Wednesday, September 26, 2012

Քննիչ Լևոն Պետրոսյանի հարցաքննությունը դատարանում

«Տարօրինակ» քննիչը

  • Իրավունք - 26 Սեպտեմբերի 2012, 10:19
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 25-ին շարունակվեց Արտակ Նազարյանի գործով դատավարությունը: Ավարտվեց որպես վկա հրավիրված քննիչ Լևոն Պետրոսյանի հարցաքննությունը, ինչը շարունակվում էր արդեն չորս դատական նիստ: Քննիչի հարցաքննության ավարտից հետո տուժող կողմը ևս մեկ անգամ հրապարակեց քննչական մարմնի թույլ տված սխալների ու կեղծումների վերաբերյալ փաստերը և հայտարարեց, որ կատարվել է հանցավոր նախաքննություն, որի արդյունքում «միտումնավոր սպանությունը» որակվել է որպես «ինքնասպանություն», և այդ համոզմունքը եռակի անգամ կրկնապատկվեց քննիչի հարցաքննությամբ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հարցրեց, թե ինչպես քննիչը կմեկնաբանի վկա Ռաֆայել Էվոյանի այն ցուցմունքը, որ երբ դեպքից անմիջապես հետո ինքը եկել է հենակետ, ամառային խոհանոցում տեսել է արյան թարմ հետքեր: Քննիչը նշեց, որ չի կարող պատասխանել տրված հարցին:
Քննիչի հաջորդ հետաքրքրաշարժ պատասխանը վերաբերում էր իրավապաշտպան Մարտիրոսյանի այն հարցին, թե ինչ հիմքերով է քննիչը պնդում, որ զինվորների դեմքներին հայտնաբերված կրակոցի լրացուցիչ գործոնների արգասիքները կարող էին մնալ շուրջ տասը օր: Քննիչը պատասխանեց, որ ինքը դասախոսությունների է մասնակցել և այդտեղից գիտի, սակայն չկարողացավ նշել այդ ինֆորմացիան հաղորդած անձի ով լինելը: Տուժող կողմի մյուս հարցը վերաբերում էր Նազարյանին մահվանից վեց ժամ առաջ հասցված վնասվածքներին:
Նշենք, որ ըստ նախաքննության, այդ ժամանակամիջոցում Նազարյանի կողքին գտնվել է միայն մեկ անձ` Գարեգին Սայադյանը, սակայն ըստ քննիչի, նա, կամ որևէ մեկ այլ անձ Նազարյանին վնասվածքներ չեն հասցրել: «Եթե Դուք չգիտեք, թե մահվանից ոչ շատ առաջ ով է մարմնական վնասվածք հասցրել Նազարյանին, ապա Դուք ինչպե՞ս եք գործը ուղարկել դատարան, ինչպե՞ս եք ապացուցված համարել ինքնասպանության վարկածը, եթե չգիտեք, թե ինչ է եղել Նազարյանի հետ նրա կյանքի վերջին վեց ժամերին», հարցրեց Ռ. Մարտիրոսյանը:
Քննիչ Պետրոսյանը պատասխանեց, որ ապացուցված է համարվել, որ այդ վեց ժամերին Նազարյանի նկատմամբ բռնություն չի կատարվել, իսկ առկա վնասվածքները կարող էին լինել սայթաքելու արդյունք: Սրան առարկեց տուժող կողմը` ասելով, որ անհեթեթություն է ենթադրել, թե բազմաթիվ մարմնական վնասվածքներն ու արյունազեղումները կարող էին առաջանալ սայթաքելու արդյունքում, բացի այդ, նույնիսկ ապացուցված չէ, որ Նազարյանը սայթաքել է և վնասվել:
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գևորգյանը և Արմինե Ղասաբողլյանը մի շարք հարցեր հղեցին վկային` կապված իրենց պաշտպանյալի` Արտակ Նազարյանի մահվան հանգամանքներին ունեցած առնչության հետ: Փաստաբան Հ. Գևորգյանը նկատեց, որ գործում առկա են բազմաթիվ հակասություններ, որ իր պաշտպանյալի մեղքը հաստատելու համար քննիչը դիմել է ցանկացած միջոցների` ընդհուպ մինչև փորձագետների հետ հանցավոր համաձայնությունների գալը:
Հրանտ Գևորգյանը հարցրեց նաև, թե ինչպես կարող էր իր պաշտպանյալ Հակոբ Մանուկյանը կանոնադրությամբ նախատեսված կարգով առկա խախտումների մասին զեկուցել իր վերադասին, երբ իրենց մարտական հենակետի կապը տեխնիկական պատճառներով ընդհատված էր: Քննիչը նշեց, որ կարելի էր զեկուցել նաև բջջային հեռախոսով, ինչին փաստաբան Գևորգյանն առարկեց` նշելով, որ օրենքը դա չի նախատեսում, և բջջային հեռախոսի առկայությունը պարտադիր չէր:
