Ոչ գաղտնին` գաղտնի՞
Արտակ Նազարյանի սպանության գործով հերթական դատական նիստն ընթացավ դռնփակ: Դատարան էին բերվել Բերդի ՌՈ-ի տրամադրած փաստաթղթերը` գաղտնի կոդով: Մինչ այդ, դատարանում ընթերցվեց ոստիկանության Սպիտակի եւ Հրազդանի բաժիններից ստացված ծանուցումներն այն մասին, որ դատակոչված վկաներ Հայկ Ասատրյանին եւ Համլետ Աղամիրյանին հնարավոր չէ բերման ենթարկել, որովհետեւ նրանք գտնվում են, համապատասխանաբար, ՌԴ-ում եւ ԼՂՀ-ում: Ինչ վերաբերում է նիստի դռնփակ հատվածին, ապա ուսումնասիրվել են Բերդի ՌՈ-ի կալանավորների վերաբերյալ գրանցամատյանները եւ հրամանների քաղվածքները: Սրանք որպես գաղտնի փաստաթուղթ ներկայացնելու փաստը զարմացրել էր դատավարության կողմերին: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի խոսքով` այս նույն տրամաբանությամբ կարելի է գաղտնի հայտարարել նաեւ ողջ դատաքննությունն ու սպանության մանրամասները: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դրանք ակնհայտ կեղծ փաստաթղթեր են, որոնց նպատակն է` կեղծել նախաքննական մարմնի հանցագործությունները: «Մտածված կերպով գաղտնի են դարձրել, որ մենք իրավունք չունենանք դրանք պատճենել կամ փորձաքննության ուղարկել»,- ասաց Ռուբեն Մարտիրոսյանը: «Պետական մեքենան լծված է կեղծ փաստաթղթեր սարքելու գործին, հանցանքը կոծկելու համար կատարում են նոր հանցանք»,- ասաց պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Ռուբեն Մարտիրոսյանը նիստի ընդմիջումներից մեկի ժամանակ նաեւ ասաց, որ Բերդի ՌՈ-ն դատարան էր ուղարկել գրանցամատյաններ, որոնք երկու տարի առաջ լրացվածի տեսք չունեն, ասես` այս դատաքննության համար են լրացվել: Ավելին, նա պնդեց, որ գրանցամատյանի էջերի վրա թանաք էր թափված, որը դեռ թաց էր:
Գագիկ Աղբալյան
Տավուշի մարզի թղթակից
Տավուշի մարզի թղթակից
No comments:
Post a Comment