Կեղծիք հանուն «հարց լուծող» Ուդումյանի
Ավելորդ է մանրամասնել, թե ինչպես այս նիստում բազմակի հաստատվեց, որ նախաքննական մարմինը բազմաթիվ կարեւոր հանգամանքներին եւ փաստերին առնչվող քննություն չի կատարել, սպանության վարկածով` ընդհանրապես, հինգ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներն էլ ավազե հիմքով տնակի նման են եւ այլն:
Երեկ տեղեկացանք երկու շատ կարեւոր փաստի մասին: Ի զարմանս ներկաների, դատարանում հայտարարվեց, որ Արտակ Նազարյանի վերադաս, վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Ուդումյանը, որն Արտակի սպանությունից մեկ օր առաջ վերջինիս սպառնացել էր, թե` «վաղը կգամ, հարցերդ կլուծեմ», բայց գործով չի ներգրավվել ոչ որպես կասկածյալ, ոչ էլ` մեղադրյալ, դեպքից մեկ-երկու օր հետո սպայական աստիճանի բարձրացում է ստացել` կապիտանի կոչում:Ավելին, նա այժմ ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանին է փոխարինում իր նոր պաշտոնում: Զինվորական գործին փոքր-ինչ տեղյակ մարդիկ գիտեն, որ սովորաբար որեւէ զորամասում արտակարգ դեպք գրանցվելուց հետո, ինչպիսին, օրինակ, Արտակ Նազարյանի հետ կատարվածն է, պատասխանատու սպայական կազմը ոչ միայն երկար ժամանակ կոչման բարձրացում չի ստանում, այլեւ ենթարկվում է ծառայողական քննության կամ զրկվում սպայական աստիճանից, կամ էլ` ընդհանրապես ազատվում աշխատանքից: Այս դեպքում բարձրագույն հրամկազմը խրախուսել է Գագիկ Ուդումյանին: Քրգործով նաեւ պարզ է, որ վաշտի հրամանատարը Հ. Մանուկյանի եւ Նազարյանի միջեւ 2010թ. հուլիսի 19-ին տեղի ունեցած վիճաբանությունից հետո իմանալով վերջինիս ձեռքերին առկա կապտուկների մասին, այդ մասին չի արձանագրել: Նա կարող էր արձանագրել թեկուզ մարտական հենակետում առկա կարգապահական անառողջ մթնոլորտի մասին, ինչը նույնպես չի արել:
Ընդամենը երկու օր առաջ, պատահմամբ, Արտակ Նազարյանի հարազատներն իմացել են, որ քննիչ Լեւոն Պետրոսյանի մայրը հայտնի հասարակական գործիչ, նախկինում անկախական, Ազգային միացյալ կուսակցության նախկին ակտիվիստ, ներկայումս «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շողիկ Ասոյանն է, որը դեռեւս 1960-ականներին եղել է Արտակի ծնողների` Սինար Նազարյանի եւ Հասմիկ Հովհաննիսյանի գաղափարական ընկերն ու համախոհը: Նրանք միասին ընդհատակյա պայքար են իրականացրել խորհրդային իշխանությունների դեմ` հանուն անկախ Հայաստանի: Երեկ Արտակի մայրը` տիկին Հասմիկը, դատարանի միջանցքում քննիչ Պետրոսյանին ասաց, որ նա, իմանալով, որ Արտակն իր մոր ընկերուհու զավակն է, պետք է հրաժարվեր այդ գործից` չմասնակցելով կեղծիքին ու նախաքննական մարմնի հանցավոր գործողություններին: Լեւոն Պետրոսյանն ասաց, որ ինքը մաքուր է Արտակի հարազատների եւ Աստծո առաջ: Սակայն, ինչպես տիկին Հասմիկն ասաց, քննիչը մի անգամ իր աշխատասենյակում ասել էր. «Տիկին Հասմիկ, էդ ի՞նչ ես ասում, գիտությունը դեռ չի ապացուցել, որ Աստված գոյություն ունի»:
Գագիկ Աղբալյան
Տավուշի մարզի թղթակից
http://armtimes.com/hy/read/36442
Տավուշի մարզի թղթակից
http://armtimes.com/hy/read/36442
No comments:
Post a Comment