Ամբաստանյալներ Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի և Հարութիկ Կիրակոսյանի պաշտպան Ալվարդ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ինչու է քննիչը դատակոչման ցուցակում նշել հարևան հենակետի զինվորներին, սակայն չի դատակոչել Արտակ Նազարյանի հենակետի զինվորների մի մասին:
Քննիչը պատասխանեց, որ դա իրեն հետաքրքիր չէր: Փաստաբանը նշեց նաև, որ խախտվել են իր պաշտպանյալների պաշտպանական իրավունքները, վերջիններս պետք է տեղեկացվեին դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննությունների նշանակման վերաբերյալ: Սակայն փաստաբան Պետրոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացած տվյալներով համոզվել է, որ գործում նշված ժամանակամիջոցում քննիչը չի այցելել ամբաստանյալներին և չի տեղեկացրել վերոնշյալ փորձաքննությունների վերաբերյալ, ինչը նրանց իրավունքների կոպտագույն խախտում է: Քննիչը պատասխանեց, որ ինքը չի հիշում, թե որտեղ է տեղեկացրել ամբաստանյալներին այդ արձանագրությունների մասին, և դա կարող էր լինել նաև դատարանում:
Քննիչ Լևոն Պետրոսյանին հարցեր ուղղեցին նաև ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը, մեղադրող Հարություն Հարությունյանը և տուժող կողմի ներկայացուցիչները: Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը ևս քննիչի հարցաքննության վերաբերյալ հայտարարեց, որ կատարվել է թերի նախաքննություն, ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ենթադրությունների հիմքով: «Վկաների հարցաքննությունները կատարվել են իրավական նորմերի էական խախտումներով, և նրանց ցուցմունքները չեն գրվել իրենց խոսքերից», նշեց փաստաբան Գևորգյանը:
«Կիսատ-պռատ կատարված նախաքննության հետևանքով մեր պաշտպանյալները արդեն ավելի քան երկու տարի է գտնվում են անազատության մեջ», հայտարարեց մյուս ամբաստանյալներից երեքի պաշտպան Ալվարդ Մնացականյանը և հավելեց, որ քննիչի գործողությունների կապակցությամբ պաշտպանական կողմը հանդես կգա համապատասխան միջնորդություններով:
Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը ևս արձանագրեց քննչական մարմնի ապօրինությունների փաստը և միացավ տուժող և պաշտպանական կողմերի հայտարարություններին:
Մեղադրական կողմից հայտարարությամբ հանդես եկավ դատախազ Հարություն Հարությունյանը, որը նշեց, որ քննիչ Պետրոսյանը փորձել է հնարավորինս պատասխանել բոլոր հարցերին և բարձր գնահատեց վերջինիս գործողությունները:
«Քննիչ Պետրոսյանը ոչ մի հարցի ճիշտ պատասխան չտվեց, նրա բոլոր ասածները սուտ էին, շինծու և իրականության հետ ոչ մի կապ չունեն», դատախազի խոսքերին առարկեց Ռուբեն Մարտիրոսյանը:
Վերջում տուժող կողմը հանդես եկավ ինքնաբացրկի միջնորդությամբ, որը վերաբերում էր դատախազ Հարություն Հարությունյանին: «Որտե՞ղ էր պարոն Հարություն Հարությունյանը, երբ գործով քննիչը կազմում էր կեղծ արձանագրություն: Որտե՞ղ էր հսկող դատախազը, երբ նախաքննական մարմինն ապացուցված էր համարում, որ Արտակ Նազարյանը կարող էր ինքնասպան լինել, չունենալով փամփուշտ», ներկայացված միջնորդությունը հիմնավորում էր Ռուբեն Մարտիրոսյանը:
Այս միջնորդությունը կքննարկվի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:

http://www.lragir.am/index/arm/0/right/view/71817

No comments:

Post a Comment