ազատվել՝ ստվերելու համար նաեւ մյուս իրավախախտումների մասին հասարակական եւ միջազգային բողոքի ձայները:
No comments:
Post a Comment